«Էստի համեցեք»… ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն ձերբակալում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած անձանց
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
«Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ, ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ, ավելի ճիշտ, ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն՝ ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Ն. Փաշինյանը:
Այս խոսքերն ասել է ՀՀ վարչապետի աթոռը դե յուրե զբաղեցնող մարդը: Հանգիստ խոսում է այն մասին, որ ՀՀ տարածքում են գտնվում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, հետո երկար նկարագրում է՝ ինչ պետք է անեն, դե, իսկ այնուհետ էլ անցնում իր ամենասիրած՝ նախկինների թեմային: Կապ չունի, որ հիմա 2018 թիվը չի, ինքն ու իր իշխանությունը հանձնել են Արցախի 75 տոկոսը, հիմա էլ անցել են Սյունիքից կտորներ տալուն, բայց էլի մեղադրում են նախկիններին:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով, և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք, և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Նկատենք, որ այս խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանն «էստի համեցեք»-ով, առանց որևէ կրակոցի՝ հանձնել է Քարվաճառը, Քաշաթաղն ու Ակնան, վտանգի տակ դրել մեր ջրային պաշարները, զրոյի հավասարեցրել տնտեսական ներուժն ու զարգացման հեռանկարները, դարձել շուրջ 5000 երիտասարդ կյանքերի գերեզմանափորն ու 10.000-ից ավելի կործանված վիրավոր մարմինների ճարտարապետը: Ու այս մարդը դեռ բարոյականություն ունի խոսել նախկիններից ու այլոց մեղադրել նախ՝ Արցախը, հիմա էլ՝ Սյունիքի դարպասները թուրքի առաջ բացելու մեջ:
Այս ամենի զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանեց՝ բանակցություններն արդյունք չեն տվել, և ամեն ինչ անփոփոխ է:
Իշխանությունների ամբողջ կատաղությունն ու անմեղսունակությունը, սակայն, ունի մեկ պատճառ. իրականում, Արցախյան վերջին՝ 44 օր տևած պատերազմի տխուր օրինակն աչքների առջև ունենալով, մարդիկ չեն հավատում պաշտոնական տեղեկատվությանը և ինքնուրույն են փորձում տարբեր աղբյուրներից հասկանալ տեղի ունեցածը, և այն, թե դեռ էլի ինչեր են տեղի ունենալու:
Եվ չլիներ ԶԼՄ-ների և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների բարձրացրած աղմուկը, հնարավոր է՝ այսօր արդեն Իշխանասարն էլ, Սև լիճն էլ ծածկված կլինեին ադրբեջանական դրոշներով: Մինչդեռ լրատվամիջոցներին առաջին օրը մեդիատեռորի մեջ մեղադրելուց հետո ուսապարկերի իշխանությունը ստիպված էր ընդունել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքեր են բնավորվել:
Բայց այստեղ արտառոցն այն է, որ իշխանություն կոչվածները փոխանակ համապատասխան միջոցառումներ ձեռք առնեն ՀՀ պետական սահմանն ապօրինաբար հատած անձանց նկատմամբ, բանակցում են, որ նրանք դուրս գան: Այսինքն՝ ինքը չի բանակցում, բանակցում է Արցախում ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Պետական սահմանն ապօրինաբար հատելը կոնկրետ հանցակազմ է, որը նկարագրված է ՀՀ Քրեական օրենագրքում, և սահմանախախտներին նախ ձերբակալում են, հետո քրեական գործ են հարուցում, ապա կալանավորում են ու անցնում քրեական գործի նախաքննությանն ու հետագայում արդեն՝ դատաքննության փուլին, մինչև վճռի հրապարակում:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ապօրինի սահմանահատման հոդվածով 25 անձինք են պահվում, և անհասկանալի է, թե մայիսի առնվազն 13-ից մինչ օրս ինչո՞ւ այդ թիվը չի համալրվում մի քանի հարյուրով:
Ի դեպ, մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ:
Դատախազությունում նախ ընդունել են, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը:
Հետագայում, իհարկե, պարզվեց, որ միայն Սյունիքում չի գրանցվել սահմանախախտության դեպք, այլ նաև Գեղարքունիքում:
«Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով, նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և իրենց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլատրում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների մասին, բնականաբար, ոչ մի խոսք: Այսինքն՝ սահմանախախտները ՀՀ ՔԿՀ-ներում ինչպես 25-ն էին, այնպես էլ մնացել են 25-ը: Հետաքրքիր է՝ ինչ են արել այս 25-ը, որ գտնվում են ազատազրկման վայրերում, և ինչ չեն արել Սյունիք ու Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները, որ դեռևս գտնվում են ազատության մեջ: Եվ սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք հարյուրավոր գերիներ, որոնց փոխանակելու համար ադրբեջանցի սահմանախախտների ձերբակալութունը կարող էր հարմար դիտարկելի տարբերակ լինել՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքը պահպանելով:
Փաստացի ունենք իրավիճակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած անձանց իրավապահ մարմինները չեն ձերբակալում՝ ինչ-ինչ նկատառումներից ու հաշվարկներից ելնելով:
Իսկ թե որտե՞ղ է թաքնված շան գլուխը, կարծում ենք, դժվար չէ կռահել: