200 զինվորական խախտում է քո սահմանը և դու ի վիճակի չես այդ հարցը լուծել, սա արդեն պետության ամոթի ու խայտառակության նշան է. փորձագետ. «Փաստինֆո»
Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ անկարող և անդամալույծ իշխանություն ունենք, որն ամբողջ անվտանգային համակարգը ոչնչացրել է և նստած տեղը չգիտի՝ ինչ անի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Վերջինս նկատեց՝ ընդամենը 200 ադրբեջանցի զինվորական խախտել է մեր պետական սահմանը, սակայն ամբողջ պետական համակարգը, այդ թվում Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն ի վիճակի չեն հարցին լուծում տալ։
«Դիմում են այստեղ ու այնտեղ և էլ ավելի ամոթալի իրավիճակ ստեղծում։ Դիմում են ՀԱՊԿ-ին, իբր թե մեր դեմ հարձակում է եղել։ Ինչու եմ ասում իբր թե, որովհետև ՀԱՊԿ-ի և նմանատիպ կառույցների հետ մեր պայմանագրերը հուշում են, որ պետք է դիմել այն դեպքում, երբ ինչ-որ ոչ սիմետրիկ հարձակում է եղել պետության վրա։ Այսինքն ուժեղ երկրի կողմից, բայց որ 200 զինվորական խախտում է քո սահմանը և դու ի վիճակի չես այդ հարցը լուծել, սա արդեն պետության ամոթի ու խայտառակության նշան է։ Իսկապես շատ ամոթ է, որ մենք այդ հարցն ի վիճակի չենք լուծել և փորձ էլ չի արվում, իսկ ՀԱՊԿ-ին դիմելը ոչ այնքան խնդրի լուծմանն ուղղված քայլ է, այլ իմ խորին համոզմամբ Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքելու գործողություն»,-նշեց փորձագետը։
Արմեն Մանվելյանի խոսքով, եթե չլինեին ներկայիս իշխանությունները, ապա ցանկացած այլ իշխանության դեպքում այս հարցը վաղուց լուծված կլիներ և ադրբեջանցի զինվորները վաղուց լքած կլինեին տարածքը կամ պարզապես շրջափակման մեջ կգտնվեին շրջապատման. «Հայկական զորքերը կփակեին մուտքն ու ելքը։ Այդ ժամանակ ինչքան էին այդ սարի գլխին մնալու սոված ու ծարավ։ Արդեն Ադրբեջանը կդիմեր, որ միջանցք տրամադրեինք, որ հեռանային այնտեղից։ Իսկ լավագույն ճանապարհը գերի վերցնելը և մեր գերիների հետ փոխանակելը կլիներ։ Նման քայլեր կարող էր ձեռնարկել իսկապես ազգային կառավարելու ունակ իշխանությունը։ Սրանք ապիկար իշխանություն են, ոչինչ չեն կարող անել։ Ցավալին այն է, որ նրանք ընդամենը փորձում են իրավիճակից օգտվել Հայաստանում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու համար»,-ասաց փորձագետը։
Դիտարկմանը, որ այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց միայն մեկ օր անց, մինչդեռ երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիք էր այցելել և ակցիաներ էին կազմակերպվել, անմիջապես նրա այցից հետո քրեական գործեր էին հարուցվել և սյունեցիների էին բերման ենթարկել, Արմեն Մանվելյանը նկատեց՝ երբ անձամբ իշխանություններին է պետք, ամբողջ իրավապահ համակարգն աշխատում է։
«Գիշերով մարդկանց առևանգում են տներից, տասնյակ հազարով ոստիկաններ են գալիս լցվում այս կամ այն գյուղը, գյուղապետին են ձերբակալում։ Սա իրենց իշխանությունը պահելու համար է։ Այս տարիների ընթացքում Հայաստանի իրավապահ համակարգը որպես ուժային համակարգ ոչնչացվեց։ Նրանք ընդամենը մեկ մարդու անձնական սպասարկման համար են»,-նշեց Արմեն Մանվելյանը։
Վերջինս կարծում է, որ եթե նույնիսկ ադրբեջանցիները մի քանի օր հետո հետ վերադառնան, միևնույն է սա նրանց կողմից առաջին փորձնական քայլն էր՝ ցույց տալու, որ կարող են հանգիստ, քայլ առ քայլ, կմ առ կմ առաջ գալ և իրենց դիրքերը դնել. «Եթե այս անգամ մի շաբաթ մնան ու գնան, մյուս անգամ կգան ու էլ չեն էլ գնա։ Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, ապա ամբողջ հարավը կկորցնենք, հետո ընդհանրապես ամբողջ Հայաստանը կկորցնենք»,-ամփոփեց փորձագետը։