Արևմուտքը ցանկանում է ինքը կարգավորել ստեղծված իրավիճակը․ Մալաշենկո

«Սահմանի իրավիճակի շուրջ ևս դրսևորվում է աշխարհաքաղաքական պայքար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված աննախադեպ սահմանային միջադեպին։

Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ ադրբեջանցի զինվորականները խախտելով ՀՀ պետական սահմանը՝ մուտք են գործել ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, նոր դիրքերում հաստատվելով և դա պատճառաբանելով՝ որպես Ադրբեջանի սահմանի վերականգնում։ Այնինչ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, իրավիճակին են ակտիվորեն անդրադառնում Միացյալ Նահանգների Պետդեպն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով առաջարկում է խնդիրը քննարկել ՄԱԿ ԱԽ-ում։

Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակի շուրջ աշխարհաքաղաքական դասավորությունը շատ ուշագրավ պատկեր է ցույց տալիս։ Նշված իրավիճակը, որին ՀԱՊԿ-ն ինչ-որ կերպ կարձագանքի, հաշվի առնելով ՀԱՊԿ անդամ երկրի սահմանի հետ կապված հարցը, նրա խոսքով, հնարավորություն է տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիային ու Միացյալ Նահանգներին իրենց ակտիվ արձագանքներով ներգրավվել խնդրի կարգավորմանը՝ որոշակի աշխարհաքաղաքական ներկայություն ապահովելով տարածաշրջանում։

«Չեմ կարող ասել, թե ՀԱՊԿ-ն ինչ արձագանք կտա, քանի որ ռազմական ագրեսիա կատեգորիան այստեղ գուցե ՀԱՊԿ ոչ բոլոր անդամ երկրների դեպքում ընդունելի լինի, սահմանային խնդիր է, որը պետք է լուծվի բանակցություններով։ Ինչպես հասկանում եմ, երկու կողմն էլ դրան են հակված, սակայն իրավիճակը երկարաձգվում է, ինչը լավ չէ։ ՀԱՊԿ-ը կամ Մոսկվան այստեղ միջնորդական ջանքերով պետք է հանդես գան։ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, որևէ հարցում միատարր չէ, և բոլորը դա գիտեն»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, ակտիվ չմիջնորդելն այս փուլում կարող է կապված լինել երկու կողմերին շփման մղելու ցանկությանը, քանի որ բոլոր նման հարցերը Մոսկվան չի կարող կարգավորել։

Ինչ վերաբերում է Արևմուտքին՝ Մալաշենկոն ասաց, որ Արևմուտքը ցանկանում է մասնակցել և որոշակի բալանս բերել տարածաշրջան, քանի որ պատերազմից հետո դուրս են մղվել հակամարտության գոտուց։

Նրա խոսքով, այս իրավիճակի շուրջ ևս դրսևորվում է աշխարհաքաղաքական պայքար։

«Ինչո՞ւ ոչ, կցանկանային այս հարցը կարգավորել՝ իրենք նախաձեռնությունը փորձելով վերցնել իրենց ձեռքը կամ գոնե մասամբ դա անել։ Հարցը ՄԱԿ ԱԽ նիստ տանելն այդ տրամաբանության դրսևորումն է։ Թե ինչ առարկայական արդյունք կարող է տալ, կդժվարանամ ասել, քանի որ սա պարզապես բանակցությամբ պետք է լուծել, բայց ուժային բալանսի վրա կազդի»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս