«Ինչ կար, նույնն է, որևէ բան չի փոխվել». Գեղարքունիքում սպասում են Սյունիքի շուրջ բանակցություններին

Վերին Շորժայում իրավիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շեորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը։

«Ինչ կար, նույնն է, որևէ բան չի փոխվել։ Առաջին անգամ, երբ բանակցություններ էին ընթանում, որպեսզի թշնամին հետ գնա, ես մասնակցում էի, հիմա տեղյակ չեմ՝ բանակցություններ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Նա նշեց, որ այլ տեղեկության չի տիրապետում, չգիտի՝ թշնամին 2 կիլոմե՞տր է առաջ եկել, թե՞ ավելի շատ։

«Ես ինչ գիտեի՝ ասեցի, մնացածը չգիտեմ, որևէ բան չի փոխվել։ Այս պահին ես շատ եմ զբաղված, այսքանը միայն կասեմ»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ տեղեկացրեց, որ գլխավոր բանակցությունները տեղի են ունենում Սյունիքում։

«Մեզ մոտ, մեր սպաները որոշակի դիրքերի հետ կապված իրենց հետ առաջին օրվանից էլ բանակցել են, մնացածի վերաբերյալ սպասում ենք Սյունիքում բանակցություններին։ Այդ բանակցությունները վերաբերում են նաև Գեղարքունիքի հատվածին»,- նշեց Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախատելով հայ-ադրբեջանական սահմանը Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եղել, պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար չի հեռանում։

Տեսանյութեր

Լրահոս