Հայ զինծառայողները՝ շրջափակման մե՞ջ. Վարդենիսի համայնքապետը լուրը չի հաստատում, հորդորում է հարցերով դիմել կառավարություն
168.am-ի տեղեկություններով Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ թշնամին մտել է հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածք և բավական երկար ժամանակ է, ինչ թվով 31 զինծառայողներ գտնվում են շրջափակման մեջ։
Ըստ մեր աղբյուրի՝ թշնամին Խորհրդային Միության Հայաստանի տարածքից 2 կիլոմետր առաջ է եկել։ Տելեգրամային որոշ ալիքների հաղորդմամբ՝ թվով 20 զինծառայողներ են շրջափակման մեջ հայտնվել:
168.am-ը լուրը փորձեց ճշտել Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանից, վերջինս ասաց. «Մի քիչ առաջ մեզ տեղեկություններ հասան, բոլոր դիրքերի հետ կապ ենք հաստատել, հիմա մենք շտաբում ենք՝ համայնքապետարանում, ոչ մի տեղից այդ լուրը չհաստատեցին, անձամբ ես եմ խոսել։
Դիրքավորված են և մյուս կողմը, և մեր կողմը։ Երեկ էլ եմ ասել, որ դիրքերը մեկ գծով չեն՝ ուղիղ գծով չեն, հասկանում ենք՝ մեկը մյուսի թիկունքում։ Տեղեր կան, որ մենք ենք իրենց թիկունքում, տեղեր կան, որ իրենք են մեր թիկունքում»։
Նա նաև հավելեց՝ վատ է, որ բոլոր խոսակցությունները Վերին Շորժայի հետ են կապում, քանի որ այն, ինչ կատարվում է Վերին Շորժա բնակավայրից 7 կիլոմետր հեռու է։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Սյունիքի մասով բանակցությունները կվերսկսվեն վաղը, Գեղարքունիքի մասով այդ բանակցությունները ե՞րբ են սկսվելու, թե՞ Սյունիքի բանակցությունները բոլոր տեղանքներին է վերաբերում, Արամ Մելքոնյանը խորհուրդ տվեց հարցի շուրջ պարզաբանում ստանանք վարչապետի աշխատակազմից։
«Իրավասու չեմ նման հարցի պատասխանել, քանի որ դա կարող է նաև գաղտնիության տարր պարունակել»,-եզրափակեց Վարդենիսի համայնքապետը։