Մինչև պատերազմը՝ տարիներ շարունակ Ալիևն ուրիշ դեմքի արտահայտություն ուներ. Տիրան Լոքմագյոզյան

Պաղեստինաիսրայելական հակամարտության սրացման ֆոնին թուրք-իսրայելական հարաբերությունների լարումը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը բնական է համարում՝ հաշվի առնելով Էրդողանի ստանձնած՝ «մուսուլմանների պաշտպանի» դերը:

«Ինքն իրեն տարածաշրջանի իսլամների՝ հատկապես սուննիների պաշտպան հռչակած Թուրքիան, այս դեպքում՝ Էրդողանը, առաջին անգամը չէ, որ միջամտում է հօգուտ պաղեստինցիների, սակայն, ինչպես նախկինում, այսօր՝ էլ ավելի շատ, իր քաղաքականությունն առաջ տանելու նպատակներ ունի։ Չմոռանանք նաև, որ դեռ թարմ է Էրդողանի այն հայտարարությունը, երբ ասեց, որ Երուսաղեմը թուրքական է եղել, Օսմանյան կայսրության մաս է կազմել՝ այդպիսով ազդանշան տալով, որ այդտեղ խոսելու, անգամ ինչ-որ բաներ որոշելու տեղ ունեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ երկու երկրների միջև լարվածության առավել լրջացումը քիչ հավանական է, որովհետև իսրայելաթուրքական հարաբերությունները տնտեսական-ռազմական, քաղաքական ավելի ամուր հիմքերի վրա են դրված և ավելի կարևոր են Թուրքիայի համար, քան մուսուլման պաղեստինցիների հարցը։

Անդրադառնալով մեր տարածաշրջանում Թուրքիայի ստանձնած դերակատարմանը, թուրք-ադրբեջանական նկրտումներին՝ մասնավորապես՝ Սյունիքում միջանցք ստանալու հետպատերազմյան իդեա-ֆիքսին՝ թուրքագետը նկատեց. «Թուրքիայի հարյուրամյա երազանքն է Հայաստանի ինչ-որ տարածքով իրեն պատկանող մի ճանապարհ ունենալ, որն իրեն կկապի Արևելքի հետ, ինչը շատ կարևոր կամուրջ կլինի իր պանթուրքիստական, թուրանական երազանքն իրականացնելու համար։ Արդեն վեց ամսից ավել է՝ տպավորություն է, որ Ալիևն ամեն օր ծնունդ է տոնում, տեսնում եք իր դեմքի արտահայտությունը. մինչև պատերազմը տարիներ շարունակ ուրիշ դեմքի արտահայտություն ուներ։ Եվ քանի որ այժմ ստանում է ամեն ինչ՝ ինչ ցանկանում է, նաև Թուրքիայի օգնությամբ, նպատակ ունի ստանալ ավելին՝ քանի այդ հանձնողը գոյություն ունի: Այդ պատճառով այսօր ինքը մի քիչ ցայտնոտի մեջ է, որովհետև վախենում է, որ այս իշխանությունը կգնա»։

Ճշգրտող հարցին, թե երկրի ղեկավարի փոփոխության դեպքում հնարավո՞ր է կասեցնել միջանցքի ծրագիրը՝ Տիրան Լոքմագյոզյանը պատասխանեց. «Հնարավոր է, իհարկե, Լավրովն էլ նշեց կամավոր սկզբունքների մասին։ Այսինքն՝ եթե Հայաստանը կամավոր կերպով տա այդ միջանցքը, կտա, եթե չտա, ուրեմն չի տա։ Իսկ ինձ թվում է՝ այսօրվա իշխանությունից բացի՝ ոչ մեկը նման քայլի չի գնա»:

Հարցադրումներին՝ արդյո՞ք դա չի համարվի եռակողմ համաձայնության խախտում, կամ չեղարկումը չի՞ ենթադրում հրադադարի խախտում՝ թուրքագետը պատասխանեց. «Այդ որոշումները բոլորը կարող են չեղարկվել, քանի որ չունեն պայմանագրի ուժ: Հրադադարը այլ բան է, այս պայմանավորվածությունները՝ այլ։ Օրինակ, տեսեք, Ադրբեջանը չի տալիս մեր ռազմագերիներին՝ դա հրադադարի խախտում չէ՞, մինչդեռ մեր կողմն այդպես չի որակում»։

Հիշեցնենք՝ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հերթական անգամ պնդել էր՝ 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքը», որն իրենց բաժանում է Նախիջևանից, կբացվի: Ավելին՝ նա վստահեցրել է՝ հարցը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերից մեկն է: «Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգելանի միացումը մեր հինավուրց հողին՝ արևմտյան Զանգեզուրին, այնուհետև՝ Օրդուբադի միջոցով Նախիջևանին և Թուրքիային, լինելու է մեր հաջորդ պատմական ձեռքբերումը»,- նշել էր Բաքվի բռնապետը։

Նկատենք՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի ավելի վաղ արված հայտարարություններին, մասնավորապես՝ միջանցքի հարցը ուժով լուծելու սպառնալիքին երևանյան այցի շրջանակներում անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման որոշումները կարող են լինել միայն կամավոր՝ փոխշահավետության հիմքով։

Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրել էր՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան: «Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի» մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին: Որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր հրապարակված փաստաթղթերի, կարող է արժանանալ, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքով, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով՝ և՛ բուն Ադրբեջանի տարածքով, և՛ Նախիջևանի տարածքով: Իսկ կոմունիկացիաների բացումը բոլորովին ուրիշ խնդիր է»,- ասել էր նա Սյունիքի մարզպետարանում։

Տեսանյութեր

Լրահոս