«Փաշինյանի համար որևէ լուծում մահ է. ռազմական դրությամբ ընտրություն չեղարկելու փորձը՝ առավել վտանգավոր». Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր Սյունիքում ադրբեջանցիների հրահրած սահմանային լարվածությունը համարում է Հայաստանում թևածող անիշխանության հետևանք, ինչի պատճառով էլ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի է ունեցել ոտնձգություն, ինչին դիմակայող չի եղել, իսկ դրա արդյունքում ադրբեջանական հրոսակախմբերը կարողացել են ներթափանցել Սյունիքի թիկունք՝ 3 կմ խորությամբ, ինչն ահռելի տարածք է։
«Հենց այստեղ է, որ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են գտնվել մեր սահմանապահները, մեր բանակը և ամենակարևորը՝ իրեն պետության ղեկավար հռչակած այն մարդը, որը հայտարարում էր, թե Սյունիքի սահմանները պաշտպանված են ու այդ սահմաններից որևէ միլիմետր չի զիջվել թշնամուն։ Հայաստանի տարածքը համարվում է ՀԱՊԿ անդամ պետության տարածք, ցանկացած ոտնձգություն այդ տարածքի նկատմամբ հավասարազոր է լինելու ՀԱՊԿ-ի տարածքի նկատմամբ ոտնձգության։ Պետք է գիտակցել, որ հիմա մենք անտեր ենք, 30 տարվա կառուցած բանակը կազմաքանդեցին 3 տարում՝ ունենալով մեկ նպատակ՝ Հայաստանն ամբոջությամբ ենթարկեցնել թուրք-ադրբեջանական տանդեմին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սյունիքում սահմանային լարվածությանը, նման տեսակետ հայտնեց Արթուր Ղազինյանը։
Հարցին՝ եթե այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը Հայաստանում և այդ տանդեմի կողմից ունի հստակ աջակցություն, այդ դեպքում հնարավո՞ր է, որ Սյունիքում սահմանային լարվածությունն Ադրբեջանը սադրել է, որպեսզի վերջինս կարողանա չեղարկել արտահերթ ընտրությունները՝ երկրում ռազմական դրություն հայտարարելով՝ ընտրությունները չեղարկի, Արթուր Ղազինյանը պատասխանեց.
«Նրանք իրենց գործակալին նշանակել են ՀՀ-ում ղեկավար։ Մենք այսօր ունենք այն վիճակը, որ նախկինների լոզունգների ներքո տեղի է ունենում ՀՀ-ի կազմաքանդում։ Այսօր դրա հետևանքով է, որ հակառակորդը 3 կմ ներխուժել է Սյունիք, դե եթե դա արել են, ի՞նչն է խանգարելու նրանց քշել ու հասնել մինչև Երևան։ Հարց է առաջանում, թե մենք ինչպե՞ս ենք քնելու Երևանում։ Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերը նշված եղանակով չեղարկելուն, ապա Փաշինյանը պետք է գիտակցի՝ ցանկացած լուծում իր համար մահ է, արտահերթ խորհրդարանական ընտրության չեղարկումը՝ առավել վտանգավոր՝ իր համար, եթե խուսափի ընտրություններից ու հայտարարի ռազմական դրություն իր գործընկեր երկրների կողմից հատուկ պլանավորված սահմանային սադրանքի հետևանքով, ապա այլևս կգնան բոլորովին այլ զարգացումներ»։
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարի փոխանցմամբ՝ այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, պետք է առոչինչ հայտարարել, քանի որ Հայաստանի ինքնիշխան տարածքից մեկ անձի կամայական որոշումներով հանձնվել է Ադրբեջանին, հետևաբար, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանն ու իր թիմը պատասխանատվության կենթարկվեն, իսկ նոր իշխանությունը կզրոյացնի այն գործընթացները, որոնք անկախ Հայաստանի սահմանների վերաբերյալ տեղի են ունեցել այս 6 ամսվա ընթացքում։
Հարցին՝ այսինքն՝ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությամբ ադրբեջանական զորքերին հանձնված Սյունիքի ռազավարական դիրքերը նոր իշխանությունը ե՞տ է պահանջելու, Ղազինյանը պատասխանեց.
«Միանշանակ, ուրիշ ճանապարհ չկա։ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է գտնվի ՀՀ Կառավարության վերահսկողության ներքո։ Դրա համար պետք է ուժեղացնել բանակցային դիրքերը, գնալ բանակցելու և դնել պահանջ՝ անհապաղ դուրս գալ ՀՀ-ի սահմաններից, իսկ եթե ոչ, ապա պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր հայրենիքը, որովհետև պատմությունը ցույց տվեց ՝«եկեք Արցախը զիջենք, հանգիստ ապրենք» թեզը կենսունակ չէ, որովհետև հակառակորդի նպատակը Սյունիքն է, Մեղրին։ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հայաստանի հարավն էր ամբողջությամբ, նրանք պատրաստ էին մեզ նվիրել Արցախը՝ հանուն Սյունիքի»։
Ղազինյանը նաև հավելեց՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու հրամայականից ելնելով է, որ պետք է քաղաքացին պետության առաջնորդ դիտարկի Ռոբերտ Քոչարյանին։
«Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում Փաշինյանի ոտքի տակ գառ մորթելու տեսարանին, ապա պետք է ասեմ, որ հունիսի 21-ին, եթե Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց երկրի ղեկավար, ապա Գեղարքունիքում կրկնակի ավելի ոչխար են մորթելու նրա ոտքերի տակ»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում