Ինչպե՞ս են իրենց քաղաքական ուժի շանսերը գնահատում իշխող ուժի ներկայացուցիչները

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
«Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, մինչև ժամը 18։00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը, մինչև ժամը 18։00-ն»,- նիստին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին ստորագրել է Ազգային ժողովն արձակելու և ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը։

Քաղաքական տարբեր ուժեր արդեն հստակեցրել են իրենց մասնակցության ձևաչափն ու ծրագրային հիմնական դրույթները, իսկ քաղաքագիտական շրջանակներից արդեն հնչել են վստահեցումներ, որ Երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» և Երրորդ նախագահի մասնակցությամբ «Պատիվ ունեմ» դաշինքները համարվում են հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք դիմակայելու են գործող իշխանությանը։

Թե ինչ ակնկալիքներով է ընտրության գնում իշխող ուժը` 168.amը հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող արդեն նախկին պատգամավորներից։

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ Հայաստանի ողջ տարածքում ունեն ավելի քան բավարար մարդկային ռեսուրս՝ համակիրների, կուսակցության անդամների, աջակիցների, որպեսզի կարողանան նախընտրական մրցապայքարում ժողովրդին ներկայանալ համապատասխան մակարդակով։

Թե կոնկրետ քանի տոկոսի ակնկալիք ունի նախկին պատգամավորն իր քաղաքական ուժի դեպքում՝ հարցին նա պատասխանեց․ «Բնականաբար, և՛ իմ, և՛ իմ կուսակից ընկերների գնահատականը պետք է դիտարկել որպես սուբյեկտիվ գնահատական, այդուհանդերձ, մենք հավակնում ենք 50-ից ավել տոկոս վստահության արժանանալու ժողովրդի կողմից»։

Ճշգրտմանը՝ արդյո՞ք ԱԺ նախկին պատգամավորին չի վախեցնում այն ակնհայտ հիասթափությունը, որը հաճախ արձանագրվում է, և դիտարկմանը, թե տարբեր քաղաքացիներ նշում են՝ ընտրել են, բայց այժմ դժգոհ են, որ օբյեկտիվ պատճառներով՝ պատերազմ, գնաճ և այլն, արդեն վստահություն չունեն իր քաղաքական ուժի հանդեպ՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց․

«Մենք գիտենք, որ մեր հայրենակիցների մեջ կան քաղաքացիներ, որոնք եղել են մեր համակիրները, բայց հետո ինչ-ինչ պատճառներով կորցրել են մեր նկատմամբ վստահությունը․ նաև դա է հանդիսացել հանգամանք, որպեսզի մենք գնանք այդ փորձությանը, որովհետև այդ ամենը չափելի չէ․ չես կարող չափել, ճշգրիտ իմանալ, թե քաղաքացիների որ հատվածն է, կամ քանի քաղաքացիներ են, որ մեր նկատմամբ փոխել են իրենց գնահատականը։ Իսկ այդ գնահատականը ճշգրտելու համար հենց նախատեսված են ընտրություններ․ մենք նաև այդ քաղաքացիների նկատմամբ հաշվետու լինելու պատասխանատվության զգացումով է, որ գնացինք այս քայլին,  և կազմակերպվում են, փաստորեն, ԱԺ արտահերթ ընտրություններ»։

Վահե Ղալումյանը չցանկացավ կոնկրետ տոկոսներով գնահատել իրենց կուսակցության շանսերը, բայց նշեց․ «Համոզված եմ՝ ամենամեծ շանսերը մենք ունենք և կհաղթահարենք»։

Անդրադառնալով ընտրություններին փորձված քաղաքական ուժերի ներկայությանը՝ ԱԺ նախկին պատգամավորը նկատեց․ «Այն համակարգը, որտեղ իրենց փորձառու էին համարում, այսօր չի գործում․ այսօր բավականին  ուրիշ ընտրական համակարգ է գործում, որտեղ իրենց փորձառությունը պետք է հավասարեցնել զրոյի»։

Հարցադրումներին՝ արդյոք Ձեզ չե՞ն մտահոգում այն անվտանգային խնդիրները, որոնք, փաստորեն, այս իշխանության օրոք ծառացան հասարակության առաջ, և շատ քաղաքացիներ՝ հատկապես Սյունիքի մարզում, ակնհայտ դժգոհություն հայտնեցին այս առնչությամբ․ չե՞ք կարծում, որ գուցե այս դիտանկյունից ձախողվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը՝ Վ․ Ղալումյանը պատասխանեց․

«Ընդհանրապես բոլոր խնդիրներն են մեզ մտահոգում․ առավել ևս՝ անվտանգային համակարգի հետ առնչվող խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։ Այո՛, այդ խնդիրներն առաջացել են մեր իշխանության օրոք, բայց դրանցից շատերը մեզնից հենց կախված չեն եղել։

Սյունիքի հետ կապված հարցը, կարծում եմ, որ այսօր պետք չէ առանձնացնել այն խնդիրները, որոնք Սյունիքիում առաջացել են, կոնկրետ Տավուշի մարզը երեսուն տարի շարունակ այդ խնդիրներով է ապրում՝ լինելով սահմանամերձ»։

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ շանսերը գնահատելու համար պետք է նայել որոշակի սոցիալական հարցումների պատասխաններ, բայց կարծում է՝ «չնայած կառավարման դժվար տարիներին և առկա որոշակի հիասթափությունների ֆոնին՝ ամեն դեպքում, կառավարող ուժը պահել է իր ընտրազանգվածը»։

«Հետևաբար՝ ես կարծում եմ, որ մեր թիմի շանսերն անհամեմատ ավելի բարձր են, քան հայտ ներկայացնող կամ ներկայացնելիք այլ քաղաքական ուժերի»,- հավելեց Հ․ Տիգրանյանը։

Պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին է համարում հիմնական մրցակից՝ նա ասաց․ «Մրցակից տեսնում եմ այս պահին միայն խորհրդարանական ընդդիմությանը․ այլ լուրջ մրցակիցներ ես քաղաքական ասպարեզում այս պահին չեմ տեսնում»։

Տեսանյութեր

Լրահոս