«Հիմա երբ Ադրբեջանը մեզ վրա բռունցք է բարձրացնում, մենք ավելի բարձր պետք է բարձրացնենք մեր բռունցքը». Շուշիի քաղաքապետ
Ադրբեջանական կայքերը մայիսի 7-ին գրել էին, որ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»։
Ադրբեջանի կողմից հայկականը յուրացնելու կամ ոչնչացնելու այս քաղաքականությունն արցախցիներին չի հուսահատեցնում, քանի որ արդեն գիտեն, եթե հայկական որևէ տարածք հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, նա անմիջապես ձեռնամուխ է լինում այն ոչնչացնելու, սեփականաշնորհելու գործին ու հետո էլ պարծենում է, թե մշակույթ ունի։
168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշեց, որ երբեք չեն հուսահատվում, վստահ են՝ մի օր Շուշին վերադարձնելու են և նրա վրայից թափ տան ադրբեջանական վայրագությունների փոշին։
«Շուշին մերն է եղել, մերն էլ մնալու է, ճիշտ է, այժմ քանդում են, սկսած եկեղեցիներից՝ ձևափոխում են, յուրացնում, սակայն գիտենք, որ Ադրբեջանն այլ կերպ չէր կարող վարվել իր կողմից օկուպացված Արցախի տարածքների հետ։ Թշնամին լկտիացել է, իսկ աշխարհը լուռ է, չի բռնում նրա ձեռքը, այդ պատճառով էլ անարգել ամեն քայլի գնում է։ Դե զարմանալի չէ, որ նման հրամանագիր է ստորագրվել, եթե մենք լռենք, այլ հրամանագրեր էլ կարող են ստորագրել։ Մենք թշնամու պատասխանը պետք է տանք այնպես, ինչպես հարկն է, հանդես գանք համապատասխան հայտարարություններով։ Չգիտեմ ինչու՝ քար լռություն է, իսկ այդ լռության ներքո Ադրբեջանը հայկական շենքերն է քանդում, եկեղեցիները, հուշարձանները։ Մի կողմ թողնենք շենքերի քանդումը, մեկ է՝ ինչ էլ կառուցեն Արցախում, վերջում թողնելու են մեզ ու գնան, բայց երբ ոչնչացնում են եկեղեցին, հուշարձանները, սա արդեն աններելի է, բարբարոսություն է»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանին հավուր պատշաճի չպատասխանելու պատճառը գուցե հայկական կողմի ներքին քաղաքական խժդժություններն են, Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քանի որ այս շրջանում բոլորի ուշադրությունը սևեռված է ընտրությունների վրա։
«Բոլորը զբաղված են ընտրություններով, մոռանալով, որ դրան զուգահեռ՝ ավելի շատ բաներ ենք կորցնում։ Հիմա, երբ Ադրբեջանը մեզ վրա բռունցք է բարձրացնում, մենք ավելի բարձր պետք է բարձրացնենք մեր բռունցքը, մի հատ էլ մատ թափ տանք, քանի որ Ադրբեջանն ապացուցել է, թե ով է եղել առհասարակ։ Այսօր Արցախի տարածքներն օկուպացնելուց հետո, մի քիչ դուխավորվել է, բայց ժամանակը ցույց կտա, որ նա ճզմվելու է։ Հիմա Ադրբեջանը կալոննաներով մատերիալ է մտցնում Շուշի։ Բայց դե, ես այդքան չեմ հուսահատվում, ասում եմ՝ ոչինչ, թող սարքեն, մեկ է՝ մերն է, մեր համար են սարքում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը։
Անդրադառնալով ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոստովանությանը, որ իրենք Շուշին չեն գրավել, քանի որ հայկական կողմին հրաման է եղել, որպեսզի նահանջեն, ինչից հետո իրենք մտել են Շուշի, Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանական կողմը եթե ցանկանար մարտերի միջոցով վերցնել Շուշին՝ չէր կարողանալու, քանի որ մարտերի միջոցով հնարավոր չէր վերցնել։
«Ուղղակի Շուշիի հանձնումը կապված է եղել գերժամանակակից զենքերի, թշնամու քանակի, հայկական կողմի սխալ կազմակերպվածության հետ։ Շուշին անառիկ բերդ է, հնարավոր չէր այդքան հեշտ վերցնել։ Օրինակ՝ Շուշիում իմ աչքով եմ տեսել, երբ զինվորականները եկել են, սակայն նրանց հետ հրամանատար չի եղել, հրաման տվող չի եղել, դրա համար էլ այդպես եղավ։ Եթե հրամանատար լիներ, բոլորին դասավորեր դիրքերում, կազմակերպեր ամեն ինչ՝ չէր հանձնվելու։ Երևի 1992 թվականին նույն վիճակը եղել է նաև թշնամու մոտ, որ կարողացանք ազատագրել։ Ցավալի է, որ այդպես եղավ, ցավալի է, որ այսօր եռատոն է, բայց մեկ տոնը չունենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրման օրը նշելուն, Արծվիկ Սարգսյանը նշեց, որ այցելելու են եղբայրական գերեզմանոց, նահատակվածների շիրիմներին ծաղիկներ խոնարհեն, և ամեն ինչ այդքանով կավարտվի։