Պետք է հնարավորություն տան, որ աշխատեն, ապրեն, պետությանն էլ օգուտ տան, ոչ թե նրա հաշվին ապրեն․ Քաշաթաղցի

Արցախի Քաշաթաղի շրջանի տեղահանված բնակիչները մայիսի 3-ին բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ կառավարության դիմաց։ Նրանց փոխանցմամբ՝ արդեն  մի քանի ամիս է, ինչ սպասում են փոխհատուցման ու բնակարանային հարցի լուծման, սակայն հստակ քայլեր չեն տեսնում։

Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանի խոսքով՝ միայն իրենց համայնքից Հայաստան է տեղափոխվել 3000 ընտանիք։

«Մենք փաստաթղթերը կազմում ենք՝ բնակիչների այգիները, տեխնիկան, գույքն ու բնակարանը ներառելով, և հույս ունենք, որ կհատկացվի փոխհատուցում»,- նշեց նա։

Քաշաթաղցիների մի քանի հոգանոց խմբի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրավիրեց Կառավարություն՝ քննարկելու ու լուծումներ առաջարկելու։

«Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը 168.am-ին հայտնեց, որ բարձրացվել է ամբողջ շրջանի հարցը, բնակիչները պահանջել են փոխհատուցում, իսկ կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև մայիսի վերջ որոշում կկայացնեն։

«Խոսքն ամբողջ Քաշաթաղի շրջանի մասին է, 10․000-ից ավելի բնակիչ է դուրս եկել՝ կորցնելով ամեն ինչ։ Այս պահին կոնկրետ բնակարանների հարցն է։ Մարդիկ շարունակում են ստանալ Կառավարության կողմից հատկացվող 68.000-ական դրամներն ու օգտվել են նաև սոցիալական աջակցության մյուս ծրագրերից, բայց էականը դա չէ։ Ավելին, ես կարծում եմ, որ այդ սոցիալական աջակցությունը սխալ է,  որովհետև ժողովրդին օգնություն տալով չպետք է պահեն։ Պետք է տան հնարավորություն՝ տուն, տարածք, որ աշխատեն, ապրեն, պետությանն էլ օգուտ տան, ոչ թե պետության հաշվին ապրեն։ Քաշաթաղի բնակչության 90 տոկոսը աշխատող, արարող է, այնտեղ բոլորն էլ այգիներ էին հիմնել, մեղու էին պահում, անասուն, ու պետությանն իրենք էին օգնում։

Այսօր էլ պատրաստ են անել այդ աշխատանքը, մնում է, որ պետությունն աջակցի ընդամենը բնակարանով, և տարածքներ տան, որ այդ մարդիկ էլի կարողանան հող մշակել»,- մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբ Ըռքոյանը՝ հավելելով, որ  Քաշաթաղի շրջանի բնակիչների 80 տոկոսն արցախյան առաջին պատերազմից հետո ՀՀ տարբեր մարզերից  գնացածներն են։

Տեսանյութեր

Լրահոս