Ե՛վ ագրեսիան, և՛ սպանությունները, և՛ վերաբերմունքը, 44-օրյա պատերազմից հետո բոլորը տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո․ Լարիսա Ալավերդյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Գերության մեջ հայտնված անձանցից՝ թվով 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ հստակ պետք է տարբերակենք զինգերիներին և պատանդներին, որովհետև միջազգային մարդասիրական իրավունքը երբ խոսում է զինգերիների մասին, նա չի ասում, որ արգելք կա՝ վերցնել զինվորին գերության մեջ, այսինքն՝ դա թույլատրված գործողություն է, ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին, ապա կոշտ արգելք կա․ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է խաղաղ բնակիչներին վերցնել գերության։
«Այսինքն, պետք է հստակեցնենք, որ խաղաղ բնակիչներին գերության մեջ վերցնել, պահելն արդեն իսկ միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ծանր հանցագործություն է։ Հաջորդը գերության մեջ հայտնված անձանց սպանությունն է։ Կրկին միջազգային մարդասիրական իրավունքն ուղղակի է ասում․ չի կարելի ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական վատ վերաբերմունք ցուցաբերել․դա մարդասիրական իրավունքի ոտնահարում է։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիա է տեղի ունեցել, ինչն ինքնին հանցագործություն է։ Հաջորդը ռազմական գործողությունների ժամանակ անմարդկային վերաբերմունքն է»,- ասուլիսի ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով՝ քանի որ պատերազմ չի հայտարարվել, ապա դա ագրեսիա է, ավելին՝ չկա խաղաղության մասին պայմանագիր։
«Կա միայն զինադադարի մասին իրենց այդ պիղծ հայտարարությունը։ Եվ ցանկացած ռազմական գործողություններ, որոնք չեն ավարտվել հստակ խաղաղության մասին պայմանագրով, դրանք բոլորը կոչվելու են ռազմական հանցագործություններ։ Թե՛ ագրեսիան, թե՛ այդ դաժան վերաբերմունքը իրականացվել է զուտ մեկ չափանիշով՝ հայերի դեմ։ Ե՛վ ագրեսիան, և՛ սպանությունները, և՛ վերաբերմունքը, 44-օրյա պատերազմից հետո բոլորը տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո, որովհետև նպատակ ունեին ոչ թե զուտ սպանելու, այլ հային սպանելու, դաժան վերաբերվելու։ Բոլորիս մոտ զարմանք պետք է առաջացնի այն, որ պետական մակարդակով այդպիսի գործողությունները չեն ստանում համարժեք գնահատական, դրանց չեն հետևում համարժեք գործողություններ ու քայլեր։ Միայն լսել ենք՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից ասվել է, որ պետական մակարդակով գործեր են նախապատրաստվում։ Սակայն, միևնույն է , այն, ինչ տեղի է ունենում, ու թե ինչպես է դրան անդրադառնում հայկական կողմը՝ բավարար չէ։ Կան բազմաթիվ՝ թե՛ քաղաքական հարթակներ, թե այլ դատական, որտեղ հայկական կողմը թե՛ պետական, թե՛ մասնավոր մակարդակով պետք է ավելի ակտիվ գործի, որովհետև մարդկության դեմ ցեղասպանական բնույթի հանցագործությունները ոչ թե զուտ հայերի դեմ են, այլ մարդկության»,- նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Նրա խոսքով՝ մինչև դատական ատյաններ դիմելն աշխարհի հայությունն ահռելի գործ ունի անելու, պետք է աշխատի հասարակական, քաղաքական, գիտական մակարդակներում, որ ստեղծի այն ամենի իրական պատկերը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում։
«Ցեղասպանության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայում 2-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ ցեղասպանություն են համարվում այնպիսի գործողությունները, որոնք անհնարին են դարձնում մարդու բնակվելը իր բնակվելու վայրում։ Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, Ստեփանակերտում, այլ գյուղերում, Արցախում, այդ կրակոցները․․․ դրանք հենց 3-րդ կետին համապատասխանող հանցագործություններ են, ցեղասպանության եզրույթի ներքո դիտարկվող գործողություններ են, և այս առումով անպաշտպան թողնել այն գյուղերը, որոնց մասին գիտենք, դա, կներեք, աջակցություն կամ մասնակցություն է ցեղասպանական գործողություններում՝ արդեն հայկական իշխանության կողմից։ Ցավոք, մենք այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ապահովում են թե՛ մարդու, թե՛ ազգային անվտանգությունը»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։
Խոսելով կատարված սխալների մասին՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանն ասաց․«Չպետք է տարածքները հանձնեին դեռ կռվող տղաների հետ։ Ջոկատները դեռ կռիվների մեջ էին, երբ ստորագրվել է հայտարարությունը։ Պետք է անպայման պայման դրվեր, մի քանի օր պահանջվեր, որ կազմակերպված ձևով այդ ջոկատներն այդտեղից դուրս բերվեին։ Ազգանունները հայտնելը, անշուշտ, գաղտնիք է, բայց թիվը հայտնելը պետության պարտավորությունն է, հասարակությունը պարտավոր է իմանալ ողբերգության ծավալը։ Պետք է նաև պայման դրվեր՝ մինչև չվերադառնան գերիները, որևէ խոսք տարածքների մասին չի կարող լինել»։