«Խնդիրը պետք է լուծել ցանկացած գնով՝ գնալով մինչև վերջ». Միհրան Հակոբյան
Ազգային ժողովն այսօր 75 ձեռնպահ, 1 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետ. ևս մեկ նման նիստ էլ նախատեսված է մայիսի 10-ին, որտեղ դարձյալ քաղաքական վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանը կլուծարվի, և հնարավոր է՝ հունիսի 20-ին երկրում կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, խոսելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, նախ ցավ հայտնեց, որ ընդդիադիր ուժերը համաձայնեցին Փաշինյանի թելադրած օրակարգով ընտրությունների գնալ։
«Ընտրվեց, ցավոք, ընտրությունների ճանապարհը։ Քաղաքական միավորների մեծամասնությունը միանգամից ոգևորվեց արտահերթ ընտրություն ասվածից և գնաց այդ խաղը խաղալու, որը թելադրված է կապիտուլյանտի կողմից, որոնք իրենց գործողությունների ինստրուկցիաները ստանում են արտասահմանից»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընտրության գնալու փոխարեն՝ փողոցային պայքարի ճանապարհը պետք էր տանել ամենայն վճռականությամբ և խնդիրը պետք է լուծել։
«Խնդիրը պետք էր լուծել ցանկացած գնով՝ գնալով մինչ վերջ՝ կառավարական շենք-շինությունները գրավելով և կապիտուլյանտին դատելով։ Խնդիրն այսպես պետք էր լուծել և այսպես էլ պետք է լուծվի նաև հիմա։ Քաղաքական ուժերը, սակայն, գնացին ընտրական ճանապարհով, բայց բոլոր նրանք, ովքեր պայքարի դրոշ են բարձրացրել սրանց դեմ, ես կաջակցեմ։ Կարծում եմ՝ եթե ընտրել են ընտրության տարբերակը, գուցե հաշվարկներ ունեն, բայց նորից եմ կրկնում, հայ ժողովրդի համար օրհասական խնդիր է՝ ժամ առաջ ազատվել Արցախը հանձնած իշխանությունից»,- ասաց Միհրան Հակոբյանը։
Խոսելով Փաշինյանի թելադրած օրակարգով ընտրությունների անցկացմանը համաձայնած խորհրդարանական ընդդիմադիրների մասին՝ Հակոբյանը նշեց, որ դրա պատճառն այն է, որ մենք ոչ թե բուն ընդդիմադիր, այլ գրպանային ընդդիմություն ունենք խորհրդարանում, և դա է պատճառը, որ շտապեցին Փաշինյանի հետ պայմանավորվածության։
«Հետևաբար, երբ մենք խոսում ենք, օրինակ Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի մասին, պետք է լինել արդար և խոսել, որ այդ ուժերը ևս ստացել են պարգևավճար։ Հարց է առաջանում՝ Եռաբլուրի տարածքը երկու անգամ մեծացրած իշխանության հետ այդ ինչ են պայմանավորվել։ Փաստն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուներ վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորություն, իրենց վարչապետի թեկնածուն 17-ի ֆորմատում Վազգեն Մանուկյանն էր, բայց հիմա հայտարարում են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի. բա առաջադրեիք, թե՞ չեք առաջադրում, որովհետև ձեր ուզածը ստացել եք»,- ասաց Հակոբյանը։
Հասարակական-քաղաքական գործչի փոխանցմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շտապող ուժերը սկսել են հիմա մանդատակռիվը, ու դա է պատճառը, որ մոռացության են մատնել Արցախյան պատերազմում կրած պարտությունը։
«Նրանք ցանկանում են ժողովրդի հաշվին լավ ապրել, աշխատավարձ ու պարգևավճար ստանալ, դրա համար ինչո՞ւ խոսել Արցախից կամ մեր զոհերի մասին։ Արցախի մասին չեն խոսում, որովհտև իրենց ձեռնտու է, որ իրենք էլ պայմանավորված մանդատները ստանան»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում