Որպես հայ մարդ՝ վատ եմ զգում, երբ իմ կոտորված պապերի ցավը շահարկում են․ պատմաբան
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը։
Պատմաբան Աշոտ Ներսիսյանն ասում է՝ ընդհանրապես այն կարծիքի է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր քաղաքական ապագայի տեսանկյունից սակավ շահաբեր է, մեզ ոչ մի բան էլ չի տալու։
«Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը ես չեմ համարում Հայոց ցեղասպանության ճանաչում։ Պարզապես երկու անգամ արտաբերեց՝ «ցեղասպանություն», իսկ մեկ անգամ՝ «Մեծ եղեռն»։ Իսկ ճանաչումը այլ է, այն պետք է լինի բանաձևային ձևակերպմամբ, որ լինի իրավական փաստաթուղթ։ Շեշտեմ, որ Ռեյգանից հետո ԱՄՆ մյուս նախագահներն էլ ասում էին՝ Մեծ եղեռն, ինչ-որ տեղ՝ դատապարտում, իսկ այս տեսանկյունից Բայդենի ուղերձն ավելի խոցելի է, քանի որ ուղղակի արտաբերում է «ցեղասպանություն» բառը, հիշում 1915 թիվը, և չի դնում հատուցման հարց։ Ավելին ասեմ՝ հատուցման հարց Հայոց ցեղասպանությունը ճանաչած ոչ մի պետություն չի դնում։ Բայդենի ելույթում նույնիսկ դատապարտում չկար, պարզապես իրերը կոչեց իրենց անունով, ասաց՝ Հայոց ցեղասպանություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ ուղերձում ԱՄՆ նախագահը չի մեղադրում Թուրքիային, չի դնում հատուցման հարց, ավելին, ասում է՝ Օսմանյան կայսրություն, ու չի շեշտադրում Արևմտյան Հայաստանը։
««Ցեղասպանություն» բառի արտաբերումով, որը կարելի է ինչ-որ տեղ Հայ դատի գրասենյակների բարոյական հաղթանակը համարել, պարզապես Բայդենը մեսիջներ ուղարկեց թուրքերին ու ռուսներին, որ կարող է այս տարածաշրջանի քաղաքական գործընթացներում իր միջամտությունը խստացնել։ Ու Թուրքիային իր կողմը գրավելու մեսիջներ հղեց»,- հավելեց Աշոտ Ներսիսյանը։
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ պատմաբանը նկատեց․ «Այն կարծիքի եմ, որ ամեն պետություն իր հակառակորդի հետ խնդիրն ինքը պետք է լուծի՝ առանց միջնորդավորված բանակցությունների։ ԱՄՆ-ը ու մյուս տերությունները երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման համար իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ չեն վատացնի։ Մի փոքր կարող են լարվածություն ստեղծել, մինչև որ իրենց ուզածը վերցնեն Թուրքիայից, ու այստեղ մենք էլի մնալու ենք տուժող կողմ։ 100-ից ավելի տարվա պատմությունը սա է ցույց տվել։ Մեր ցավը շահարկում են, իսկ ես որպես հայ մարդ՝ վատ եմ զգում, երբ իմ կոտորված պապերի ցավը շահարկում են։ Պետք է բանակցել անմիջական կողմի հետ, որը եթե այսօր չի ասում՝ Ցեղասպանություն, հնարավոր է՝ վաղը ասի»։
Աշոտ Ներսիսյանը կարևորեց ամբողջ ռեսուրսը պետության զարգացմանն ուղղելը:
«Պետք է հզորացնենք մեր բանակը։ Այս նույն ԱՄՆ-ը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երբեք հայտարարություններից այն կողմ չգնաց, որովհետև տեղյակ էր այդ ծրագրերից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։