Գասպարյանի խորհրդականը կրկնել է ԱԽ քարտուղարի պնդումը՝ պատերազմի առաջին օրերին հակառակորդը հաջողություն չի ունեցել. ինչ ենք կորցրել այդ օրերին

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն օրեր շարունակ հեռակա բանավեճի մեջ էր ԱԽ-ի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք պնդում էին՝ պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում, 2-3 օրվա ընթացքում մարտական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկ չի արվել Օնիկ Գասպարյանի կողմից: Մինչդեռ ապրիլի 24-ին «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում, Օնիկ Գասպարյանի  խորհրդական աշխատած Վլադիմիր Պողոսյանը, ըստ էության, կրկնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումն ու ԱԽ գաղտնազերծումները (24:31-24:33):

«Պատերազմի առաջին 5-7 օրն Ադրբեջանը, մեծ հաշվով, որևէ հաջողություն չի ունեցել»,- հայտարարել է նա՝ միաժամանակ շարունակելով, թե պետք էր այդ 5-7 օրվա ընթացքում հասանելի և ոչ հասանելի միջոցներով կանգնեցնել պատերազմը:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երբ ասում է՝ ես ասել եմ՝ պատերազմը 2-3 օրում կանգնեցրեք: Դուք հասկանում եք, չէ՞, որ նման առաջարկ անող գեներալ-լեյտենանտը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որևէ առաջընթաց չունի: Այսինքն՝ ես կարող եմ հասկանալ, որ նույնիսկ դիրք չեն գրավել: Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանը իր տեքստում ասի՝ 2-3 օրում կանցնեցրեք պատերազմը, որը սուտ է, և իր զեկույցում ասի՝ թշնամին որևէ  առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ունենք, հայտարարի, որ բանակն իր խնդիրները կատարում է և շարունակելու է կատարել»: Այսինքն, Արմեն Գրիգորյանը տրամաբանական չի համարում պատերազմի դադարեցումն այն պահին, երբ հակառակորդը որևէ առաջընթաց չունի, իսկ զինված ուժերը կարողանում են կատարել իրենց խնդիրը: Այլ կերպ՝ Արմեն Գրիգորյանը գոնե չի հակասում ինքն իրեն, ինչպես Օնիկ Գասպարյանի խորհրդականը:

Ավելի վաղ ԱԽ-ն գաղտնազերծել էր Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ․

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…»,- հավելելով,-  «…Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»: Եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Հիմա տեսնենք, ինչ ասել է՝ «պատերազմի առաջին 5-7 օրն Ադրբեջանը, մեծ հաշվով, որևէ հաջողություն չի ունեցել»:

Պատերազմի առաջին օրերին ընկել է Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել է գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում  «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:

Պատերազմի առաջին օրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինքն էր  հայտարարել, որ Արցախում արդեն իսկ կան կորսված դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Եվ հենց այս օրերին է անհրաժեշտություն եղել գնալ 7-րդ պաշտպանական շրջան և բեկում մտցնել, որովհետև խուճապային և  նահանջի տրամադրություններ կային, ինչն արվել է և եղած դիրքերը պահվել են: Այսքանը միայն հաշվի առնելով, զավեշտալի է Օնիկ Գասպարյանի խորհրդականի և այլոց պնդումները, թե Ադրբեջանը որևէ հաջողություն և առաջխաղացում չի ունեցել:

Այստեղ հանգում ենք այն եզրահանգման, որ չի եղել իրադրության ճիշտ գնահատում, կամ գնահատման լուրջ ընդունում, թե «այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանին սատարող և գեներալների վրա ամբողջ մեղքը բարդող Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը 15 րոպեում կորցրել է իր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու 40 տոկոսը»:

Տեսանյութեր

Լրահոս