«․․․Շատ արագ ինքս իմ ասածներից կզզվեմ, ու քաջությունս կհերիքի ասելու ճշմարտությունը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երբ տարիներ անց ապագա թոռնիկս (Աստված առաջ), իր խելոք աչուկները չարաճճիորեն կկոցելով, հարցնի ինձ, թե բա պապի ջան, ոնց եղավ, որ քո ժամանակ երկու հայկական պետություն կար, իսկ իմ ժամանակ՝ ոչ մեկը, ես սկզբից կփորձեմ բարդ ու խելացի բառերով ամեն ինչ գցել ճակատագրի, հայի բախտի, գերտերությունների, պառակտված ընդդիմության, գեոմագնիսական դաշտերի և ռադիոլոգիական ֆոնի վրա:

Սակայն շատ արագ ինքս իմ ասածներից կզզվեմ, ու քաջությունս կհերիքի (հուսամ) ասելու ճշմարտությունը.

– Ազգս հոգնել էր: Պայքարից հոգնել էր: Վերից վար մաշված էր… Իրավունք չուներ այդպիսի բան անելու, բայց արեց, բալես…

Մնացած ամեն ինչը՝ գերտերությունները, հայի բախտը, պառակտված ընդդիմությունը և դավաճան իշխանությունները ընդմանենը դեկորացիաներ են ազգային ողբերգության և զանգվածային ինքնասպանություն այս արարին»:

Տեսանյութեր

Լրահոս