Ալիևը հայտարարել է, որ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած «սադրանքը» պետք է լինի վերջինը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերջերս Զանգելանի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված «ռազմական սադրանքը» (չակերտները-Խմբ.) պետք է լինի վերջինը: Ինչպես նշում է minval.az-ը, նա այս մասին ասել է Ջաբրայիլում սահմանապահների հետ հանդիպման ժամանակ:
«Ռազմական սադրանքը, որը վերջերս տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին` Զանգելանի ուղղությամբ, պետք է լինի վերջինը: Մենք զսպվածություն ենք ցուցաբերել և չենք պատասխանել սադրանքին: Եթե ևս մեկ նման փորձ ձեռնարկվի, ապա թշնամին տեղում կոչնչացվի»,-ասել է Ալիևը:
Ավելի վաղ` ապրիլի 22-ին, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր երկու երկրի սահմանին հայկական կողմի «սադրանքի» մասին:
Մինչդեռ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդի կողմից կրակբացելու մասին:
Այնուհետև ՀՀ ՊՆ-ն այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել` նշելով. «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը»: