Բաժիններ՝

Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը. անիմատոր Նառառա Մուրադյան

Օրեր առաջ այցելության էի գնացել անիմատոր Նառառա Մուրադյանին: Նառառայի շունը՝ Շուշիկը, ինձ պոչը շարժելով դիմավորեց, կապուտաչյա գեղեցկուհի կատուն՝ Սիպուկը, նստեց ոտքերիս և սուրճի բաժակները՝ ձեռքներիս, Նառառայի հետ զրուցեցինք պատերազմից, ստեղծագործելուց, հուսահատությունից, Սահակյանցից, մեր կատուներից և այգուց, դեպի ուր սքանչելի տեսարան էր բացվում գողտրիկ ու հյուրընկալ խոհանոցի պատուհանից:

Այդ ցավը պիտի միասին տանեինք

Անընդհատ անհուսության քարոզ ա գնում, իսկ դա ամենասխալ բանն ա: Հակառակը՝ լուսավոր կետերը էնքան պետք ա վերև հանվեն, որ մարդիկ ուզենան շնչել: Ասենք թե բոլորը անհույս նստեցին, հետո՞: Ի՞նչ ա լինելու վերջը:

Տասը օր կարող ա շոկի մեջ լինես, բայց ոչ ավել: Մեկ ա, եթե գործ ունես անելու, ինքը գալիս ա առաջին պլան ու ոչ մի բան չի խանգարում դրան, եթե իհարկե չես ցնորվում լրիվ: Ես չգիտեմ, ես հարազատ չեմ կորցրել, կարող ա կորցնեի, լրիվ ուրիշ վիճակ լիներ, բայց այդ ցավն ապրելով մեկտեղ ես հոկտեմբերի 18-ից նստել եմ, գործ եմ արել:

Կարդացեք նաև

Հուսահատություն իհարկե կար, մտքեր կային գնալու, մտքեր կային ընդհանրապես փակվելու, ոչ մեկի հետ չշփվելու, որովհետև անտանելի վիճակ էր շփումների մեջ, բոլորը տարբեր բան էին մտածում ու տարբեր վիճակների մեջ էին. նույնը պիտի լիներ վիճակը: Այդ միահամուռ լինելու վիճակը, որ պատերազմի սկզբին էր, միանգամից ցրվեց, ի չիքս դարձավ, իսկ դա պիտի մնար, այդ ցավը պիտի միասին տանեինք, փախան ցավից: Այ դա ցավ ա, որ մենք գործի համար կպնում ենք իրար, հետո հենց մի հատ «կտցնում» են, թողնում գնում ենք, դա ցավալի ա: Իսկ գործը նենց բան ա, որ ինքը միշտ առաջնահերթն ա եղել իմ համար, տենց էլ մնացել ա: Առանց աշխատանքի ես չկամ: Իսկ ես չեմ ուզում չլինել… դեռ: Հենց չուզենամ լինել, գործ չեմ անի:

Երիտասարդներին խորհուրդ տալը էնքան անիմաստ բան ա, որովհետև ուրիշի մտքերը երբեք չեն համապատասխանում քո իմացածին: Ուրիշների մտքերի վրա ազդելը մի քիչ սխալ գործ ա: Քոնը որ անես նենց, ոնց ուզում ես, դա արդեն ազդեցություն ա: Աշխատանքով, քո սիրած բաները ցույց տալով ու բացասականով չկիսվելով, որովհետև դա ընդամենը զզվացնում ա:

Չպիտի լիներ, չպիտի լիներ ու վերջ

Առաջին պատերազմը մենակ պատերազմ չէր, առաջին պատերազմը նաև երկրի անհուսալի լույսի պակասի հետ էր կապված: Ինքը կար կողքից, ինքը հեռու էր, ինքը մոտիկ չէր: Դու մի քանի օր հետո էիր իմանում ինչ-որ բան, իսկ հիմա դու մասնակից էիր, դու անընդհատ մեջն էրի, ճիշտ ա՝ սխալ տեղեկություններով, ամեն ինչով հանդերձ, դու ունեիր մարդիկ, որոնք ասում էին ճիշտը, էն ժամանակ հեռու էր պատերազմը: Էն ժամանակ Չարբախում էինք ապրում, մի քանի հոգի էին գնում իրենց մեքենաներով, համատարած չէր, հիմա համատարած էր, հիմա մեր գլխի վերևը կախված էր: Հիմա ես ավելի ծանր եմ տարել, քան նա: Նրա ժամանակ ես ավելի շատ շեղող բաներ ունեի, հիմա դու լրիվ այդ բեռը տանողն էիր: Հետո արագ էր սա, իսկ նրան սովորեցինք, դարձավ սովորական: Սրա ժամանակ ամեն օր անուններ ես կարդում, զոհված էրեխեքի դեմքեր ես տեսնում, այն ժամանակ չկար առերեսվելը, մինչև թաղում չլիներ քո բակում, իսկ հիմա բոլորի դեմքերը անընդհատ աչքիդ առաջ էին: Փառք Աստծո, որ արագ ավարտվեց, բայց խտությունը ցավի շատ ավելի ուժեղ ես զգում: Չէ, երկրորդը սարսափելի էր: Անկախ նրանից, դու հաղթում ես, թե պարտվում ես, պատերազմը ցավ ա, ինչ ուզում ես արա: Չեմ էլ առանձնացնում՝ հաղթեցինք, թե պարտվեցինք, որովհետև նույն մահերն են եղել, նույն էրեխեքն են գնացել, ցավ ա, չպիտի լիներ, չպիտի լիներ ու վերջ, սխալ բան ա պատերազմը:

Հիմա հրաբուխ ա

Մեծ երկիր չեմ ուզում, ուզում եմ ապահով վիճակ: Հիմա հրաբուխ ա. չգիտես` վաղը կաս, չկաս, դա էլ ստիպում ա ավելի շատ սիրել: Հիմա ես Հայաստանը շատ ավելի շատ եմ սիրում, քան պատերազմից առաջ: Ամեն ինչը սիրում եմ` ամեն առավոտը, ամեն իրիկունը, ամեն գիշերը:

Արվեստի մեծ գործեր՝ պատերազմից հետո

Մեծ տառապանքից, երջանկությունից, եթե մեծ ա, եթե չափից մեծ ա, ինչ-որ տեղից դուրս ա գալու: Եթե տաղանդավոր մարդը զգայուն մարդ ա, ինքը մեկ ա դա մարսելու ա ու վերարտադրի ինչ-որ բանի, որովհետև դա մտնում ա քո մեջ, դու դրա կրողն ես դառնում, իսկ դա դուրս գալու տեղ անպայման պիտի գտնի: Իհարկե կլինեն արվեստի մեծ գործեր, ուղղակի աշխարհին այդքան կարևոր չի՝ ով, որտեղ, ինչ ա անում, եթե PR չլինի: Իսկ հիմա այն ժամանակն ա, որ պիտի PR լինի ու դրանով արվեստագետը չպիտի զբաղվի, այլ մասնագետները, որոնք հետաքրքրված են:

Լցվելը, լցվելը, լցվելը…

Ստեղծագործելը ինձ մոտ արտաքին աշխարհի հետ կապ չունի, ինչ-որ ուրիշ տեղից ես սնվում: Հատկապես 50-ից հետո դու էնքան բան ունես կուտակած, որ չես արել ուրիշի ֆիլմում, չես արել քո առաջին ֆիլմում, ինքը կուտակվում ա, ցանկությունները դառնում են պաշար: Ինքը արդեն աշխարհից բերած, քո մեջ մտցրած բաներ են, որոնք ոչնչից չեն վերանում: Պաշար հավաքելը շատ կարևոր բան ա, լցվելը, լցվելը, լցվելը, որպեսզի մեծ տարիքում դու կարողանաս մինչև վերջին քո օրը ինչ-որ բանով զբաղվես, ինքդ քեզնով միայն, որովհետև հենց դատարկվում ա, մարդը դառնում ա ֆիզիկապես գոյություն ունեցող մի բան, որը հոգի չունի: Ես դա նկատում եմ ծերերի մոտ. ով պաշար հավաքել ա, գրքեր ա կարդացել, նկարել ա, արվեստին մոտ ա եղել, շատ ուշ ա ծերանում, անիմատորները ընդհանրապես չեն ծերանում, տենց մեռնում են, մեծ մասը:

Ես սիրում եմ պոռթկումներ

Ռոբի ֆիլմերում շատ մեծ դեր ուներ քաղաքականությունը ու ինքը անկեղծ էր, ինքը իսկապես դրանով հետաքրքրվում էր: Ինձ այդքան չի հետաքրքրում, ես սիրում եմ պոռթկումներ: Ես սիրում եմ հեղափոխություն, միանգամից արվող բաներ, բայց ինքս անդրադառնալ դրան արվեստում, դրան արձագանքել ֆիլմով՝ չեմ կարողանում: Ռոբը նույն օրը կարող էր թեման մտցնել ֆիլմի մեջ: Տարբեր են բոլոր մարդիկ, ինքը զգում էր դա: Ես նույնը զգում էի, նույնը հասկանում էի, նույնը ասում ինք, խոսում էինք, բայց ինքս չէի կարող դա նկարել, ծաղրանկարչի ձեռքը մի քիչ ուրիշ ա: Շատ սիրում եմ իր ֆիլմերը ու իսկապես ժամանակը զգացող կերպարը պետք ա արվեստում: Իհարկե, տարիներ հետո իրեն կարող են ուրիշ ձև ընկալել, բայց այդ օրվա մարդկանց համար ինքը կարևոր կերպար ա: Կան տենց դեմքեր, որոնք զգում են ժամանակի հոգին:

Գոդոն

Աշխատում եմ հեքիաթի վրա՝ «Թռչող շունը», որը ես ու ընկերուհիս ենք գրել՝ Մարիամը Պետրոսյան: Ես նկարել էի, մի քանի տող գրել էի, իրեն խնդրեցի, ինքը շարունակեց, որովհետև ես չէի կարողանում շարունակել: Բայց ոչ սցենար, ուզում էի իլյուստրացիաներով գիրք: Մաշան էնքան բան մտածեց, էնքան պերսոնաժ նկարեց, հիմա չեմ կարողանում տակից դուրս գալ (ծիծաղում է,- հեղ.): Բայց հավես հեքիաթ ա մեծ շան մասին, որը հանկարծակի գալիս ա քաղաք ու քաղաքի կյանքը փոխում ա ամբողջովին: Ես էլ անունը դրեցի Գոդո, որովհետև ես Գոդո շուն ունեի:

Ֆիլմի ընտրությունը, թե ինչ անես, էնքան հանկարծակի ա լինում: Էս գիրքը կա շուտվանից, արդեն վեց տարի, բայց այս անգամ ուզեցի անել, չգիտես՝ ինչից ա լինում, ես չգիտեմ դրա պատասխանը: Ուզում էի պապայի նկարներով ինչ-որ բան անել, խառնել Պիկասո, Ռեմբրանդ, նկարները կենդանացնելով, բայց դա հետ գնաց:

Հարստության մասին

Եթե կատվի կեր չկա տանը ու տաքսու փող չունեմ, դրանք իմ ամենասև օրերն են: Եթե այդ երկուսը կան, ես ինձ շատ հարուստ եմ զգում, դա իմ ֆինանսական չափորոշիչն ա:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս