«Բարոյական ապտակ Էրդողանին». The New York Times-ը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման մասին
Ամերիկյան The New York Times հեղինակավոր պարբերականի թղթակից Ռիք Գլեդսթոունը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման թեմային և հարակից հարցերի:
Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.
«Թուրքիային զայրացնելու ռիսկի տակ գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է շաբաթ օրը պաշտոնապես հայտարարել, որ ավելի քան մեկ դար առաջ թուրքերի կողմից 1,5 միլիոն հայի սպանությունն ԱՄՆ-ն համարում է ցեղասպանություն, որը ամենահրեշավոր հանցագործություններներից է:
Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը հանդես կգա նման հայտարարությամբ՝ տարբերվելով իր նախորդներից, որոնք չեն ցանկացել թշնամանալ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակցի և ռազմավարական կարևոր երկրի հետ, որը տեղակայված է Եվրոպայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում:
Սպասվող հայտարարությունը, որի մասին Բայդենը հայտնել էր անցյալ տարի ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելիս, ողջունել են հայերը և մարդու իրավունքների պաշտպանները: Այն հսկայական խորհրդանշական կշիռ ունի՝ հակահայկական բռնությունը հավասարեցնելով նացիստների գրաված Եվրոպայում, ինչպես նաև Կամբոջայում և Ռուանդայում կատարված վայրագությունների մասշտաբների հետ:
Եզրույթի օգտագործումը բարոյական ապտակ կլինի Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի համար, որը Ցեղասպանության ջերմեռանդ ժխտողն է: Նա բարեհաճություն է ցուցաբերել այլ առաջնորդներին, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապին, հայկական սպանությունները նման կերպ նկարագրելու համար:
Ինչո՞ւ է Թուրքիան հերքում, որ կատարվածը ցեղասպանություն է:
Թուրքիայի կառավարությունը խոստովանել է, որ այդ ժամանակահատվածում կատարվել են վայրագություններ, բայց մինչ օրս շարունակում է պնդել, որ սպանվել են նաև մեծ թվով թուրքեր, իսկ հայ զոհերի թիվը չափազանց ուռճացված է: Թուրք առաջնորդները տարիներ շարունակ ցեղասպանությունը որակել են կեղծիք, որը նպատակ ունի խարխլելու ժամանակակից Թուրքիայի ստեղծման պատմությունը:
Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտումը արմատացած է թուրք հասարակության մեջ: Գրողները, որոնք համարձակվել են օգտագործել այդ եզրույթը, ենթարկվել են քրեական պատասխանատվության Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, որն արգելում է «վիրավորել թուրքականությունը»: Կատարվածի հերքումը դասավանդվում է երեխաներին դեռ վաղ տարիքից: Դպրոցական դասագրքերում Ցեղասպանությունը որակված է որպես սուտ՝ այդ ժամանակաշրջանում ապրած հայերին ներկայացնելով որպես դավաճաններ և օսմանյան թուրքերի գործողությունները հայտարարելով որպես «անհրաժեշտ միջոցներ» հայկական անջատողականության դեմ:
The ruins of a church in Ani, Turkey, once the capital of a medieval Armenian kingdom.
Բայց ինչո՞ւ են մինչ օրս ԱՄՆ բոլոր նախկին առաջնորդները զերծ մնացել հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» որակելուց:
Հեղինակը, վկայակոչելով պատմական իրադարձությունները, նշում է՝ իրականում ԱՄՆ-ն ունեցել է առաջնորդ, որը ժամանակին շատ մոտ է եղել այդ պատմական իրադարձությունը Ցեղասպանություն կոչելուն: Օրինակ, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի ապրիլի 22-ին նացիստական մահվան ճամբարների ազատագրումը հիշատակող հայտարարության մեջ շոշափելիորեն անդրադարձել է «հայերի ցեղասպանությանը»:
Բայց Ամերիկայի նախագահները սովորաբար խուսանավում էին սպանություններն այսպես նկարագրելուց՝ խուսափելու համար Թուրքիայի կողմից այնպիսի հակազդեցությունից, որը կվտանգի երկրի համագործակցությունը տարածաշրջանային հակամարտությունների հարցում կամ դիվանագիտական հարթակներում:
Իսկ ի՞նչն է փոխվել
Որպես նախագահի թեկնածու, Ջո Բայդենը իր մտադրությունների մասին հայտարարել է մեկ տարի առաջ՝ ելույթ ունենալով ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական օրը: Նա օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը և պնդել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջմանն ուղղված այս սարսափելի և համակարգված արշավի մասին»: Բացի այդ, վերջին տարիներին Թուրքիայի առաջնորդ Էրդողանի նկատմամբ երկկուսակցական զայրույթն աճել է: 2019-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը բանաձևեր են ընդունել՝ հայերի սպանությունները Ցեղասպանություն անվանելով:
Որպես Օբամայի վարչակազմի փոխնախագահ, Բայդենը երբեք հեշտ հարաբերություններ չի ունեցել Էրդողանի՝ ավտոկրատ առաջնորդի հետ, որը 2016 թվականի օգոստոսին նրան սառն ընդունելության էր արժանացրել: Նրանք հանդիպել էին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից մեկ ամիս անց:
Այնուամենայնիվ, միգուցե ավելի կարևոր է նաև Էրդողանի մտերմությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թուրքական պետության՝ ռուսական հակաօդային հրթիռների գնումը, որը նյարդայնացրել է Բայդենի վարչակազմին և Կոնգրեսի երկու պալատներին:
Բայդենը և Էրդողանը ԱՄՆ նախագահի պաշտոնավարման առաջին երեք ամիսների ընթացքում բովանդակային քննարկումներ չեն անցկացրել, ինչը վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը պակաս նշանակություն է տալիս Էրդողանին՝ որպես գործընկերոջ:
Eurasia Group-ի հիմնադիր, քաղաքական ռիսկերի հարցերով խորհրդատու Յեն Բրեմմերն անցյալ ամիս տեսակետ է հայտնել, որ Բայդենը հավանություն կտա Ցեղասպանության ճանաչման մասին հռչակագրին, չնայած գիտակցելով, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերականգնումն այդ ժամանակ «շատ ավելի դժվար կլինի»:
Էրդողանի օգնականներն ազդարարել են, որ Բայդենի հռչակագիրը թշնամական արձագանքի կհանդիպի Թուրքիայում: Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս շաբաթ թուրքական ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ «եթե ԱՄՆ-ն ցանկանում է սրել հարաբերությունները, որոշումն իրենցն է»: