«Նիկոլն ազգի տակից հանեց ամբոխին ու «խուրդեց» պետության գաղափարը»․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայերի վերջի՞ն կռիվը

Մենք արդեն չունենք մոնոէթնիկ պետություն։ Հայաստանում ապրում են 98 տոկոսից ավելի հայեր, բայց դա թղթի վրա։ Պետք է հասկանալ, թե արդյոք մենք միասնակա՞ն ազգ ենք քաղաքական ու պետական առումով։

Մեր երկրում հիմա կան հայեր, կան նիկոլազգիներ, կան անորոշ ազգի բնակիչներ՝ անտարբերներ։ Չկա միասնական նպատակ, իղձ, ջանք։ Ոմանք ծանր են տանում արցախյան պետականության կորուստը, տղաների մահը և մեր պետության նվաստացումը, իսկ ոմանց համար ոչինչ էլ չի եղել։

Նիկոլն ու իր ուսապարկերն ասում են, որ մեր պարտությունը՝ մեր հաղթանակն է, քանզի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանը վերջապես կբացվի ու լավ կապրենք։

Հայերի ու նիկոլազգիների պատկերացումները, նպատակները, խիստ տարբերվում են ու հակադիր են միմյանց։ Ավելի ճիշտ՝ ամեն ինչ արվեց, որպեսզի ազգը պառակտվի ու թշնամանա իր ներսում՝ դառնալով փոխբացառող։ Իսկ այդպես չի կարող երկար շարունակվել։ Կա՛մ ազգը պետք է հաղթի ու տեր կանգնի պետությանը, կա՛մ ամբոխը կործանի այն։ Նիկոլը երկրորդ տարբերակի դրոշակակիրն է։

Ազգը ժողովրդացվել է, ժողովուրդը՝ ամբոխացվել, պետական կառավարումը՝ միտինգայնացվել։ Ամբոխը ազգություն և հայրենիք չունի։ Այն ունի կուռք և բացառապես ավերիչ ֆունկցիա։

Նիկոլն ազգի տակից հանեց ամբոխին ու «խուրդեց» պետության գաղափարը։

«Դուք զոհվել եք հանուն ոչնչի» կոդը դարձել է պետական, ավելի ճիշտ՝ չպետական գաղափարախոսության մեխը։ Այդ գաղափարախոսության շրջանակներում բանակում ծառայելը նիկոլենք դարձրել են հանուն ոչնչի, զինվորական դառնալը՝ անպատվաբեր, Արցախն՝ ատելի, Հայաստանը՝ անիմաստ։

Ներազգային այսպիսի պառակտումը միայն թշնամին կարող էր իրականացնել։ Հայերը կգտնե՞ն դիմադրության ու հաղթանակի ուժ։ Հարցս ամենևին էլ հռետորական չէ»։

Տեսանյութեր

Լրահոս