«Գերիների ծնողները հավատում են Մուրադովին, ռուսական կողմն այսքան ժամանակ նրանց չի խաբել». Բորիս Ավագյան
Ըստ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրեն, Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ, գնդապետ Բորիս Ավագյանի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ծնողները համարում են, որ իրենց զավակների վերաբերյալ օբյեկտիվ պատասխան կարող են ստանալ միայն ռուսական կողմից։
«Նրանք չեն գնում Կարմիր խաչ, նրանք հիմնականում գալիս են Արցախ և դիմելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարին՝ ստանում են ինչ-որ պատասխաններ, որոնց նրանք հավատում են, քանի որ ռուսական կողմն այսքան ժամանակ չի խաբել, չի տվել խոստումներ, որոնք չի կատարել։ Այդ պատճառով էլ երևի թե դա է դրդապատճառը, որ ծնողները գալիս են Արցախ ու շփվում գեներալ Մուրադովի հետ։ Կարծում եմ՝ հիմնախնդիր է կոմունիկացիան, եթե ստեղծվեր այնպիսի խումբ, որը կարողանար լիներ կոմունիկատիվ»,- խորհրդարանում գերիների խնդրի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Բորիս Ավագյանը։
Հիշեցնենք, որ քննարկումից րոպեներ անց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը լրատվամիջոցների մեկի հետ զրույցում ասել էր, որ մարտ ամսից սկսած Բորիս Ավագյանը Արցախում որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։
Պատգամավոր Վարդան Աթաբեկյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի կարծում, որ Բորիս Ավագյանին պաշտոնից ազատած լինեին, բայց նա գար ԱԺ, ու իրենք հրամանով նրա պաշտոնից ազատելը չհրապարակեին.«Թող բարի լինեն իրենց ասած խոսքերի տակ հիմնավորումը դնեն, թե երբ են ազատել աշխատանքից»,- ասել էր պատգամավորը։