Ինչու էր այդքան շտապում Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին «լավ» լուր հայտնել
Ապրիլի 1-ին կայացած կառավարության նիստը բացելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունի հայտնելու։ Վարչապետի ասած կարևոր լուրերից մեկը վերաբերում էր բյուջեի առաջին եռամսյակի հարկային եկամուտների կատարողականին։
«Մինչ նիստի օրակարգին անցնելը, տնտեսական բնույթի կարևոր լուրեր ունեմ հայտնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտները, առաջին եռամսյակի տվյալներով, գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատահակա՞ն էր այս «կարևոր» լուրը հայտնելը համընկել ապրիլի 1-ի հետ, թե՞ ոչ, էական չէ։
Այն ժամանակ, երբ վարչապետը հայտարարում էր դրա մասին, դեռևս չկային պաշտոնական տվյալները։ Հիմա դրանք հրապարակված են, և կարելի է պատկերացնել, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը շտապում ժամանակից շուտ «կարևոր» լուր հայտնել։
Մինչ վարչապետը խոսում էր բյուջեի հարկային եկամուտների գերակատարման մասին, ունենք փաստացի մուտքերի նվազում. նախորդ տարվա համեմատ՝ բոլոր հարկերի գծով մուտքերը կրճատվել են։ Հիմա ըստ էության։
Բյուջեի հարկային եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ նվազել են 4,6 տոկոսով։ Սա պաշտոնական տվյալ է, որը արձանագրել է Պետեկամուտների կոմիտեն։ Այս տարի հարկային եկամուտները կազմել են 332,9 միլիարդ, անցած տարի կազմել էին 349 մլրդ դրամ։
Այսինքն՝ նվազել են 16,1 միլիարդով։
Սրա մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարների կամ զինծառայողների հիմնադրամի մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ։ Եթե դա էլ հաշվի առնենք, ապա նվազումը շատ ավելի մեծ կլինի։
Դրոշմանիշային վճարներն այս տարի ավելացել են։ Ավելացել են, որովհետև հունվարի 1-ից գործում են նոր և անհամեմատ ավելի բարձր դրույքաչափեր՝ հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և շահառուների թվի կտրուկ աճը։ Նախկին 1000 դրամի փոխարեն՝ դրոշմանիշային վճարները կրկնապատկվեցին ու բազմապատկվեցին։
Զինծառայողների հիմնադրամին կատարված մասհանումների ավելացումն իր ազդեցությունն է ունեցել բյուջեի հարկային եկամուտների վրա։ Չնայած անհասկանալի է, թե այս գումարներն ի՞նչ կապ ունեն բյուջեի եկամուտների հետ։ Դրանք գնում են ոչ թե բյուջե, այլ Հիմնադրամ, որի միջոցով էլ իրականացվում է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցությունը։
Հիմնադրամի գումարները բյուջետային մուտքեր չեն, թեև ներառված են դրա մեջ։ Բյուջեի գումարները հարկերից ու տուրքերից գոյացող վճարներն են։
Առաջին եռամսյակում ունենք մուտքերի նվազում բոլոր հարկերի մասով։
Ավելացված արժեքի հարկը կրճատվել է 2,2 տոկոսով։ Այս տարի եղել է 116,7 մլրդ դրամ, անցած տարի՝ 119,3 միլիարդ։ Տարբերությունը գուցե շատ մեծ չէ, բայց ունենք նվազում։ Այն պարագայում, երբ այս ընթացքում բազմաթիվ ապրանքների գներ կտրուկ բարձրացրել են՝ նպաստելով ԱԱՀ մուտքերի ավելացմանը։
Հիշեցնենք, որ ԱԱՀ-ն սպառման հարկ է, որը վճարում են սպառողները։
Երբ գները բարձրանում են, ավելանում են նաև սպառողների հաշվին գանձվող ավելացված արժեքի հարկի գումարները։ Ունենք 5-6 տոկոսի հասնող գնաճ, բայց նույնիսկ այդ պարագայում ԱԱՀ մուտքերը նվազել են։
Կտրուկ կրճատվել են ակցիզային հարկի գումարները։ Ակցիզային հարկը ևս սպառման հարկ է, որը կրկին գոյանում է սպառողների հաշվին։
Այս դեպքում մուտքերը նվազել են 32 տոկոսով։ Նախորդ տարվանից պակաս է ստացվել 8,7 մլրդ դրամ, չնայած ենթաակցիզային բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ վառելիքի, ծխախոտի, խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմանը։
Ակցիզային հարկի մուտքերի կրճատումը կապված է արտադրության և սպառման ծավալների նվազման հետ։ Հարկային բեռի ամենամյա բարձրացումը հանգեցրել է ենթաակցիզային ապրանքների գների շոշափելի ավելացման։
Սպառումը դրանից չէր կարող չտուժել, հատկապես խորացող աղքատության պայմաններում։
Ենթաակցիզային ապրանքներից արտադրության ծավալների լուրջ նվազում ունենք բյուջեի հարկային եկամուտների ապահովման տեսակետից այնպիսի առաջնային կարևորություն ունեցող արտադրատեսակի գծով, ինչպիսին ծխախոտն է։ Այս տարվա առաջին 2 ամիսներին ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է ավելի քան 41 տոկոսով։
Նվազել են բյուջեի ոչ միայն անուղղակի, այլև ուղղակի հարկերի մուտքերը։ Խոսքը շահութահարկի և եկամտային հարկի մասին է։ Կտրուկ է կրճատումը հատկապես շահութահարկի դեպքում։ Նախորդ տարվա համեմատ՝ առաջին եռամսյակում գրեթե 36 տոկոս անկում է արձանագրվել։ Փաստացի մուտքերը կազմել են շուրջ 24,3 մլրդ դրամ՝ անցած տարվա 37,9 միլիարդի դիմաց։ Պակաս է հավաքվել 13,6 մլրդ դրամ։
Կրճատվել են նաև եկամտային հարկի մուտքերը։ Այս դեպքում տարբերությունը, իհարկե, նախորդ տարվանից ավելի քիչ է՝ 0,5 տոկոսի չափով։
Չնայած վարչապետը և ՊԵԿ նախագահը պարբերաբար հայտարարում են առևտրի շրջանառությունների ավելացման մասին, այնուհանդերձ առաջին եռամսյակի արդյունքներով ունենք շրջանառության հարկի նվազում, այն էլ՝ երկնիշ։ Նախորդ տարվա համեմատ այս հարկատեսակի մուտքերը պակասել են գրեթե 14 տոկոսով։
Ի տարբերություն այս հարկատեսակների, տարեսկզբի 3 ամիսներին ավելացել են բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, մաքսատուրքերը։ Բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարներն աճել են հանքարդյունաբերության կամ ընդերքի շահագործման ծավալների ավելացման հաշվին։ Սոցիալական վճարների աճը կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին աշխատավարձերից կատարվող մասհանումների հարաբերակցության վերանայման արդյունք է։
Ինչպես հայտնի է, նախկին 2,5-ից հունվարի 1-ից այն դարձել է 3,5 տոկոս։
Մաքսատուրքը գրեթե ամբողջությամբ ԵԱՏՄ բյուջեից եկող գումար է, որը մեր հետ քիչ կապ ունի։
Հիմա հավանաբար հասկացաք, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը շտապում ժամ առաջ «լավ» լուր հայտնել։ Թեև նախատեսվածի նկատմամբ առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են, բայց նախորդ տարվա համեմատ ունենք նվազում։
Այդ նվազումն էլ հավանաբար շտապում էր թաքցնել Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով պլանի գերակատարման մասին։ Այնինչ՝ կարևորը պլանը չէ։ Կարևորն այն է, թե ինչպիսի առաջընթաց ունենք նախորդ տարվա համեմատ։ Իսկ նախորդ տարվա համեմատ առաջընթաց ընդհանրապես չունենք։ Եվ ոչ միայն առաջընթաց չունենք, այլև ունենք մուտքերի նվազում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ