Այն ամենի մասին, ինչի կարիքն ունենք. սեր, ընկերություն ու լավ գինի՝ «Պարզապես միասին» ֆիլմում
Իմ և իմ սերնդակից շատ կինոմանների պատանեկության տարիներն անցել են «Շողակաթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող ֆիլմերի ու սերիալների դիտումներով: «Երգչախումբ» (2004), «Ջեյն Օսթին» (2007) կինոնկարները, «Էնը՝ կանաչ կտուրներից» (1985) և «10-րդ թագավորություն» (2000) հեռուստասերիալները լավագույն բոնուսն էին դպրոցից տուն վերադարձած ու իրենց ինքնության կառուցման ակտիվ շրջանում գտնվող դեռահասների համար: Ժապավենները շատ էին, դիտումներից ստացած զգացումները՝ կինոդիտողից կինոման դարձնող: Ի հիշատակ այդ փխրուն ժամանակների, 168.am-ն առաջարկում է հիշել 2000-ականներին իր ֆրանսիական նրբագեղությամբ և մարդկային էության ամենապարզ մղումներով հանդիսատեսին հիացրած՝ «Պարզապես միասին» (ֆր.՝ Ensemble, c’est tout, 2004) ֆիլմը:
Աննա Գավալդայի համանուն վեպի հիման վրա ռեժիսոր Կլոդ Բերիի նկարահանած տիպիկ ֆրանսիական կինոնկարը պատմում է հավաքարար/նկարչուհի Կամիլի (Օդրի Տոտու) մասին, ով կյանքի կենցաղային դժվարությունների բովում լավագույն ընկերոջ է գտնում՝ ի դեմս արիստոկրատ ու հոգատար Ֆիլիբերի (Լորան Սթոքեր) և սեր՝ կյանքի հարվածների տակ հայտնված Ֆրանկի (Գիյոմ Կանե) գրկում և պատրաստած համեղագույն բլիթներում:
Կինոնկարի սյուժեն պարզ է և դյութիչ` հենց պարզությամբ. չկան հանդիսատեսի առջև դրված բարդ խնդիրներ, հանելուկներ կամ բացթողումներ, որոնք պետք է լուծվեն ու լրացվեն ֆիլմը դիտողի կողմից: Ամեն դետալ հասցված է առավելագույն պարզության, ու թեև փորձառու կինոմանի համար այն կանխատեսելի ընթացք ու վերջաբան ունի, ֆիլմը բոլորովին պարզունակ չի դառնում և չի կորցնում սկզբից մինչև վերջ էկրանին պահելու իր ունակությունը:
Մենք դիտում ենք ֆիլմեր՝ տեսնելու համար այն կյանքը, որը չենք կարողանում ապրել: Ֆրանսուհի Կամիլի կյանքում ցնցող ոչինչ չկա. այն բարդ է, և ոմանք անգամ կհրաժարվեին հավաքարարի աշխատանքից, երբ ծնված են նկարչուհի լինելու համար, կհրաժարվեին մոր հետ բարդ հարաբերություններից ու փնթփնթան սենյակակցից: Բայց ի՞նչն է, որ Կամիլի կյանքն օժտում է նման ձգողականությամբ: Դա ոչ Ֆիլիբերն է՝ իր աշխույժ շարժումներով և անթիվ անհամար կատակներով, ոչ էլ Ֆրանկը՝ իր անդիմադրելի հմայքով, ոչ անգամ Պոլետը (Ֆրանսուազ Բերթեն) և իր կատուները: Ֆիլմը ստացված է գլխավոր հերոսուհու՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքի շնորհիվ: Կամիլը հրաշալի ընկեր է նույնքան հրաշալի ընկերոջ համար, Կամիլն իր սրտի առջև պատնեշներ չի կառուցում, ինչը թույլ է տալիս փորձությունների շարքը հաղթահարելուց հետո սիրել ու լինել սիրելի: Իսկ որ ամենահետաքրքրականն է ու ամենաթաքնվածը Կամիլի հատկանիշներում, այն է, որ նա վճռական է. սեփական փորձով գիտեմ, որ մեր երկրում վճռականություն է համարվում անգամ կարճ սանրվածքի ընտրությունը, բայց Կամիլի քայլերից ամենամոգականը, թերևս լավագույն բառը նկարագրելու համար, նրա՝ աշխատանքից դուրս գալն ու Ֆրանկի տատիկի՝ Պոլետի մասին հոգ տանելն է, ինչը Կամիլը չի անում հանուն Ֆրանկի, այլ հանուն Պոլետի հարմարավետության և իր հոգու խաղաղության համար, ինչը ստեղծում է տարիքային մեծ տարբերությամբ կանացի ընկերության անզուգական օրինակ:
Այսպիսով, «Պարզապես միասին» ֆիլմը Կամիլի և նրա հարաբերությունների մասին է, որոնք առանձին են միմյանցից և նուրբ շղթաներով միանում են հենց գլխավոր հերոսուհու ջանքերի շնորհիվ:
Ֆենթըզի և գիտական ֆիլմեր, վստահաբար, պետք է դիտել՝ երազելու կյանքի մասին, որն ապրել չենք կարող: Բայց Աննա Գավալդայի ստեղծած, Կլոդ Բերիի էկրանավորած և Օդրի Տոտուի մարմնավորած հերուսուհին հստակ հաղորդագրություններ է ուղարկում ֆիլմը դիտողին, համաձայն որոնց՝ մարդկային պարզ երջանկության մասին երազել հարկավոր չէ, բավարար է միայն ազատություն տալ սրտին ու մտքին և փոխելով վերաբերմունքը կյանքի նկատմամբ՝ փոխել սեփական կյանքը՝ լցնելով այն սիրով ու հոգատարությամբ, գինիով, համեղ ուտեստներով և որակյալ ֆիլմերով:
Անի Գաբուզյան