Հայոց ցեղասպանությունը՝ ամերիկյան մամուլում. տպագրվել է The Washington Post-ի հրապարակումների երկհատորյակը
Օսմանյան Թուրքիայում 1890-1922 թվականերին իրագործված հայերի կոտորածների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից՝ The Washington Post-ի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացվել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքում: Երկու հատորից բաղկացած գիրքը կազմել են Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Քեթիբյանը:
The Washington Post-ի՝ 1890-1922 թթ հրապարակած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներից բաղկացած հատորները հսկայական ու արժեքավոր տեղեկություններ են պարունակում հետազոտողների ու ընթերցողների համար: Այս մասին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը՝ ապրիլի 16-ին կայացած շնորհանդեսի ժամանակ:
«Այդ տարիներին և այդուհետ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների նկատմամբ ԱՄՆ կառավարության ու ժողովրդի դրական վերաբերմունքը պայմանավորված էր նաև կոտորածներին ամերիկյան մամուլի խորը անդրադարձերով»,-նշեց Մարությանը:
Հատորների համահեղինակ Արա Քեթիբյանի խոսքով՝ The Washington Post-ի առանձնահատկությունը՝ որպես ԱՄՆ մայրաքաղաքում լույս տեսնող պարբերական, քաղաքական բնույթ ունենալն է:
«Այն, ինչ ԱՄՆ Կոնգրեսում խոսվել է հայերի մասին՝ թերթում արձագանք է գտել: Հատկանշական է, որ այդ տարիներին դիվանագիտական ու քաղաքական գաղտնիքներն այնքան խստորեն չէին պահպանվում, որքան՝ ներկայում: Շատ հոդվածներ կան, որոնցում տեղ են գտել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությանը Վաշինգտոնից ուղղված նամակներ»,-ասաց Արա Քեթիբյանը՝ հավելելով, որ երկհատորյակն ամբողջացնում է ամերիկյան մամուլում Հայոց ցեղասպանության անդրադարձին վերաբերող նախորդ 5 հատորները:
Հայոց ցեղասպանությանը ամերիկյան մամուլի 1890-1922 թվականների անդրադարձների վերաբերյալ, ընդհանուր առմամբ, արդեն տպագրվել է 7 հատոր: Կազմողները նախատեսում են լույս ընծայել ևս 3-ը:
Շնորհանդեսին՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և ասպիրանտ Հայկ Մկրտչյանը համառոտ ներկայացրին երկհատորյակի բովանդակությունը:
Առաջին հատորում, մասնավորապես, ներկայացված են The Washington Post-ի հրապարակումները՝ Թուրքիայում 1890-1900-ականների կոտորածների մասին:
Երկրորդ հատորում տեղ են գտել 1200 հոդված՝ 1916-1922 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանության, հայերի ու հայկական թեմաների վերաբերյալ։