Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի միջև փոխգործակցություն է եղել այս պատերազմը պարտության տանելու հարցում, դրա համար Գասպարյանը չի խոսում. Արա Գասպարյան
Երեկ Անվտանգության խորհրդի գրասենյակը մեջբերումներ էր տարածել իրավունքի ուժով աշխատանքից ազատված Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ԱԽ երկու տարբեր նիստերի արձանագրություններից` 21.08.2020 թ. և 30.09.2021 թ. մի քանի նախադասություն, թեև հրապարակված փաստաթղթերից միայն մեկում է երևում ամսաթիվը` առաջինում` 30.09.2021 թ.։
Օնիկ Գասպարյանն այսօր հրապարակված արձանագրությունների վերաբերյալ տարածել է հայտարարություն, որով դիմել է ԱԺ նախագահին և երեք խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։
«Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- ասված է Գասպարյանի տարածած հայտարարության մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի այս առաջարկին, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Արա Գասպարյանը հանձնաժողովի ստեղծումը գործը տապալելուն միտված քայլ համարեց։
«Ասում են, որ, եթե ուզում ես մի գործ տապալել, ստեղծիր հանձնաժողով»,- ասաց նա։
Ըստ Գասպարյանի՝ ԳՇ նախկին պետը պետք է ոչ թե հանձնաժողով ստեղծելու առաջարկ անի, այլ՝ պարզապես խոսի, իսկ մինչև հիմա չի խոսել, որովհետև Փաշինյանի հետ թատերական ներկայացմամբ է զբաղված։
«Մինչդեռ մենք ունեցել ենք կազմակերպված պարտություն, որի մեղավորը քաղաքական և ռազմական ղեկավարությունն է, որոնք հիմա սկսել են իրար մեջ հարցեր պարզել ու մեղքը բարդել միմյանց վրա, բայց չէ՞ որ սա այն հարցը չէ, որը պետք է ծածկադմփոց անել, ինչի փորձը հիմա արվում է։ Այս հարցը կապված է մեր ապագայի հետ, հետևապես պետք է բոլոր գործողությունները անհատականացվեն, պետք է պատասխանատուները հստակ լինեն, որ մենք ապագա ունենանք»,- ասաց Գասպարյանը՝ նշելով, քանի որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների է գնում, ուստի իր վրայից ծանր բեռը թոթափելու համար գեներալների վրա է գցում, թեև և՛ Փաշինյանը, և՛ գեներալներն իրար հետ գործում են փոխադարձ երաշխիքների դաշտում։
«Հիմա, սակայն, Փաշինյանը պայմանավորվածությունը խախտում է, ուստի Օնիկ Գասպարյանը սկսել է հայտարարություններ անել, այնպես որ, նրանք մեկը մյուսի հետ հարաբերությունների մեջ են, նրանք միասին են մասնակցել ռազմական գործողությունների պլանավորմանն ու կառավարմանը, հետևապես՝ այս ամենը պետք է բացահայտվի, ու մարդիկ պետք է կանգնեն դատարանի առջև»,- ասաց Գասպարյանը։
Իսկ ինչո՞ւ Օնիկ Գասպայանը պատերազմի ավարտից հինգ ամիս անց էլ շարունակում է չխոսել, չի խոսում անգամ այն դեպքում, երբ իրեն Փաշինյանը մեղադրում է սուտ խոսելու մեջ, մեր այս հարցին Գասպարյանը պատասխանեց.
«Օնիկ Գասպարյանը չի խոսում Փաշինյանի հետ փոխկապակցվածության պատճառով. Փաշինյանի և Գասպարյանի միջև փոխգործակցություն է եղել այս պատերազմը պայմանավորված պարտության տանելու հարցում, հիմա փորձելու են մեկը մյուսին չբացահայտել, ակնհայտ է, չէ՞, որ չէր կարող պարտություն լինել՝ առանց գեներալիտետի բարձր մասնակցության»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում