Բաժիններ՝

Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվեց

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ ապրիլի 13-ից Ժորժիկ Սերոբյանն ազատվում է Գյումրու մոր եւ մանկան ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնից։ Նույն որոշմամբ լուծվում է նրա հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը։

Մարզպետը նման որոշում է կայացրել՝ ղեկավարվելով «Տարածքային կառավարան մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «թ» ենթակետի 88-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Ժորժիկ Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 3․6-րդ կետի «գ» ենթակետը եւ 5․1 կետի «զ» ենթակետը։

Մոտ տասն օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցել էին, որ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերության մանկաբուժական բաժանմունքում 2020 թվականին պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների ձևական գրանցել են հիվանդանոցում և խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերությունում 2020 թվականի ընթացքում բուժումներ ստացած շահառուների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում առկա հիվանդների վերաբերյալ տվյալները։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրերը, որոնք վճարման են ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, որպիսի պայմաններում ՀՀ-ից՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 7.973.400 (յոթ միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ գումար։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ»,-հայտնել էին Դատախազությունից:

Բժիշկ Ժորժիկ Սերոբյանը Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն ընտրվեց եւ նշանակվեց 2020 թվականի սկզբին։ Նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը բողոքարկեց մրցույթի արդյունքները, այս գործը դեռեւս քննվում է դատական ատյաններում։

2020 թվականի հունվարի 14-ին Շիրակի մարզպետարանում կայացած մրցույթի արդյունքում երկու թեկնածուն էլ` հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանն ու Ժորժիկ Սերոբյանը ճանաչվեցին հաղթող: Առաջին փուլում Սերոբյանը պատասխանել էր գրավոր հարցերի 96 տոկոսին, Կուրղինյանը` 100, 2-րդ եւ 3-րդ փուլերի ընթացքում Կուրղինյանը ստացել էր հանձնաժողովի 7 անդամի 7 կողմ ձայնը, իսկ Սերոբյանը` 6 կողմ, մեկ դեմ:

Ընտրությունը կատարելու էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մրցույթից մի քանի օր անց նրա որոշմամբ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Ժորժիկ Սերոբյանը, վերջինիս հետ մարզպետը կնքեց աշխատանքային պայմանագիր

Ժ.Սերոբյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի (արդեն նախկին) մտերիմ ընկեր` ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Կարեն Պետրոսյանի մորեղբոր որդին է, հիվանդանոցի վնասվածքաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս