«Սա այսօրվա իշխանությունների բացարձակ փնթիության և անպատասխանատվության դրսևորում էր»․ Արմեն Բաղդասարյան

Այս շաբաթ հայ հանրությունը մեկ անգամ ևս հույսով լցվեց, ապա հուսախաբ եղավ, որ ապրիլի 8-ին նախ պաշտոնական մակարդակով հայտարարվեց, թե նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան, ինչին հաջորդեց Էրեբունի օդանավակայանում դատարկ ինքնաթիռի վայրէջքը:

Ու մինչ մերձիշխանական շրջանակները առանց գերի ինքնաթիռի մեղքը փորձում էին բարդել Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի վրա, վերջինս լրատվականներից մեկի հետ զրույցում՝ հարցին, թե ինչու էին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարել, որ գերիներ են վերադարձնելու, արձագանքել  էր.

«Կեղծ պրովոկացիա էր: Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` այս խայտառակ վիճակը մեկ անգամ ևս ապացուցում է մեր իշխանությունների փնթիությունն ու ոչ կոմպետենտությունը:

«Չեմ կարող ասել, թե սա ինչ է նշանակում: Միակ բանը, որ կարող ենք հստակորեն արձանագրել, որ սա մեր այսօրվա իշխանությունների փնթիության, բացարձակ փնթիության և անպատասխանատվության դրսևորում էր: Թե որոնք էին պատճառները, ես չեմ կարող ասել։ Այսինքն՝ խնդիրը ռուս-ադրբեջանական տիրույթո՞ւմ էր, թե՞ Թուրքիայի միջամտություն է եղել, թե՞ մեղավորը մենք ենք, որ ինչ-որ սխալ քայլեր ենք արել՝ չեմ կարող ասել, բայց արդյունքը մենք տեսանք: Մենք տեսանք, որ առանց այն էլ այս հուսահատության մեջ ընկած մեր հասարակությունը ևս մի այդպիսի, այս անգամ՝ ինֆորմացիոն տեռորի ենթարկվեց և ավելի հուսալքվեց: Եվ առաջին արձանագրումը, որ, իմ կարծիքով, աներկբա է՝ դա այսօրվա իշխանությունների բացարձակ ոչ կոմպետենտությունն ու անլրջությունն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ են իշխանության քարոզիչները փորձում գերիներ չբերելու մեղքը բարդել ՌԴ-ի վրա, այն դեպքում, երբ լուրը վարչապետի խոսնակն էր հաստատել, Ավինյանի գրասենյակն էլ էր արձագանքել դրան, մինչդեռ Մուրադովն էլ երեկ դա պրովոկացիա էր որակել, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ընդհանարապես այս իշխանությունների գործունեության հիմնական այցեքարտերից մեկը ցանկացած հարցում մեղքը ուրիշների վրա բարդելն է, և սա դրա հերթական դրսևորումն էր»:

Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` Արմեն Բաղդասարյանը նշեց, թե վստահ չէ, որ հունիսի 20-ին Հայաստանում կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու, ըստ նրա, դեռևս վաղ է նաև խոսել քաղաքական ուժերի հնարավոր դասավորումների կամ վերադասավորումների մասին:

«Նախ ես, իհարկե, վստահ չեմ, որ հունիսի 20-ին ընտրություններ կլինեն հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա հայտարարություններին, կարծում եմ, վաղուց որևէ մեկը լրջորեն կամ գոնե անվերապահորեն չի վերաբերվում: Այսինքն՝ ընտրություններ կա՛մ կլինեն, կա՛մ չեն լինի, և դա կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի մոտ օրերին Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը, կամ ինչ կպարզեն իրենք իրենց փակ հարցումներով իրենց վարկանիշի մասին: Ըստ այդմ, օրինակ, կարող են հայտարարել, որ համաճարակի թվերը բարձրացել են, կարող են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: Որևէ պատճառաբանություն կգտնեն, եթե տեսնեն, որ վերարտադրվելու շանս չունեն:

Ըստ այդմ էլ քաղաքական վերադասավորումների մասին խոսելու համար դեռևս բավականին վաղ է, որովհետև առայժմ մենք միայն մի լուրջ ֆիգուրի` Ռոբերտ Քոչարյանի մասին գիտենք, որ հայտարարեց, որ՝ այո՛, ինքն անպայման մասնակցելու է: Դեռևս հայտնի չի, թե ինչ ձևով է մասնակցելու Հանրապետական կուսակցությունը: Հստակություն կա ՀԱԿ հարցում, բայց վերապահումը շատ կարևոր եմ համարում` «եթե ֆորս-մաժոր չլինի», իսկ ֆորս-մաժոր կարող է լինել, հենց թեկուզ իշխանությունները կարող են պարզապես չեղյալ հայտարարել այդ ընտրությունները։

Կա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործոնը, որը, հիշում եք, հայտարարեց, թե այնքան էլ միանշանակ չի, որ ինքը կստորագրի, հնարավոր է՝ դիմի Սահմանադրական դատարան, և այլն: Ամեն դեպքում, եթե Կոնգրեսը մասնակցում է, կարծում եմ` նրա շուրջ կստեղծվի լուրջ բևեռ: Հետաքրքիր կլինի, թե ինչ ֆորմատով է Հանրապետականը միանալու, մասնակցելու ընտրություններին:

Այսինքն՝ խնդիրը դառնում է այն, թե այդ ընտրությունները կլինեն զուտ պայքար իշխանության համա՞ր` շատ կոշտ հռետորաբանությամբ, թե՞ կլինեն իսկապես ընտրություններ, որտեղ հանրությունն ընտրություն կկատարի՝ պետությունը այս վիճակից դուրս բերելու ծրագրերի միջև»,- ասաց Արմեն Բաղդասարյանը:

Վերլուծաբանի կարծիքով` հանրությունը պատրաստ կլինի նման ընտրություն կատարել, եթե նրան ներկայացնեն հստակ ծրագրեր և հստակ ճանապարհային քարտեզ:

«Առայժմ որևէ ուժ այդպիսի ծրագիր չի ներկայացրել, այդ թվում՝ նաև իշխանությունները: Նրանք ինչի մասին ասես՝ խոսում են, բացի երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհներից: Նրանք ընդամենն ինչ-որ կենացների մակարդակի բաներ են ասում` «ճանապարհներ կբացվեն, կզարգանանք, և այլն»: Բայց եթե քաղաքական ուժերը ներկայացնեն լուրջ, իրատեսական ծրագրեր, ապա, կարծում եմ` այո, հասարակությունը հիմա` հատկապես այս պատերազմից հետո, ավելի սթափ կընկալի իրավիճակը և ավելի լուրջ ընտրություն կկատարի: Համենայն դեպս, ես վստահ եմ, որ շատ քչերը կգնան ինչ-որ ընտրակաշառք վերցնելու, ընտրակեղծիքների և այլն, որովհետև մենք տեսանք, թե, ի վերջո, ուր է հասցնում տարիներ շարունակ այդպիսի պահվածքը»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է այս իրավիճակում «Հայրենիքի փրկության շարժմանը», ապա, ըստ վերլուծաբանի, նրանք դժվար թե այս ընտրություններում լուրջ դերակատարում ունենան: Բաղդասարյանի կարծիքով` հիմնական պայքարը կընթանա այլ բևեռների միջև:

Տեսանյութեր

Լրահոս