«Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ինձ ոչ ոք չի ծեծել». Լոռու մարզպետը հերքում է

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ օրերս ծեծի է ենթարկվել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Հիշեցնենք՝ նա մարզպետ է նշանակվել ամիսներ առաջ՝ վայր դնելով ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական մանդատը։

Թե ինչո՞ւ է ծեծի ենթարկվել մարզպետը, փորձեցինք ճշտել հենց նրանից, վերջինս, սակայն, հարցին հարցով պատասխանեց․

«Ի՞նձ են ծեծել, ո՞վ է ծեծել»,- ասաց նա, ապա արձագանքելով մեր տեղեկությանը, որ անգամ դիմել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու, նշեց․

«Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ինձ ոչ ոք չի ծեծել, չի կարող ծեծել, ու նման բան գոյություն չունի, ես էլ հիվանդանոց չեմ դիմել։ Ես հինգշաբթի օրը եղել եմ կառավարության նիստին, երեկ էլ ամբողջ օրն աշխատանքի եմ եղել․ փաստեր են, ու ինձ ոչ ոք չի ծեծել։ Վերջին անգամ կռիվ եմ արել փոքր ժամանակ»:

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ պատճառն ընտրություններից առաջ ուժային կառույցների որոշ շրջանակների մոտ դիրքերն ամրացնելու նրա մղումն է եղել, որը, սակայն, ձախողվել է:

Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյանը 2010-2018 թվականներին եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, իսկ 2012-2016 թվականներին՝ Վանաձորի ավագանի։ 2018 թվականին աշխատել է՝ որպես Լոռու մարզպետի պաշտոնակատար։

Տեսանյութեր

Լրահոս