Գագիկ Ջհանգիրյանն ինքն է հանդիպում խնդրել Հանրապետության նախագահի հետ
Ապրիլի 6-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Նշված էր, որ Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Ապրիլի 7-ին հաղորդագրություն տարածվեց, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանին:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
Անդրադարձ է եղել նաև Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
168.am-ը նախագահի աշխատակազմ գրավոր հարցում ուղարկեց՝ ցանկանալով պարզել, թե ինչո՞ւ է Արմեն Սարգսյանն առանձին ընդունել Գագիկ Ջհանգիրյանին, և արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին:
Նախագահի աշխատակազմից մեզ պատասխանել էին, որ Հանրապետության նախագահը պարբերաբար տարբեր հանդիպումներ է ունենում և շարունակելու է ունենալ պետական և ոչ պետական կառույցների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, հասարակայնության տարբեր խմբերի, գիտական, գործարար, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչի մասին տրվում են համապատասխան հաղորդագրություններ:
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին վերաբերող հանդիպումները ևս պետք է դիտարկել այդ շրջանակում, այդ թվում նաև՝ Ձեր նշած հանդիպումները ԲԴԽ նախագահ և դատավոր-անդամ Ռուբեն Վարդազարյանի և որպես իրավաբան-գիտնական՝ ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանի հետ: Վերջինիս հետ հանդիպումը կայացել է նրա խնդրանքով»,- գրված էր Բաղրամյան 26-ից ստացված պատասխանում:
Միաժամանակ տեղեկացրել էին, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակում կարող է ունենալ հանդիպումներ ցանկացած անձի հետ՝ իր հայեցողությամբ:
Ինչ վերաբերում է մեր հարցի երկրորդ մասին, նախագահի աշխատակազմից պատասխանել էին, որ կարծում են՝ դրա ճիշտ հասցեատերը Հանրապետության նախագահի աշխատակազմը չէ:
Միգուցե և նախագահի աշխատակազմը չէ հասցեատերն այն հարցի, թե արդյո՞ք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ԲԴԽ անդամների հավաքական կարծիքը չի ներկայացրել նախագահին, սակայն ևս մեկ անգամ նշենք, որ տարածված հաղորդագրության մեջ նշված էր, որ Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Փաստորեն, ԲԴԽ-ում առնվազն մեկ կարծիք չի համընկնում ԲԴԽ հավաքական մոտեցման հետ: