Այս մարդիկ վախենում են ԱԺ պատգամավորին, ԱԱԾ ՊՊԾ պետին կանչել, բացատրություն վերցնել. դատարանը լսեց Արծվիկ Մինասյանի բողոքը 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում` դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացավ Դատախազության և Քննչական կոմիտեի որոշումների դեմ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը:

Նիստի ընթացքում Արծվիկ Մինասյանի փաստաբան Բենիկ Գալստյանը նշեց, որ իր վստահորդը 2020թ․ դեկտեմբերի 28-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, համաձայն որի՝ նույն օրը ժամը 10։30-ի սահմաններում Դեմիրճյան փողոցում ոստիկանության աշխատակիցներն առանց որևէ իրավական հիմքի բերման են ենթարկել խաղաղ ակցիայի մասնակիցներին, ոստիկաններից մեկն էլ կոպիտ վերաբերմունք է դրսևորել իր նկատմամբ` վիրավորել իրեն, ապա բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Մինասյանը հետագայում` 2021թ․ հունվարի 18-ին, նաև մանրամասն բացատրություն է տվել, նշել, որ հավաքին չի խախտվել որևէ իրավական նորմ, հավաքին մասնակցել է ինքնաբուխ, առանց որևէ մեկի հետ նախապես պայմանավորվելու, որ ոստիկանները մինչև գործողությունների անցնելը անհրաժեշտ ձևով չեն նախազգուշացրել հավաքի մասնակիցներին՝ դրա անօրինական լինելու, դրանով հասարակական կարգը խախտելու մասին, ինչպես նաև չեն տրամադրել ողջամիտ ժամկետ` հավաքի վայրը լքելու համար: Փաստաբանի խոսքով` Մինասյանն այդ ընթացքում եղել է Դեմիրճյան փողոցի մայթին, չի խախտել հասարակական կարգը, չի վիրավորել որևէ մեկին, բայց Մինասյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Հունվարի 18-ին Մինասյանը նաև 2020թ․ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած մեկ այլ դեպքի մասին է հաղորդում ներկայացրել, ըստ որի՝ Դեմիրճյան փողոցի հավաքը ցրելուն, ոստիկանությունից բացի, մասնակցել են կողմնակի անձինք, մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և կանաչ գույնի զինվորական էլիտար համազգեստով ճաղատ անձնավորություն` ԱԱԾ ՊՊԾ պետը:

Մինասյանը միջնորդել էր իրավական գնահատական տալ ոստիկանների, ԱԺ պատգամավորի և ԱԱԾ ՊՊԾ պետի գործողություններին Քրեական օրենսգրքի 308 և 309 հոդվածների լույսի ներքո:

Բենիկ Գալստյանի խոսքով` քննիչ Լիլիթ Կարապետյանն իրականացրել է գործի նյութերի «ձևական նախապատրաստում», փաստական տվյալներին տվել է անհասկանալի տարբերակված մոտեցում և կայացրել էր ապօրինի որոշում, այն է. Մերժել է քրեական գործ հարուցելը: Ինչ վերաբերում է վերահսկողություն իրականացնող դատախազի որոշմանը, փաստաբանի խոսքով, այն ևս պատճառաբանված չէ և հանդիսանում է քննիչի կողմից կայացրած որոշման արտատպված տարբերակը: Փաստաբանը միջնորդեց դատարանին վերացնել Լիլիթ Կարապետյանի` 2021թ․ հունվարի 23-ի որոշումը` քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Վերահսկող դատախազը նշեց, որ իրականացվել է նյութերի բազմակողմանի ուսումնասիրություն, կայացվել է օրինական որոշում, իսկ ոստիկանների գործողությունների վերաբերյալ իրականացվում է ծառայողական քննություն: Քննիչ Կարապետյանն էլ միայն նշեց, թե միանում է դատախազի հայտնած դիրքորոշմանը:

Կողմերին լսելուց հետո դատարանը հետաձգեց նիստը, քանի որ նյութերի մի մասին դեռևս չէր ծանոթացել, քանի որ չէր ստացել: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 29-ին, ժամը 11։00-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն էլ նշեց, թե Քննչական կամիտեն և դատախազությունը միանշանակ չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, անհասկանալի պատճառաբանությամբ հավատացել են ոստիկանության աշխատակիցների ասածներին, որոնք ամբողջապես հակասում են Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստերին ու հարցաքննության չեն հրավիրել ո՛չ ԱԺ պատգամավորին, ո՛չ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային:

«Իմ կարծիքով՝ այս մարդիկ ուղղակի վախենում են ԱԺ պատգամավորին կանչեն, բացատրություն վերցնեն, ԱԱԾ պաշտոնատար անձին կանչեն, բացատրություն վերցնեն կամ նույնիսկ պարզեն, թե նրանք ովքեր են: Մի համակարգը, կներեք արտահայտությանս համար, ցրում է իր վրայից, ասում է` «սա ՀՔԾ ենթակա գործ է, այնտեղ քննում են», ՀՔԾ-ն ասում է` «մենք չենք քննում, իրենք են քննում»»,- ասաց Բենիկ Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս