«Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա». Արամ Օրբելյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (Շենգավիթ նստավայր)  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:  Դատարանի որոշմամբ ՔՕ 300.1-րդ հոդվածի հիմքով արդարացվածի կարգավիճակ ստացան Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը:

Դատարանի որոշման հրապարակումից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ապրիլի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՍԴ ներկայացրած դիմումի արդյունքում ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի դիմումում Արթուր Դավթյանի վկայակոչած նորմերը, հնարավոր է՝ արարքը վերաորակվի:

«Մեր կողմից դատախազների լիազորություններն իրականացնելու տիրույթում գործող քրեադատավարական նորմերն առերևույթ Սահմանադրությանը հակասում են, և այդպիսի մեկնաբանման առկայության դեպքում մենք լիազորված ենք լինելու նման գործողություններ անելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոս Պետրոսյանը:

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատախազներն անգամ կարող են չսպասել ՍԴ որոշմանը ու կրկին ՔՕ 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրել:

«Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա… Հետևաբար՝ ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքը ինքնին հակաիրավական, հակամարդկային և հակասահմանադրական է: Մարդու անմեղության կանխավարկածը որպես մարդու կարևորագույն իրավունքներից մեկը պետք է վերջապես ընկալել: Այսինքն՝ մոտեցումը, որ «ունենք հանցագործ», «մեր հոդվածի տեխնիկական խնդիրը» ընդունելի չի»,- նշեց Արամ Օրբելյանը:

Օրբելյանի խոսքով` հենց արդարացվածի կարգավիճակն էլ փաստում է, որ խոսքը հոդվածի տեխնիկական խնդրի մասին չէ, այլ, որ չկա արարք, որը Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, կհամարի հանցագործություն:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա կայացրած որոշման եզրափակիչ մասը` համաձայն որի՝ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Իրավաբանների պնդմամբ` ՍԴ որոշմամբ փաստվել է, որ ՔՕ 300.1 հոդված գոյություն չունի իր ստեղծման պահից` 2009թ.-ից:

Տեսանյութեր

Լրահոս