Ադրբեջանական և Ղարաբաղյան կողմերի միջև երկու հանդիպում է տեղի ունեցել. Արիֆ Յունուսով
«Ներկայիս բանակցություններն իմիտացիոն բնույթ չեն կրում, ինչպես նախկինում, այլ ունեն ինտենսիվ բնույթ՝ փոխադարձ դժգոհություններով, տարաձայնություններով, բայց դրանք կան»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:
Արիֆ Յունուսովը բացատրեց, որ բանակցությունները ներկայումս ընթանում են մի քանի մակարդակներում: Առաջին ուղղությունը, ըստ նրա, աշխարհաքաղաքական է՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, որը ներկայումս մեծապես կանգ է առել, բայց չի անհետացել: Ավելին, ըստ նրա` մենք պետք է հասկանանք, որ կա այսբերգի արտաքին կողմը և այն, ինչ տեսանելի չէ:
«Արտաքինից Ալիևը, օրինակ՝ արել է սուր հայտարարություն, որ մեզ պետք չէ Մինսկի խումբը, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ երբ լրագրողները հեռացան, նրանք խաղաղ խոսում, քննարկում էին ապագա տարբերակները: Մենք պետք է հասկանանք, որ երբեմն ինչ–որ բաներ ասվում են ներքին լսարանի համար, և դա լուրջ չպետք է ընդունել: Մինսկի խումբը որևէ տեղ չի անհետացել, պարզապես եվրոպացիները մի շարք պատճառներից ելնելով՝ զբաղված էին համավարակով, ԱՄՆ ընտրություններով, բայց ներկայումս մենք տեսնում ենք, որ ամերիկացիներն ակտիվացել են, սա դեռ սկիզբն է, կմիանան նաև եվրոպացիները։ Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը մնում է և լինելու է»,- ասաց Յունուսովը:
Երկրորդ ձևաչափը, ըստ նրա, եռակողմ է՝ Բաքու-Մոսկվա-Երևան, դա ներկայումս ամենաակտիվն է, առաջին պլանում այսօր այս ձևաչափն է, որտեղ գլխավոր դերը Ռուսաստանինն է:
Յունուսովի խոսքով, կա նաև երրորդ մակարդակը, որին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում, և դա, ըստ նրա՝ ավելի կարևոր է այն իմաստով, որ Ադրբեջանը 1994 թվականից խոսում է, որ սա հակամարտություն է Բաքվի և Երևանի միջև, և, որ բանակցությունները պետք է ընթանան այս երկու կողմի միջև, Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցություններն Ադրբեջանն ի սկզբանե մերժել էր: Բայց այսօր, նրա խոսքով, կոնֆիգուրացիան լիովին փոխվել է․ եթե նախկինում ամեն ինչ բավականին պարզ էր, ապա հիմա, ցանկանան թե ոչ, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ պետք է լուծեն, օրինակ, հենց Շուշիի էներգամատակարարումը, գազամատակարարումը, որը շրջափակման մեջ է, և իրականում ներկայումս ընթանում են կոնֆիդենցիալ կոնտակտներ ադրբեջանական և Ղարաբաղյան կողմի հետ: Նրա փոխանցմամբ՝ արդեն եղել է 2 հանդիպում, ոչ ոք չի բարձրաձայնում այդ մասին, սակայն հանդիպումներ եղել են Ղարաբաղի տարածքում՝ ոչ Ստեփանակերտում։ Հյուսիսում և Հարավում երկու հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի պատասխանատու դեմքերի մասնակցությամբ՝ նախագահական աշխատակազմից և Ազգային անվտանգության ծառայությունից և հայկական կողմից:
«Այսինքն՝ մենք տեսնում ենք՝ բանակցություններ, շփման գիծ, որպես այդպիսին, չկա, կան բնակավայրեր և անցակետեր, իսկ դրանց միջև դատարկ է, ինչը խնդիրներ է ստեղծում: Բայց այս մակարդակը ես կարևորում եմ: Անխոս, իրավիճակը չափազանց անորոշ է, անկասկած՝ շատ բան հստակ չէ, կողմերը չափազանց տարբեր մոտեցումներ ունեն, դա մեզ թույլ չի տալիս վստահորեն մտածել ապագայի մասին: Բայց այն, որ մեզ համար անտեսանելի տեղի են ունենում շփումներ, դա միանշանակ է»,- ասաց Յունուսովը՝ շարունակելով, որ ներկայիս բանակցություններն իմիտացիոն բնույթ չեն կրում, ինչպես նախկինում, այլ ունեն ինտենսիվ բնույթ՝ փոխադարձ դժգոհություններով, տարաձայնություններով, բայց դրանք կան:
Յունուսովը նաև ասաց, որ դեռևս չենք կարող ասել, որ թունելի վերջում լույս կա, բայց որ գործընթացը կա՝ միանշանակ է: