«Քարվաճառը մե՛րն է, խնդրում եմ Ձեզ, մոտեցեք ամբիոնին, ասեք, որ սխալմունք է եղել»․ Թագուհի Թովմասյանը՝ Հովիկ Աղազարյանին

«Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզնից էի սպասում այդ հայտարարությունը»,-  Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե Քարվաճառը հայկական չէ։

Թովմասյանի բնորոշմամբ՝ երեկվանից Աղազարյանի այդ հայտարարությունը փոթորկել է հասարակական-քաղաքական կյանքը․

«Ես ուզում եմ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մե՛րն է, և ուզում եմ ասել, որ Դադիվանքը մերն է։ Խնդրում եմ Ձեզ, որևէ կերպ մոտեցեք ամբիոնին, ասեք, որ սխալմունք է եղել, ասեք, որ լրագրողներն են, էլի, մի բան ասեք, միայն թե այս հայտարարությունը չմնա անպատասխան, որովհետև մենք միայն մեր ներքին լսարանի համար կամ ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար չենք խոսում, մենք գործ ունենք շատ ավելի լայն շրջանակների հետ, և այդ դժգոհությունը հասել էր ընդհուպ Արցախ, և մարդիկ շատ վատ հետևություններ էին անում»։

Թագուհի Թովմասյանը Վիքիպեդիայից համառոտ ընթերցեց Դադիվանքի մասին տեղեկությունը․

«Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Սկսվել է  կառուցվել 9-րդ դարում, ավարտվել՝ 13-րդ դարում։ Ես ձեզ խնդրում եմ այս և ցեղասպանության հետ կապված ձեր վիճահարույց դիտարկումները, հասկանում ենք, որ կարծիքի ազատությունը բոլորիս տրված է․ 2 մասով էլ խնդրում եմ տաք պարզաբանում, որովհետև մենք Ցեղասպանության պահանջատիրությունից հետ չենք նահանջել, և որևէ հայ չի կարող պահանջատիրությունից նահանջել»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մարտի 30-ին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.

«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է  եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:

Պատգամավորը նույն հարցազրույցում խոսել էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ ասելով․ «Թուրքիան վաղը ճանաչում է ցեղասպանությունը, ի՞նչ ես ստանում դրանից․․․»։

168.am-ը ԵԿՄ վարչության նախագահ,Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանից երեկ հետաքրքրվել էր՝ արդյոք համաձա՞յն է Հովիկ Աղազարյանի այս պնդման հետ։

«Ես դուխով ասում եմ, որ Քարվաճառը մերն է։ 9-րդ դարում․․․ Մենք այնտեղ Դադիվանք ունենք, 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»,- ասել էր Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Հովիկ Աղազարյանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը փորձել  էր ճշտել Նիկոլ Փաշինյանի կարծիքը, սակայն նրա մամուլի խոսնակն առաջարկել էր, որ գրավոր հարցում ուղարկենք։

Տեսանյութեր

Լրահոս