Ի՞նչ խնդիրներ պետք է դիտարկել ապաշրջափակման մասին խոսելուց առաջ
Ապրիլյան պատերազմի ավարտից հետո մենք ևս մեկ պատերազմական գործողության մեջ ենք, և այդ պատերազմի կիզակետում դրված է Հայաստանի պետականության լինելիության հարցը, իսկ այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում, մասնավորապես, Թուրքիայի հետ մոտեցումներ շտկելու վերաբերյալ, ապա դա ինձ մոտ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայաստանյան ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին, ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Հարց 1. այդ ի՞նչ ապաշրջափակման մասին է խոսում Անվտանգության խորհրդի քարտուղարը կամ վարչապետը։ Ապաշրջափակում տերմինը մեր խոսույթում ձևավորված արտահայտություն չէ, այն ներմուծվել է ադրբեջանաթուրքական քարոզչությունից։ Հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ են ասում՝ ապաշրջափակում, երբ մեզ են շրջափակել՝ այդ կերպ մեր նկատմամբ ցուցաբերելով թշնամական վերաբերմունք։
Հարց 2. այս իշխանության կողմից ինչո՞ւ են Թուրքիային ուղղվում ուղերձներ, որոնք ամբողջությամբ չեն ընկալվում այդ երկրի, անգամ այլ երկրների կողմից, և ինչ-որ առումով՝ նաև ժամանակավրեպ են։ Ասվածի ապացույցն է այն, որ մինչև այսօր հասկացված չէ, թե ի՞նչ է նշանակում հարաբերություններ՝ առանց նախապայմանների ասվածը, մի ձևակերպում, որը հասկացված չէ անգամ միջազգային հանրության կողմից, հետևաբար՝ նմանատիպ մի ձևակերպում էլ այդ ապաշրջափակում ասվածն է: Այսինքն՝ այդ ապաշրջափակում ասվածի տողերի արանքում մտավախություններ կան»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու օրակարգը չի ձևակերպվել Հայաստանում, և դատելով այն բառամթերքից, որն օգտագործում է իշխանությունն առանց այդ բառամթերքը զտելու և մաքրելու, գալիս է հետևյալ համոզմանը.
«Դատելով օգտագործվող բառամթերքից՝ կարելի է ասել, որ դա թուրք-ադրբեջանական պրոյեկտ է։ Այստեղ շատ կարևոր է, սակայն, հասկանալ, թե այդ ի՞նչ ռեսուրսներով է Հայաստանը գնալու Թուրքիայի հետ սահմանների բացման, երբ արցախյան կոնֆլիկտը դեռ չի լուծվել, իսկ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով՝ կիրառելով «եթե», «ապա» բանաձևը, թեև ՀՀ ԱԳ նախարարը հնչեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խոչընդոտը վերացված է, այսինքն, տեսանելի է, որ Թուրքիայի կողմից մեզ հղվող ազդակներին ՀՀ-ի կողմից համաչափ արձագանք չկա։ Սրանից բացի, մինչև վերջերս չկար միասնական տեսակետ, թե ի՞նչ պետք է անել Թուրքիայի հետ, ուստի այդ հարցը այսպես արագ, մի քանի օրերի ընթացքում օրակարգ մտցնելը ևս մտահոգությունների տեղիք է տալիս»։
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հետևանքով Հայաստանին սպառնացող իրական վտանգների մասին՝ թուքագետը, մասնավորապես, հիշեցրեց, որ, օրինակ, Կարսում Ադրբեջանի հյուպատոսարանը հսկայածավալ դիվանագիտական կորպուս ունի, որի նպատակը մեկն է՝ արթուն պահել հակահայկական տրամադրությունները։
«Ավելին, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ՀՀ գյուղատնտեսությունը կկարողանա դիմակայել թուրքական արտադրության գյուղատնտեսական ապրանքներին, ապա չեն պատկերացնում, որ թուրքական տնտեսությունը հայկականը կուլ կտա մի քանի ժամվա ընթացքում, որովհետև Թուրքիայում տնտեսությունն ու քաղաքականությունն այնքան սերտաճած են իրար, որ եթե ինչ-որ տեղ թուրքական քաղաքականությունն ակտիվանում է, դրան անմիջապես հետևում է տնտեսականը, և նույն լինելու է Հայաստանում, այն էլ՝ այն դեպքում, երբ Հայաստանում ենթակառուցվածքներն այսպիսի ողբերգական վիճակում են, ուստի հենց սահմանները բացվեն, այստեղ կգան ամենատարբեր ծագման ներկրողներ»,- ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ սրանք խնդիրներից ընդամենը մեկ-երկուսն են, մինչդեռ խնդիրների ցանկը շատ երկար է։
«Կարծում եմ, Հայաստանին սահմանների բացման հետ կապված մատուցվելու է այնպիսի սցենար, որոնք արտաքինից գրավիչ են, բայց քննարկումները պետք է այնպես տարվեն, որ բոլորս հասկանանք, թե ի՞նչ գնով են բացում սահմանները։ Հույս ունեմ, այս անգամ դա չի լինի գիշերային անակնկալ»,- ասաց նա։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է բացատրում իշխանությունների պնդումներն առ այն, որ մենք դրանց դիմակայելու բանաձևեր պետք է գտնենք ու պետք է նաև տարածաշրջանին օգնենք մեր նկատմամբ դիտանկյունը փոխել, Վահրամ Տեր-Մաթևոսյանը պատասխանեց.
«Այս ընդհանուր բնույթի դատողություններն ու ուժային կառույցներին մեսիջներն ուղարկելն ինձ զարմացնում են. մեսիջներ են ուղարկվում և ո՞ւմ կողմից։ Ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են կարողանում նման թեզեր դնել շրջանառության մեջ»։
Խոսելով վաղվա Հայաստանի իր տեսլականի մասին՝ թուքագետը նշեց, որ պետք է դադարեցնել այլևս նախկինի և ներկայի համեմատություններով ապրելն ու պետք է բացել նոր էջ և հասարակությանը տալ նոր միտք։
«Հասարակական նոր դաշինքի մասին քննարկում պետք է սկսել, մինչև 2020 թվականն այդ դաշինքը ձևավորված էր, բայց այդ մոդելն այս պատերազմով փլուզվեց, ուստի պետք է նոր դաշինք հասարակության և իշխանությունների միջև։ Հաջորդ խնդիրը պետականաշինության գործին լրջորեն մոտենալն է, չպետք է մոտենալ այս հարցին ժամանակավորության սկզբունքով, ինչը մինչև հիմա է եղել։ Մենք պետականաշինության նոր ռազմավարություն պետք է մշակենք։ Հաջորդ կարևոր խնդիրը Հայաստանի ժողովրդագրության խնդրի կարգավորումն է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում