Վերջին կինը, որ դուրս է եկել գյուղից՝ ես եմ եղել. Քաշաթաղցին՝ պատերազմից հետո առաջացած խնդիրների մասին
Քաշաթաղի շրջանից տարհանված, Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցած Արամ Ավագյանն իր 6 երեխաների և կնոջ հետ ժամանակավոր, վարձով բնակվում է Արարատի մարզի Խարբերդ համայնքի ամառանոցներում, որտեղ պայմաններն անբարենպաստ են. տունը փոքր է, չկան հարմարություններ:
«Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղից ենք, որը, ցավոք, օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Ունեմ 8 երեխա, որոնցից երկուսն ամուսնացած են, մեկն արդեն 22 տարեկան է, իսկ մյուս 5 երեխաներն անչափահաս են: Ունենք հագուստի, սննդի կարիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տան տիկինը՝ Լուսինեն:
Նա պատմեց, որ Գողթանիկ գյուղում ապրել են անհոգ կյանքով, ունեցել են տուն, այգի, աշխատանք, իսկ հիմա ոչինչ չունեն:
«Այնտեղ 2 տուն ունեինք, մեկը նորակառույց էր, 6-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը հատկացրեց մեզ: Այգի ունեինք՝ 5000 մետր, պտղատու ծառեր՝ խնձոր, դեղձ, ընկույզ և այլն: Զբաղվում էինք հողագործությամբ, աշխատում դպրոցում՝ ես՝ պահակ, ամուսինս՝ օժանդակ բանվոր: Բայց այդ չարաբաստիկ պատերազմը մեզանից խլեց ամեն ինչ: Երեխաներին սեպտեմբերի 28-ից հանել ենք գյուղից, ես մինչև հոկտեմբերի 25-ն այնտեղ եմ եղել. վերջին կինը, որ դուրս է եկել գյուղից՝ ես եմ եղել»,- նշեց տիկին Լուսինեն:
Ընտանիքը չի կարողացել անգամ տան ամբողջ գույքը հանել այնտեղից, քանի որ տեղափոխելու համար պահանջել են մոտ 150.000 դրամ:
«Արցախից Երևան 150.000 դրամ էին ուզում, իսկ միայն Սիսիան տեղափոխելու համար՝ 80.000 դրամ: Երբ օգտվեցինք կառավարության կողմից հատկացվող աջակցության ծրագրերից, ստացանք և՛ 300.000-ական, և՛ 68.000-ական դրամները, կարողացանք ձեռք բերել լվացքի մեքենա, հեռուստացույց: Վառելիքի հարցն ահավոր է. միայն 400.000 դրամ վառելիքի համար ենք ծախսել: Հունվարի 11-ից էլ գրանցվել ենք Շենգավիթում, բայց մինչ օրս ոչ մի օգնություն չենք ստացել, զանգում ենք, ասում են՝ աջակցություն չկա: Բացի այդ՝ փնտրում ենք պահակի աշխատանք»,- ասաց նա:
Ընտանիքին օգնել հնարավոր է Արցախբանկի քարտի միջոցով՝ 9051350200611216, որը Լուսինե Աբրահամյանի անունով է: