Ի՞նչ հայց է վերադարձրել դատարանը. Օնիկ Գասպարյանի փաստաբանի պարզաբանումը

Այսօր լուր տարածվեց, որ Վարչական դատարանը, դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

168.am-ի հետ զրույցում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք 2 հայց էին ներկայացրել Վարչական դատարան, որոնցից մեկով առոչինչ էին ճանաչում իրավական ակտը, մյուսով՝ անվավեր:

«Երկուսն էլ վերադարձրել էին մեզ: Մենք առոչինչ ճանաչելու հայցի հիման վրա նոր հայց ներկայացրեցինք իրավահարաբերությունների բացակայության հիման վրա, որով էլ դատավոր Մհեր Պետրոսյանը բավարարեց հայցը ապահովման միջոց կիրառելու՝ մեր միջնորդությունը: Բայց մենք չսահմանափակվեցինք դրանով, որովհետև ցանկացանք ամեն դեպքում պարզել վեճի առարկան՝ կա՞ր ակտ, թե՞ ոչ, որ եթե հանկարծ իրավահարաբերության մասին հայցը բավարարվի, վերադաս ատյաններում այդ հիմքով չբեկանեն»,- նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ այդ նպատակով իրենք իրենց վերադարձրած հայցերի վերաբերյալ միջանկյալ ակտերը վիճարկում են վերադաս ատյաններում, որ շատ արագ հարցը վերջնական լուծում ստանա՝ ի վերջո, կա՞ ակտ, թե՞ ոչ:

«Եթե միջանկյալ ակտի բողոքարկման դեպքում մինչև Վճռաբեկ դատարան ասեն, որ չկա ակտ, արդեն վերանում է ռիսկը, որ Մհեր Պետրոսյանի մոտ գտնվող վճիռը կբեկանվի: Քանի որ առոչինչ ճանաչելու հայցի հիման վրա էինք մենք մեր հայցադիմումը փոխել ու ուղարկել դատավոր Պետրոսյանին, գործի ընթացքը չդանդաղեցնելու համար սահմանված ժամկետում նույն հայցից  տարել էինք էլի դատարան, որը մակագրվել էր Լիանա Հակոբյանին: Հիմա նա էլ նույն բանն է ասում, ինչ դատավոր Մհեր Պետրոսյանը՝ ակտ չկա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հենց Լիանա Հակոբյանի կողմից վերադարձված հայցն իրենք այսօր կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում:

Բողոքարկման իմաստը, ըստ փաստաբանի, եռաստիճան դատական համակարգի կողմից վերջնական պատասխան ստանալն է:

«Իսկ բուն, վարույթ ընդունված հայցն ընթացքի մեջ է: Մոտ օրերս մենք նաև կլրացնենք հայցը Արտակ Դավթյանի պաշտոնավարման իրավահարաբերության բացակայության մասով, որով ևս կմիջնորդենք կիրառել հայցի ապահովման միջոց և արդեն հընթացս կհասկանանք՝ պարտավորեցնե՞լ արդյոք պաշտպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել իր այն հրամանը, որով Օնիկ Գասպարյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ ու հանվել ցուցակներից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով՝ եթե դատավորը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու իրենց միջնորդությունը, ԴԱՀԿ-ում էլ արդեն չեն ասի, որ դատական ակտը կատարման ապահովում չի ենթադրում:

«Ուշագրավն այն է, որ այս ընթացքում վարչապետի աշխատակազմը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեկով՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ: Դրա որոշումն այսօր 17:30 արդեն կհրապարակվի: Միջնորդել են նաև հայցի ապահովման միջոցը վերացնել»,- նկատեց փաստաբանը:

Մեր հարցին, թե որոնք են դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքերը, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ վարչապետի աշխատակազմի համար խնդրահարույց է այն, որ դատավորի կողմից վերադարձված հայցերը, ինչպես նաև հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն իրենք առձեռն են ստացել, իսկ նրանք՝ փոստով:

«Բացի այդ էլ, նշել են, որ լրատվամիջոցներից մեկին ասել եմ, որ ես էլ եմ ուրիշ տեղերից տեղեկություն ստանում, որ դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մեր միջնորդությունը, բայց դեռ որոշում չունեմ: Իսկ դա այն օրն էր, երբ լրագրողներն իրենք էին զանգում ասում, որ տարբեր տելեգրամ ալիքներից տեղեկացել են այդ մասին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ այդ մասին ողջ դատական դեպարտամենտը կարող է տեղյակ լինել, դատավորի օգնականները, կայքում տեղադրված է, և իր ասածը որևէ կերպ չի կարող վկայել այն մասին, որ ինքը դատավորից է իմացել այդ մասին:

Փաստաբանը նշեց, որ քանի որ նոր են իմացել այս մասին, չեն հասցրել նույնիսկ պատասխանել:

«Կարող էինք սարկազմով ասել՝ ո՞րն է ավելի կանխակալ… Չէ՞ որ դուք ավելի շուտ էիք փաստորեն իմացել՝ ինչ կարող է լինել, որ նախապես ԱԱԾ աշխատակից էիք ուղարկել դատավորի մոտ»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս