ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն Ընտրական օրենսգրքի հարցը թողել են «Իմ քայլ»-ի հայեցողությանը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, թե նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի՞նչ Ընտրական օրենսգրքով են անցկացվելու:
«Հարգելի կառավարություն, մեծարգո վարչապետ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ շուտով տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշվում է, որ դա տեղի է ունենալու հունիսի 20-ին: Դուք՝ որպես քաղաքական մեծամասնության ղեկավար, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այդ ընտրություններն անցկացնելու վերաբերյալ՝ դրանք անցկացնել գործող ընտրական օրենսգրքո՞վ, թե՞ փոփոխված ընտրական օրենսգրքով»,- հետաքրքրվեց Բագրատյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով Սահմանադրությունը, որի համաձայն՝ ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: Անկախ պատգամավորի բնորոշմամբ՝ «մեծարգո վարչապետը» շտապեց հիշեցնել վերջինին, որ դրանք ամենևին էլ մամուլում շրջանառվող լուրեր չեն:
«Թույլ տվեք արձանագրել, որ ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե՝ ըստ մամուլի տեղեկությունների, այլ՝ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՀՀ նախագահի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի հետ քննարկումների, նաև արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում, այսինքն՝ մենք արձանագրել ենք հետևյալ պայմանավորվածությունը, որ սահմանված ժամկետներում, այսինքն՝ հաշվարկ, Ընտրական օրենսգրքով տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու է, որից հետո հունիսի 20-ին հենց քվեարկության օրն է: Այսինքն՝ 20-ը ֆիքսել ենք և հետահայաց, հետհաշվարկով մնացածը կկազմակերպենք: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին. Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակա՞րգը լինի, թե՞ ռեյտինգային ընտրակարգը չլինի: Իրենք, ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այս հարցի վերաբերյալ իրենք, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի՞, թե՞ չլինի, որից հետո խորհրդարանական մեծամասնությունը, հանդիպումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց այսօրվա հարցուպատասխանին մինչև այդ պահն առաջին անգամ ամբիոնին մոտեցած Փաշինյանը:
Ստացվում է, որ ընտրությունների օրը նշանակվել է, մնացած գործընթացներն էլ պետք է հարմարեցվեն դրան, իսկ Սահմանադրություն և նախագահ, կարելի է ենթադրել, որ չունենք, կամ այդ ինստիտուտները հաշվի առնող չունենք:
Իսկ պատգամավոր Բագրատյանը Փաշինյանի պատասխանին արձագանքելիս՝ նշեց, որ ինքն ընտրությունների անցկացման մասին իմացել է մամուլից, այդ պատճառով է նշում, որ դա մամուլում շրջանառվող տեղեկություն է, փաստորեն, կա պատգամավոր, որը տեղյակ չէ, թե ի՞նչ է գրում Փաշինյանը Ֆեյսբուքում: Բագրատյանը «լիարժեք պատասխան ստացավ», սակայն ճշտող հարց էլ ուներ:
«Այդ քաղաքական պայմանավորվածությունը ուժի մեջ է նաև փակ համամասնական ընտրակարգը ընդունելու առումո՞վ, թե՞ դա զուտ մեծամասնության հայեցողությանն է թողնված»,- հարցրեց Բագրատյանը:
Նիկոլ Փաշինյանն անկախ պատգամավորին ծանոթացրեց մանրամասներին:
«Այն հաղորդագրությունը, որը տարածվել է, կապված հունիսի 20-ի հետ, հաղորդագրության տեքստը համաձայնեցված է եղել և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, և՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, և, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: Պարզապես այդ ֆորմատն է ընտրվել, որ մամուլի հաղորդագրություն տեղի ունենա, թողարկվի, որ հանրությունը տեղյակ լինի, էդ ձևաչափն է ընտրվել: Ինչ վերաբերում է փակ համամասնականին, ընտրակարգը պայմանավորվածության մաս չէ, բայց հանդիպումների ժամանակ արձանագրվել է, որ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն ընտրակարգի փոփոխությանը: Ասվել է, լավ, ուղիղ ասեմ, ասվել է, որ մենք կողմ չենք քվեարկի, որովհետև չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվությունը, եթե դուք ուզում եք փոխեք՝ փոխեք, մենք խնդիր չունենք, մենք առնվազն դրան դեմ չենք արտահայտվի:
Քաղաքական պայմանավորվածությունները նրբություններ ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրա վրա, բայց հույս ունենք, որ այս դեպքում… բայց մենք ինչ-որ ասել ենք՝ հստակ մեր պարտավորություններով առաջ ենք շարժվելու»,- ասաց Փաշինյանը: