Մարությանն անմիջապես հրաժարական է ներկայացնելու, եթե Փաշինյանի իշխանությունը չվերարտադրվի. Դավիթ Խաժակյան
Այսօր ԱԺ որոշմամբ վերացվեց ռազմական դրությունը: Օրենսդիրի այս որոշումն ըստ էության հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որով նա, խախտելով ՀՀ Սահամանադրությունը, ԱԺ արտահերթ ընտրությունների օր է հայտարարել հունիսի 20-ը, մինչդեռ Սահմանադրությամբ ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը: 168.am-ը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրեց, թե օրենսդիրի հնարավոր արտահերթ ընտրությունից հետո կնախաձեռնե՞ն քաղաքային իշխանության արտահերթ ընտրություններ:
«Եթե մենք հնարավոր համարում ենք, որ Փաշինյանը զրկվելու է իշխանությունից, ապա շատ տրամաբանական է լինելու, որ դրանից հետո անմիջապես լինեն ավագանու արտահերթ ընտրություններ, որովհետև քաղաքն այս քաղաքապետով գործել չի կարող, իսկ քաղաքապետն առանց Փաշինյանի առկայության՝ չի կարող շարունակել պաշտոնավարել՝ հաշվի առնելով և՛ քրեական, և՛ կառավարչական հանգամանքներ»,- ասաց Խաժակյանը:
«Լույս» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ եթե Փաշինյանի կառավարությունը չվերարտադրվի, ապա նոր իշխանությունը չի ցանկանա աշխատել քաղաքային այս իշխանության հետ:
«Ես կարծում եմ, որ դրանից հետո Մարությանն անմիջապես հրաժարական է ներկայացնելու, նույնիսկ, եթե նա դա չանի, պարզապես իր համար աշխատանքային պայմաններ չեն լինի, որևէ երկրի ղեկավար չի հանդուրժի նման քաղաքային իշխանություն»:
Իսկ ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը տեսնո՞ւմ է քաղաքապետի արժանի թեկնածու:
«Վաղ է այդ մասին խոսելը, երբ տեսնենք, թե ինչպիսի քաղաքական կոնյունկտուրա է ձևավորվում խորհրդարանական ընտրություններից հետո, արդեն պարզ կլինի նաև, թե քաղաքում ինչպիսի զարգացումներ կլինեն»,- ասաց Խաժակյանը:
Ի՞նչ ընթացակարգ է գործում քաղաքապետին պաշտոնանկ անելու, նրա հրաժարականի, ավագանին ցրելու և ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար: 168.am-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը (21 հոգի) կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը պետք է ներառի ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է՝ որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները: Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ և գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Ըստ նույն օրենքի 45-րդ հոդվածի՝ ի թիվս այլ հանգամանքների, քաղաքապետի լիազորությունները կարող են դադարել նաև իր լիազորությունների (պարտադիր, պատվիրակված) ոչ պատշաճ իրականացման հիմքով ՀՀ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կառավարության կողմից պաշտոնանկ արվելու դեպքում: Նույն հոդվածը նաև սահմանում է, որ քաղաքապետին կարող են անվստահություն հայտնել, եթե նա չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, օրինակ՝ եթե ունի այլ երկրի քաղաքացիություն:
Եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա քաղաքապետի հրաժարականից հետո առաջիկա երեք օրերին ավագանին պետք է արտահերթ նիստ գումարի և նշանակի արտահերթ ընտրություններ: Եթե երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի որևէ թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի՝ Կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ՝ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը: