Ամենակարևորը, որ ՀՀ իշխանությունները չպետք է անեն՝  ֆորմալ առումով հայ-թուրքական պրոցես չսկսելն է մինչև ապրիլի 24-ը. Սուրեն Սարգսյան

«Ցեղասպանության ճանաչումը մշտապես դիտարկվել է թուրք-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում՝ սկսած 1990-ական թվականներից, երբ Հայաստանն անկախ պետություն դարձավ»,- «Հայ-ամերիկյան օրակարգ. կձևավորվի՞ երբևէ» խորագրով առցանց հանդիպման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում բոլոր նրանք, ովքեր պայքարում էին նախագահի աթոռի համար, խոստանում էին հայ համայնքին ճանաչել Ցեղասպանությունը:

Միջազգայնագետը հավելեց, որ բացառություն չէ նաև  ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, որն ընտրվելուց ամիսներ առաջ ԱՄՆ հայ համայնքին խոստացավ ճանաչել Ցեղասպանությունը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:

Ըստ նրա՝ ԱՄՆ նոր վարչակազմն էապես տարբերվում է նախորդ վարչակազմերից, որովհետև Ցեղասպանության ճանաչումը նրանց համար շատ ավելի հեշտ և հնարավոր պրոցես է, քան մնացած վարչակազմերի համար, իսկ թե ինչ հանգամանքներով պայմանավորված՝ Սուրեն Սարգսյանը մանրամասնեց.

«Առաջին հանգամանքն այն է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն գտնվում այն մակարդակի վրա, ինչպիսի մակարդակի վրա ԱՄՆ-ը կցանկանար, որպեսզի ռազմավարական գործընկերների հարաբերությունները գտնվեին:

Երկրորդ՝ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժի միջոցներ կիրառել թուրքական քաղաքականության պատճառով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին:

Երրորդ կարևոր գործոնն այն է, որ ԱՄՆ նախագահի քաղաքական թիմը՝ դեմոկրատների թիմը, ամբողջությամբ Կոնգրեսի երկու պալատներում էլ կողմ է քվեարկել Ցեղասպանության բանաձևի ճանաչմանը:

Բնականաբար, ես չեմ կարող պնդել, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց ես կարող եմ պնդել, որ երբևէ գեոպոլիտիկ ավելի հարմար դասավորվածություն չի եղել, որքան այսօր, որպեսզի Վաշինգտոնը ճանաչի Ցեղասպանությունն ԱՄՆ նախագահի մակարդակով»:

Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների 37 սենատորներ միացել էին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նամակին՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին՝ հետևել Կոնգրեսին և ամբողջությամբ ու պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հարցին, թե Հայաստանից ի՞նչ ազդակներ կարող են ուղղվել միջազգային հանրությանը և ԱՄՆ-ին, որպեսզի ճանաչման գործընթացն ավելի դյուրին լինի, և արդյո՞ք ՀՀ իշխանությունները գիտեն՝ ինչ անել Ցեղասպանության ճանաչման դեպքում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, վստահ էլ չեմ, որ Հայաստանի իշխանություններն ինչ-որ բան կարող են անել, խանգարելուց բացի.  որևէ բան պետք չի, որ անեն, որովհետև եթե չեն կարող օգնել, թող չխանգարեն:

Այստեղ ամենակարևոր բանը, որ ՀՀ իշխանությունները չպետք է անեն՝  ֆորմալ առումով հայ-թուրքական պրոցես չսկսելն է մինչև ապրիլի 24-ը:

Եթե հայ-թուրքական բանակցություններ սկսվեն, բնականաբար, Թուրքիայի նախաձեռնությամբ, բնականաբար, կեղծ օրակարգով, եթե Հայաստանն իր ձեռքը մեկնի Թուրքիային, սա կխանգարի Բայդենին՝ ճանաչել Ցեղասպանությունը, այնպես, ինչպես խանգարեց Օբամայի վարչակազմին՝ ֆուտբոլային դիվանագիտության առաջին երկու տարիներին:

Չնայած երկրորդ տարվանից հետո, բնականաբար, հնարավորությունը կար.  ակնհայտ էր բոլորի համար, որ տապալվել են հայ-թուրքական բանակցությունները թուրքական կողմի նախաձեռնությամբ, բայց Օբաման իր խոստումը չկատարեց, և, ըստ էության, Բայդենն ունի հնարավորություն այս խոստումն իրականացնելու»:

Ամփոփելով՝ միջազգայնագետը նկատեց, որ եթե  ՀՀ իշխանությունները ցանկանում են օգնել,  ապա պետք է մեսիջներ ուղարկվեն Վաշինգտոն՝ քաջալերելու, որպեսզի վարչակազմն այդ քայլին գնա:

Ինչ կհետևի ճանաչմանը. հարցին ի պատասխան` Սուրեն Սարգսյանը նշեց, որ սա նախևառաջ՝ իրավական, քաղաքական, բարոյական գնահատական է. իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, սակայն շեշտեց, որ այն չի կարող ունենալ աշխարհաքաղաքական հետևանքներ:

«Բայց մեզ համար մի շատ կարևոր հանգամանք կա, որ մենք Վաշինգտոնում մեր ռեսուրսն ամբողջությամբ կկարողանանք կենտրոնացնել այլ ուղղությունների վրա՝ այն ռեսուրսը, որը ծախսում ենք Ցեղասպանության ճանաչման վրա, օրինակ՝ ԼՂ ճանաչում, Լեռնային Ղարաբաղին ուղիղ օգնության տրամադրում, օրինակ՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերացում և այլն»,- հավելեց Սուրեն Սարգսյանը:

Հարցազրուցավարի խնդրանքով միջազգայնագետն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին,  հասարակական ապատիկ տրամադրություններին ու դրանից դուրս գալու հնարավոր ելքերին  ու հայտնեց  հետևյալ համոզումը, որ ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում ու դրանցից հետո առկա լարվածությունը կպահպանվի.

«Այս լարվածությունը բավականին երկար ժամանակ մեզ հետ լինելու է (լավ ժողովրդական խոսք՝ մի քիչ էլ  կվատանա, ու այդպես ստաբիլ վատ կմնա. կարծես այդ ճանապարհով էլ գնում ենք):  Նույնիսկ պառլամենտական ընտրությունները լուծում չեն լարվածությունը թուլացնելու համար.  այդ ընտրություններից հետո էլ լարվածությունը լինելու է, փողոցում ակցիաները լինելու են: Այս խնդիրները չեն լուծվելու ընտրությունների արդյունքում:

Այդ առումով, կարծում եմ, ընտրությունները լուծում չեն, և առաջիկայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում չեմ տեսնում, բացի այս քաղաքական թիմի հեռացումից»:

Տեսանյութեր

Լրահոս