Բայդեն-Պուտին պայթյունավտանգ «փոխհրաձգություն». Ինչպիսին կլինեն ԱՄՆ-ՌԴ նոր ճգնաժամի Ղարաբաղյան հետևանքները

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաստատական պատասխանը լրագրողի հարցին, թե մարդասպա՞ն է արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոթորկել է միջազգային հարաբերությունները, և այն բացառիկ իրադարձություն է նույնիսկ Վաշինգտոն-Մոսկվա ճգնաժամային հարաբերությունների դեպքում։

Թեև ՌԴ նախագահն իր ոճով պատասխանել է ամերիկյան կողմին և խորհրդակցությունների նպատակով ետ կանչել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին, ինչը ևս աննախադեպ իրադարձություն է ռուս-ամերիկյան հարաբերություններում, Ռուսաստանում դեռ փորձում են հասկանալ՝ արդյո՞ք Բայդենը հասկացել է՝ ինչ է ասել, թե՞ իսկապես պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և Պուտինին։ Այս հարցի պատասխանի հստակեցումից է կախված, թե ինչ պատասխան քայլեր կձեռնարկի Ռուսաստանն իր դեմ իրականացվող արշավի և սանկցիոն քաղաքականության դեմ ու ընդհանրապես ավելի լայն իմաստով ինչպես կդասավորվեն Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները Բայդենի օրոք։

Ի դեպ, բացի Բայդենի աղմկահարույց հարցազրույցից, մարտի 17-ից ԱՄՆ իշխանություններն ընդլայնեցին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» միջադեպի պատճառով, և նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտել մարտի 18-ից ու վերաբերում են ազգային անվտանգության հետ կապված արտահանումներին: Սպասվում են նաև պատժամիջոցներ․ օրերս հրապարակվեց ԱՄՆ հետախուզական ծառայության զեկույցը, ըստ որի՝ Ռուսաստանն ու Իրանն ապատեղեկատվություն են տարածել՝ փորձելով ներազդել Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի միջև 2020 թվականի նախագահական ընտրարշավի վրա։ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության հրապարակված 15 էջանոց զեկույցում նշված է, որ ընտրությունների տեխնիկական կողմի վրա ներազդելու նշաններ չկան, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ ռուսական մի շարք կառավարական կազմակերպություններ գործունեություն են իրականացրել՝ վարկաբեկելու համար նախագահի թեկնածու Ջո Բայդենին ու Դեմոկրատական կուսակցությանը, աջակցելու նրա մրցակից, նախկին նախագահ Թրամփին, ինչպես նաև խարխլելու հանրության վստահությունն ընտրական գործընթացների հանդեպ և սրելու սոցիալ-քաղաքական տարաձայնությունները Միացյալ Նահանգներում։

Այս ամենը «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից, հեղինակավոր վերլուծաբան Լիլյա Շևցովան համարում է հարձակում Ռուսաստանի նկատմամբ։ Նա իր ֆեյսբուքյան էջում հարցը փիլիսոփայորեն է դիտարկել՝ գրելով․

«Այս դեպքում ՌԴ-ն ինքնանպատակ չէ։ Ռուսաստանը միջոց է։ Արևմտյան առաջատար տերությունները սկսել են վերակենդանացման ուղիներ փնտրել, որում ՌԴ-ին հատկացվում է գործիքային դերակատարություն։ Մի խոսքով՝ ադրենալինի դեր։ Ի դեպ, վաղուց Ռուսաստանն իր դերն է խաղում Արևմուտքի էվոլյուցիայի հարցում: Եվ ժամանակն է խոսել այդ մասին»: Նա նշում է, որ արևմտյան արժեքները մղվել են երկրորդ պլան, և առաջին պլան է եկել շահը, և այսօր լիբերալ հանրության առջև խնդիր է դրվել՝ դեպի ուր ընթանալ՝ առաջնահերթություն տալ աշխարհաքաղաքական և տնտեսական շահի՞ն, թե՞ սկզբունքներին՝ մարդու իրավունքներ, ազատություն և օրենքի գերակայություն։ Այսօր, նրա արձանագրմամբ, Արևմուտքն առաջնորդվում է շահով, որի դեպքում բոլորը կքայքայվեն և կփչանան, ու միայն սկզբունքներին առաջնայնություն տալու դեպքում ռուսական էլիտան մտածելու բան ունի։ Սակայն, Շևցովայի խոսքով, Ռուսաստանն ադրենալինի դերում՝ սրամիտ է, սակայն ռիսկային։

Հեղինակավոր ռուս մեկ այլ քաղաքագետ Դմիտրի Տրենինն իր հոդվածում կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը պետք է շարժվի առանց պատրանքների ու զգացմունքների, որոնք կարող են չմտածված քայլերի մղել ՌԴ ղեկավարությանը, սակայն նաև գտնում է, որ համարժեք քայլերի՝ վերանայումների, զուգահեռաբար ամրապնդելով ՌԴ միջուկային և ոչ միջուկային ԱՄՆ զսպման ներուժը։ Սակայն, ըստ նրա, տեսանելի ապագայում դեսպան Անտոնովն ավելի շատ անելիք Մոսկվայում ունի, քան Վաշինգտոնում։

Մեզ հետ զրույցում Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ այս ամենն արտացոլում է, որ միջազգային համակարգը լուրջ, ֆունդամետնալ փոփոխություններ է ապրում, որոնց հետևանքներն անկանխատեսելի ու անհայտ են։ «Ակնհայտ է, որ ռուսական կողմի պատասխանի կարիք կա, քանի որ ԱՄՆ նախագահն ակնարկում է նաև Մոսկվայի հետ համագործակցության մասին՝ վստահ լինելով, որ որևէ քայլ անհետևանք չի մնալու։ Կան հարցեր, որոնց մասին պետք է մտածել և համարժեք պատասխանել, ու դեսպանի ետկանչը դեռ ամենահամարժեք պատասխանը չէր»,- նկատեց նա։

Պուտին-Բայդեն հեռավար «կռիվն» ուշագրավ է հայաստանյան խնդիրների՝ Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև՝ ռուսամետ-արևմտամետ դիսկուրսի տեսանկյունից, երբ հայաստանյան արևմտամետ թևը սպասում է Բայդենի կոշտ քայլերին տարածաշրջանում՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ ռուսամետներն ակնկալում են Պուտինի դիրքերի ամրապնդում, իսկ թե որտեղ է հայկական շահը՝ յուրաքանչյուր կողմ յուրովի է պատկերացնում։ Սակայն Հայաստանի համար ամենակարևորն այդ առճակատման արձագանքն ու անդրադարձն է Ղարաբաղյան փխրուն տարածաշրջանի և հետպատերազմյան իրողությունների վրա։ Իսկ պատերազմի բերած իրողություններն են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հայտարարությունը, ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում և աճող ազդեցությունն Արցախում ու Հայաստանում, գլխավորապես՝ անվտանգության, ինչպես նաև՝ մի շարք այլ ոլորտներում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որոնք հաշվի չառնել հնարավոր չէ։

Ֆ․Լուկիանովի դիտարկմամբ՝ առճակատումը կարող է անդրադառնալ Ղարաբաղյան գոտու վրա, և շատ սցենարներ կարող են քննարկվել, թեև սովորաբար Մոսկվային ու Վաշինգտոնին հաջողվել է համատեղ աշխատել Մինսկի խմբում։

«Ներկայումս Մինսկի խումբը որևէ տեսանելի աշխատանքով չի զբաղվում, դրա փոխարեն՝ կարծես գործում է եռակողմ ձևաչափը։ Սա նոր իրավիճակ է Վաշինգտոնի համար, որը կա՛մ պետք է վերականգնի Մինսկի խումբը և սկսի մրցակցել Մոսկվայի հետ՝ առաջ տանելով չկարգավորված հարցերի լուծումը, կա՛մ գործի առանձին՝ կրկին նույն հարցերի ուղղությամբ ջանքեր ներդնելով։ Սակայն այս հարցում նրա ակտիվությունը պետք է տեղավորել Մոսկվայի դեմ քաղաքականության շրջանակում՝ ոչ որպես առանձին հետաքրքրություն ու շահ։ Այսօրվա իրավիճակն այնքանով է բարդ Վաշինգտոնի համար, որ որոշ ժամանակ պասիվությունից հետո տարածաշրջանում բախվել է նոր իրավիճակի, որում այդքան հեշտ չէ տեղավորվել»,- ասաց նա։

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ Մոսկվան ու Վաշինգտոնը սովոր են հարաբերվել ճգնաժամային ռեժիմում, և ներկայումս տեղի ունեցող լարվածության հարցում բացառիկ երևույթ չի նկատում։ Նրա խոսքով՝ լարվածությունը չի խորանալու, քանի որ ավելի խորանալը ենթադրելու է լուրջ գործողություններ, որոնցից պետք է խուսափել, և կողմերը դա գիտակցում են։

«Կա ճգնաժամային պայմաններում նաև Ղարաբաղի շուրջ գործելու պրակտիկա․ այստեղ գլխավոր բանավեճերը տեղի են ունենալու դիվանագիտական գործընթացի, հարթակները վերականգնելու կամ կորսված ազդեցությունը վերականգնելու շուրջ։ Նշենք, որ այստեղ որոշակի նյարդայնություն կա Անկարա-Վաշինգտոն հարաբերություններում ևս։ Սակայն դեռևս մեծ ուշադրություն տեսանելի չէ հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ, ուստի չեմ կարող պնդել, որ այստեղ կողմերը լուրջ առճակատման մեջ են մտնելու»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, Վաշինգտոնն առավելապես փորձելու է աշխատել իր համար ավանդական ներգրավման աստիճանով՝ Մինսկի խմբով։

«Առանց Մինսկի խմբի, նրան հարկավոր է լինելու ավելի մեծ ուշադրություն կոնկրետ այս խնդրին, իսկ Մինսկի խումբը հարմարավետ հարթակ է Վաշինգտոնի համար, և բոլոր ջանքերն ուղղվելու են այս հարթակի աշխատանքը վերականգնելուն և ՌԴ-ի հետ աշխատելուն։ Բնականաբար, կողմերի հետ ևս Վաշինգտոնը կաշխատի, նա ժամեր առաջ նամակ էր հղել, դրանում արտացոլված էին ամերիկյան քաղաքականության ուղենիշները և այն, որ ՄԽ-ով աշխատանք ընթանալու է, ինչը դրական ուղերձ էր»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս