Բաժիններ՝

Սուրենը վերջինը զանգել էր հորը. հավաքել էր հոր հեռախոսահամարը և… զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից…

Կատակասեր, կենսախինդ Սուրեն Գաբրիելյանը ծնվել էր Ստեփանակերտում՝ 1997 թվականին։ Զբաղվում էր սպորտով, սովորում էր ոստիկանության ակադեմիայում և ծառայում ոստիկանության զորքերում։

Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Արցախի «Եղնիկներ» զորամասում, մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Հայրը՝ փոխգնդապետ Ռոբերտ Գաբրիելյանը, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից է։

Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Սուրենը արձակուրդում էր, որն անցկացնում էր Ստեփանակերտի իրենց տանը։ Ստեփանակերտի ռմբակոծությունների ժամանակ՝ սեպտեմբերի 28-ին, ընտանիքը տեղափոխում է Երևան և նույն օրը ներկայանում զորամաս։ Քանի որ ավարտվել էր պայմանագրի ժամկետը, ոստիկանության զորքերում կնքում է նոր պայմանագիր և սեպտեմբերի 29-ին մեկնում Արցախ։

Նա և ոստիկան ընկերները շուրջ մեկ ամիս մասնակցում են Քարվաճառի պաշտպանական մարտերին։ Նույն ժամանակ Սուրենի հայրը Ջրականի ու Վարանդայի գծում էր։ Հոկտեմբերի վերջին մի քանի օրով տուն է գնում, իսկ նոյեմբերի 2-ին՝ կրկին մեկնում Արցախ։ Այս անգամ մասնակցում է Շուշիի պաշտպանական մարտերին։

«Սուրենը լավ էր տիրապետում ռազմական գործին, ինչը նկատեցինք պաշտպանական գործողությունների ընթացքում։ Դա բնական էր, քանի որ նա ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել էր Արցախի հայտնի զորամասերից մեկում»,-ասում է ծառայակից ընկերը՝ Էրիկ Ավդալյանը։

Ռազմական գործողությունների ընթացքում Սուրենը կապ էր պահում մանկության ընկերոջ՝ Դմիտրի Սահակյանի հետ։ Հետաքրքրվում էին միմյանցով, կիսվում իրենց ուղղություններում տիրող իրավիճակի մասին։ Շուշիի պաշտպանության ծանր մարտերում հայկական զորախումբն ընկավ շրջափակման մեջ։ Այդ ժամանակ էլ էին ընկերները կապվել իրար հետ։

«Նոյեմբերի 7-ին, երբ կտրուկ վատթարացել էր իրավիճակը Շուշիի այն հատվածում, որտեղ Սուրենն էր, կրկին կապվեցինք իրար հետ: Նա խնդրեց ինձ, որ եթե հանկարծ զոհվի, ուշադիր լինեմ իր ընտանիքի հանդեպ։ Դա մեր վերջին խոսակցությունն էր»,-պատմում է մանկության ընկերը՝ Դմիտրի Սահակյանը։

Ներկաների խոսքով՝ Սուրենը վերջինը զանգել էր հորը։ Հավաքել էր հոր հեռախոսահամարը և… զոհվել դիպուկահարի արձակած կրակոցից։ Հայրն այդպես էլ չլսեց որդու ձայնը։
Սերժանտ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվեց «Սխրագործության համար» մեդալով։

Ապրիլյան մարտերի ու Արցախյան ազատամարտի մասնակից Սուրեն Գաբրիելյանը բազում նպատակներ ուներ։ Ընտանիք էր կազմելու, սպա դառնար։ Պատերազմն այդպես էլ անկատար թողեց բոլոր երազանքները, և նա համալրեց հանուն հայրենիքի ընկած անմահների գունդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս