Բաժիններ՝

«Ռեեստրից տեղեկությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում»․ ԿԲ

168.am-ը գրավոր հարցերին պատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը

– Օրերս կառավարությունը հավանություն տվեց «Կենտրոնական բանկի մասին» օրենքում ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ Ինչո՞ւ հանկարծ առաջացավ նման ռեեստր ստեղծելու անհրաժեշտություն։

– Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի (այսուհետ՝ Ռեեստր) ստեղծման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության» միջոցառումների ծրագրի 37-րդ կետից: Միջազգային պրակտիկայում Ռեեստրը, ի թիվս այլ նպատակների, լայնորեն կիրառվում է կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, և դրա ստեղծումն ու գործարկումը նախատեսված է ԵՄ 2015թ. 4-րդ (2015/849) և 2018թ. 5-րդ (2018/843) դիրեկտիվներով:

– Երբ չկար բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր՝ ինչպե՞ս էր հաջողվում լուծել այն խնդիրները, որոնք հիմա անհնարին է լուծել առանց կենտրոնացված ռեեստրի ստեղծման։ Մի՞թե ռեեստրն էր խանգարում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին։

– Ներկայում իրավապահ մարմինները դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն՝ հարցում են կատարում ՀՀ-ում գործող բոլոր բանկերին: Նշված գործընթացը ժամանակատար է և, հաշվի առնելով հարցվող սուբյեկտների քանակը, պարունակում է նաև տեղեկությունների արտահոսքի ռիսկեր: Ռեեստրի ստեղծումից հետո այս գործընթացն իրականացվելու է հասցեական հարցումների միջոցով, ինչն էապես նպաստելու է ժամանակի խնայողությանը և նվազեցնելու է տեղեկությունների հնարավոր արտահոսքի ռիսկերը: Մասնավորապես, իրավապահ մարմինը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատարանից ստանալով կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ձեռքբերման թույլտվություն, կատարելու է հասցեական հարցումներ միայն այն բանկերին, որտեղ անձն ունի կամ ունեցել է բանկային հաշիվներ/պահատուփեր:

–  Կենտրոնացված ռեեստրում նախատեսվում է ներառել վերջին 5 տարիներին բացված և փակված բոլոր հաշիվները, ինչպես նաև բանկային պահատուփերի շարժերը։ Արդյոք սա նպատակաուղղած չէ՞ մեկ կենտրոնի միջոցով հետևելու և վերահսկելու հաճախորդների ֆինանսական տեղաշարժերը։

– Ռեեստրը չի ներառելու բանկային հաշիվներով ֆինանսական հոսքերի վերաբերյալ որևէ տեղեկություն, իսկ բանկային պահատուփերի դեպքում նման տվյալներ ուղղակի առկա չեն: Նշվածը հստակ ձևակերպված է Նախագծի  2-րդ մասում, որի համաձայն՝ Ռեեստրը ներառում է բացառապես հաշվի կամ պահատուփի առկայության մասին տեղեկություններ, ինչը չի նույնանում հաշվի շարժի կամ պահատուփի պարունակության հետ: Ըստ այդմ, Ռեեստրի ներդրումն իրավունքի ուժով չի կարող նպատակաուղղված լինել ֆինանսական հոսքերի վերահսկմանը:

– Ի՞նչ հիմնավորմամբ է ընդունվել 5 տարին։

– Ռեեստրում տեղեկությունների ներառման ժամկետը պայմանավորված է բանկային համակարգում տեղեկությունների պահպանման ժամանակահատվածով: ՀՀ օրենսդրությամբ բանկային համակարգում տեղեկությունները պահպանվում են առնվազն 5 տարի ժամանակահատվածով, ինչն էլ հիմք է ընդունվել Նախագծով սահմանված ժամկետի համար:

– Այս նախաձեռնության արդյունքում ռիսկեր չե՞ք տեսնում բանկային գաղտնիքի թուլացման համար։

– Բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմը կարգավորվում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով: Ռեեստրի ստեղծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի առնչվում բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմի թուլացմանը: Ավելին, թե՛ Նախագծով, թե՛ դրա հիմնավորմամբ՝ հստակ շեշտադրվում է, որ Ռեեստրից տեղեկությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներում:

– Չունե՞ք մտավախություն, որ դա բացասաբար կանդրադառնա բանկային համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության, հետևաբար նաև՝ ֆինանսական հոսքերի վրա։

– Նման մտավախության համար որևէ, անգամ տեսական հիմքեր առկա չեն: Նախևառաջ՝ Ռեեստրը չի ներառելու ֆինանսական հոսքերի վերաբերյալ տվյալներ, բացի այդ՝ Ռեեստրի գործարկումը բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմի որևէ փոփոխության չի հանգեցնելու: Ըստ այդմ, Ռեեստրի ստեղծումն ինքնին հաճախորդների վստահության կամ ֆինանսական հոսքերի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Ավելին, Ռեեստրի ներդրումը նպաստելու է բանկային գաղտնիքի ավելի արդյունավետ պահպանմանը, հետևաբար՝ նաև ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությանը՝ հաշվի առնելով, որ նվազեցվելու են տեղեկությունների արտահոսքի հետ կապված հնարավոր ռիսկերը:

– Բանկային համակարգում վերջին շրջանում ի հայտ եկած խնդիրների պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար այսօր գնալ նման քայլի և լրացուցիչ ռիսկեր ստեղծել համակարգի համար։

– Տես հարց 6-ի պատասխանը:

– Ո՞վ է վարելու կենտրոնացված ռեեստրը և ովքե՞ր կարող են հասանելիություն ունենալ դրանում հավաքագրվող տեղեկատվության նկատմամբ։

– Նշված հարցին սպառիչ պատասխանում է Նախագծի 1-ին մասը, որի համաձայն՝ Ռեեստրը վարելու է ՀՀ կենտրոնական բանկը, իսկ դրան հասանելիություն ունենալու են «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներպետական իրավասու մարմինները՝ այդ օրենքով սահմանված կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս