Պետպատվերի գումարները կրճատել են, փողն ուղղել պարգևավճարների ֆոնդ. Գևորգ Գրիգորյան
Առողջապահության նախարարությունը GAVI կազմակերպության առջև ստանձնել է պարտավորություն՝ AstraZeneca ընկերության արտադրած 70 տոկոս արդյունավետություն ոււնեցող պատվաստանյութը ձեռք բերելու համար, որպեսզի հետագայում ցանկացած այլ պատվաստանյութ կարողանանք ձեռք բերել շատ ավելի մատչելի գներով։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետության և Հայաստանի ընտրած պատվաստանյութի մասին՝ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
«Հայաստանը պատերազմի օրերին 890 միլիոն դրամ է փոխանցել մի պատվաստանյութ ձեռք բերելու համար, որն ունի ընդամենը 70 տոկոս արդյունավետություն։ Այս ընկերության արտադրած պատվաստանյութի կիրառումը դադարեցվել է եվրոպական 13 երկրում, որովհտև եղել են բարդություններ՝ մահերի և այլ հիվանդությունների տեսքով։
Այդ պատվաստանյութը վարակի դեմ օգնում է ընդամենը 70 տոկոսով. ստացվում է՝ կշեռքի մի նժարին դրված է մի պատվաստանյութ, որն ունի 70 տոկոսանոց արդյունավետություն և մի շարք բարդություններ, և ունենք նույն գնով ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութը, որի կողմնակի էֆեկտների վերաբերյալ չկան ապացույցներ։ Մենք ընտրել ենք վատ տարբերակը, որովհետև ստանձնել էինք պարտավորություն մի ընկերության առաջ՝ դա գնելու համար, որպեսզի հետո կարողանանք այլ պատվաստանյութեր ևս ձեռք բերել։ Էստեղ նկատենք, որ մենք պատվաստանյութ ենք ձեռք բերում բրիտանական ըներությունից. այնպես որ, այստեղ կա նաև քաղաքական ենթատեքստ»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը ստանձնել է պարտավորվածություն՝ ամբողջ խմբաքանակը գնելու համար վճարել 2 միլիարդ 296 միլիոն դրամ(4.5 մլն ԱՄՆ դոլար), որը պետք է բյուջեով նախատեսված լինի՝ համենայն դեպս, մինչև պատերազմը նախատեսված է եղել։
«Արդյո՞ք պատերազմի ավարտից հետո շարունակում է նախատեսված մնալ, չեմ կարող ասել։ Նշեմ, որ 890 միլիոն դրամը պատերազմի 7-րդ օրը մերոնք վճարել են։ Չգիտեմ՝ հիմա կուլիսային վերաբաշխումներ պետբյուջեով նախատեսված գումարի հետ արե՞լ են, թե՞ ոչ, չգիտեմ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պետբյուջեով նախատեսված գումարի ծախսման արդյունավետությանը՝ ապա Գրիգորյանը նշեց, որ և՛ արտակարգ, և՛ ռազմական դրության այս ողջ ընթացքում Առողջապահության նախարարությունն իրականացրել է բազմաթիվ գնումներ, որոնց մասին տեղեկատվությունը փակ և գաղտնի է, բայց թե այդ գնումները որքանով են նպաստել առողջապահական համակարգի բարելավմանը, տեսանելի չէ:
«Տեղի է ունեցել փողերի լվացում. այն գումարները, որոնք կուտակվել էին կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար, դրանք մսխվել են։ Ինչ վերաբերում է Առողջապահության նախարարության կողմից իրականացվող գնումների արդյունավետությանը, ապա պետք է ասեմ, որ այդ գնումները համակարգում բարելավումների չեն բերել. մի քանի տասնյակ արհեստական շնչառության սարքեր են գնել, որոնց մեծ մասն էլ եղել է մարդասիրական օգնություն և տրամադրված է եղել նաև ԱՀԿ-ի կողմից։ Հետևաբար՝ պետք է Առողջապահության նախարարությանը հարցնել, թե հավաքված գումարներն ինչի՞ վրա են ծախսել»,- ասաց բժիշկը՝ հավելելով, որ թեև Առողջապահության նախարարությունը ներկայացրել է մի հաշվետվություն, որտեղ ներառված էր անգամ նախարարության կողմից կատարված ընդմիջումների վրա ծախսված գումարների չափը, սակայն այդ հաշվետվությունն ամենևին չի խոսում այն մասին, որ նախարարությունը հավաքված գումարները ծախսել է արդյունավետ, փոխարենը՝ նախարարությունն արագորեն փոփոխությունն է կատարել համապատասխան որոշումներում և նվազեցրել սոցիալական խմբերի համար նախատեսված պետպատվերի գումարի չափը։
«Հիմա, երբ մարդիկ գնում են պոլիկլինիկաներ, որտեղ նրանց ասում են, որ պետպատվերի գումարը սպառվել է, թող իմանան, որ Առողջապահության նախարարությունը նվազեցրել է սոցիալապես անապահով մարդանց պետպատվերով նախատեսված գումարների չափը, և ադ գումարներն ուղղել են պարգևավճարների ֆոնդ. սա արդեն կայացած փաստ է. տեղեկատվությունը վերցրել եմ ամփոփաթերթերից»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում