Նիկոլ Փաշինյանը հանձնել է իշխանությունը․ դիպուկահարներին

«Ժողովրդի իշխանություն» բարբաջանքը հօդս է ցնդում առաջին իսկ դիպուկահարի պարզած հրացանափողից։ Այն պահին, երբ «ժողովրդի իշխանության» մարմնավորողը դիպուկահարներ է շարում իր երթևեկի հետագծով մեկ, հենց այդ պահին ավարտվում է «ժողովրդի իշխանությունը»։

Նիկոլ Փաշինյանը դիպուկահարներով, իր կարծիքով, ուժ է ցույց տալիս, մնացյալ բոլորի համոզմամբ՝ նա այդպիսով մատնում է իր վախն ու թուլությունը։ Բայց անգամ դա կարևոր չէ։ Որովհետև այն պահին, երբ առաջին դիպուկահարը հայտնվում է քայլող «ժողովրդի իշխանության» ճանապարհին, այդ պահից ժողովրդի իշխանությունը ոչ միայն ավարտվում է, այլ այն հանձնվում է դիպուկահարներին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Ընդ որում, իրականում վախեցած Նիկոլ Փաշինյանը նաև շատ հանդուգն է։ Նա վախենում է ժողովրդից, որի իշխանությունն իբրև թե մարմնավորում է, միևնույն ժամանակ՝ իր կյանքը վստահում է նույն այդ ժողովրդի մաս կազմող դիպուկահարներին։ Եթե դա այդպես չէ, նշանակում է՝ դիպուկահարները ոչ միայն հայ ժողովրդի ներկայացուցիչներ չեն, այլ ելել են այնպիսի ժողովրդի ծոցից, ում Նիկոլ Փաշինյանը վստահում է ավելի, քան սեփական հայրենակիցներին։

Ատրիբուտներն ու սիմվոլներն իշխանության իրացման կարևոր արտահայտչամիջոցներ են։ Դրանք ցույց են տալիս տվյալ իշխանության կերպը, դիմագիծը, արժեքային համակարգը, շրջապատող աշխարհի նկատմամբ վերաբերմունքը․․․ Ահա այդ տեսանկյունից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մարդկանց վրա նշան բռնող ու, ըստ նպատակահարմարության, նաև կրակելու պատրաստ իշխանություն է։

Նիկոլ Փաշինյանն աշխարհին ու հայ հասարակությանը նայում է դիպուկահարի օպտիկական նշանոցի անցքից, որտեղից աշխարհն անասելիորեն փոքրանում է, սակայն պոտենցիալ զոհը մեծանում է մահացու հարված հասցնելու կարելիության աստիճանի։ Ահա այդ դիտանցքից նայող Նիկոլ Փաշինյանի համար «հպարտ ժողովրդի» առանձին ներկայացուցիչները, միևնույն ժամանակ, և՛ պոտենցիալ վտանգ ներկայացնողներ են, և՛ հնարավոր զոհեր։

Մահվան վախը, որ դիպուկահարով պաշտպանվողը զգում է դիմացիններից, նրան հավասարապես դարձնում է վճռական սպանող, որովհետև նրա վերաբերմունքի հիմքում մահն է։ Ահա այդ մահվան տիրույթում է Նիկոլ Փաշինյանն այսօր ապրում Հայաստանում՝ օրինաչափորեն այդ հարթություն տեղափոխելով պետությունն ու հասարակությունն ընդհանուր առմամբ։

Պատերազմից հետո կյանքը Հայաստանում դադարել է՝ բառի ոչ թե ֆիզիոլոգիական, այլ բովանդակային իմաստով։ Պատերազմի բերած մահվան շունչը դեռ չի դադարել։  Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը դարձել է մահվան կառավարիչ, որովհետև նաև նրա մեղքով է մահը մուտք գործել Հայաստան ու չի ցանկանում լքել այն առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է «ժողովրդի իշխանությունը»՝ դիպուկահարի դիտանցքից նշանառության տակ պահելով առանց այդ էլ մահվան մեջ ապրող քաղաքացիներին։

Արշավիր Իշխանյան   

Տեսանյութեր

Լրահոս