Երեխաներից մեկի մաշկի տվյալ հատվածում տաքացրած յուղ են դրել. Գայանե Սահակյանը՝ ԲՑԺ-ի պատվաստանյութի սպեցիֆիկ ռեակցիայի և ծնողների սխալ քայլերի մասին
ԲՑԺ-ի պատվաստումից հետո 30-ից ավելի երեխայի մոտ առաջացել է առողջական խնդիր, մաշկին կարմիր, ուռուցքանման գոյացություն է հայտնվել: Այս մասին սոցիալական ցանցերում բարձրաձայնել էր մի քանի ծնող: Հնարավոր բոլոր մասնագետներին դիմել են, վերջում պարզվել է, որ խնդիրը պատվաստանյութի մեջ է: Այդ կարծիքի հանգել է Աբովյանի բուժանձնակազմը: Ասել են նաև, որ պատվաստանյութը ճապոնական է, ու բացառվում է, որ խնդիր առաջացնի:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս մասին տեղյակ են:
Նրա փոխանցմամբ՝ ԲՑԺ պատվաստումից հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում (լիմֆադենիտ), որը հետպատվաստումային շրջանի սպեցիֆիկ ռեակցիա է:
«Ժամանակի ընթացքում, մի քանի ամսվա մեջ փոքր-փոքր ավշային հանգույցի չափերի մեծացումը կարող է հասնել մինչև 15 միլիմետրի կամ մի փոքր ավելին լինել: Սա նորմալ, հետպատվաստումային ռեակցիա է, մասսայական բնույթ չի կրում, առանց դեղորայքային միջամտության՝ աստիճանաբար անցնում է:
Սակայն երբեմն ոչ ճիշտ հիգիենան, ինչ-որ կտրվածքները, տարբեր նյութեր կիրառելը, թրջոցներ դնելը ծնողների կողմից՝ հանգեցնում է նրան, որ մաշկը սկսում է փափկել, և առաջանում է թարախային բորբոքում»,- մանրամասնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Գայանե Սահակյանի փոխանցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության համաձայն՝ ամեն 1000 պատվաստված նորածնից մեկի մոտ կարող է այդպիսի թարախային զարգացում լինել:
«Դուք նշեցիք 30, ես ավելին կասեմ՝ մեր վիճակագրությամբ ունենք գրանցված 33 դեպք, և 5-ի մոտ այսպիսի թարախային զարգացում է եղել, բժիշկների հսկողության ներքո են գտնվել, և անցել է: Կրկնում եմ՝ սա հիվանդություն չէ: Աբովյանի թոքաբանության ազգային կենտրոն ուղարկելն էլ Առողջապահության նախարարի հրամանով իրականացվող ստանդարտ գործընթաց է: Այսինքն՝ մանկաբույժը երեխային ուղղորդում է տուբերկուլյոզի մասնագետի մոտ, որպեսզի ճիշտ գնահատենք և տուբերկուլյոզի առաջացումը բացառենք, քանի որ գուցե համընկնում է եղել երեխայի մոտ: Աբովյանում կատարվում են համապատասխան հետազոտությունենր, եթե անհրաժեշտ է լինում կտրվածք անել, օգնել երեխային, որպեսզի շուտ լավացման պրոցես գնա, ուղղորդում ենք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Այսինքն, ոչ թե ծնողներն են ահաբեկված գնում Աբովյան, այլ մենք ենք ուղղորդում»,- նշեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Գայանե Սահակյանը հայտնեց, որ ճապոնական պատվաստանյութով պատվաստված նորածինների թիվը մոտ 38.500 է, թարախային արտադրություն եղել է 5-ի մոտ:
Իսկ եթե ընդհանուր լիմֆադենիտներով հաշվենք՝ գրանցվել է 33 դեպք:
«Սա լուրջ խնդիր չէ, հիվանդություն չէ, սպասվող ռեակցիա է: Ոնց առաջացել, այնպես էլ վերանում է, ու այդ 33 երեխան, որ ասում եմ, նրանցից 5-ի մոտ է վատ վիճակ եղել: Վերջերս տեղեկացանք, որ երեխաներից մեկի մաշկի տվյալ հատվածում տաքացրած յուղ են դրել: Այսպիսի միջամտություններ են կատարվում, որը նորմալ չէ: Ոչ մի բան չպետք է անել՝ ախտահանիչ, հատուկ դեղամիջոց, մածուն չպետք է օգտագործես»,- ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երկրներից են ներկրվում ԲՑԺ-ի պատվաստանյութերը՝ Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ պատվաստանյութեր պատմականորեն ներկրում ենք ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից:
«Հայաստանում մշտապես օգտագործվել է կանադա-բուլղարական պատվաստանյութը: Մեզ ճապոնականի հետ միասին առաջարկվեց նաև հնդկական պատվաստանյութ, որովհետև կանադա-բուլղարականը չէր մասնակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մատակարարման պրոցեսին, ու մեզ առաջարկվեց ընտրել կամ հնդկականը, կամ ճապոնականը:
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ ընտրեցինք ճապոնականը՝ մեկ տարով, մինչև կանադա-բուլղարականը նորից մասնակցեր այդ գործընթացին: Այս պահին արդեն կանադա-բուլղարական պատվաստանյութն է, ճապոնականը վերջացել է, հունվարից սկսած ամբողջ ծննդատներին տրվել է կանադա-բուլղարականը: Բայց, թեկուզև կանադա-բուլղարականի ժամանակ՝ նման ռեակցիաներ մենք էլի ենք ունեցել, այնպես չէ, որ դա բնորոշ էր ճապոնականին:
Մեր համակարգը բավականին զգայուն է դարձել, նմանատիպ իրավիճակ, եթե չեմ սխալվում, 2010-ական թվականներին գրանցեցինք, և այդ ժամանքակ դանիական պատվաստանյութն էր և շատ զգայածին (ռեակտոգեն) էր, ու նման դեպքերի շատ մեծ քանակ ունեցանք, ուստի 6 ամիս կիառելուց հետո դադարեցրինք դանիականն ու բերեցինք կանադա-բուլղարականը: Դանիականի ժամանակ 6 ամսում գրանցել էինք մոտ 136 լիմֆադենիտ, իսկ ճապոնականն օգտագործել ենք 2019թ. դեկտեմբերից մինչև 2021թ. հունվար ամիսը: Կանադա-բուլղարականի վիճակագրությունն ավելի բարենպաստ է, տարվա մեջ առավելագույնը կարող է 10 դեպք գրանցվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: