Որևէ թաշկինակի չափ տեղ, ու միանգամից բնակելի շենքեր են բարձրանում. Մկրտիչ Մինասյան
Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Հիմնավորման մեջ նշված է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում Երևան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման և Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հանդիսանում է համայնքային վարչական պաշտոն:
«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 6-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված կարգավորումներից բխում է, որ համայնքային քաղաքական և համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են այն հանգամանքով, որ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք օժտված են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:
Ըստ նախագծի՝ Երևանի գլխավոր ճարտարապետի կանոնադրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը, և դրա արդյունքում որոշումների կայացման գործընթացը Երևանի քաղաքապետարանը փորձ է անում բերել անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների մասնագիտական խմբերի կողմից որոշումների կոլեգիալ կերպով կայացման դաշտ՝ արդյունքում վերացնելով համայնքի համար կարևորագույն ոլորտում սուբյեկտիվ որոշումների ընդունման պրակտիկան, հնարավորություն ընձեռելով ճարտարապետների այդ խմբերին բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները և դրանցով տալ անհրաժեշտ ճարտարապետական լուծումներ:
Նշված է, որ Երևանի գլխավոր ճարտարապետն ի պաշտոնե համակարգում է ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի Երևան քաղաքի ենթակայության ներքո գտնվող երեք հիմնարկների, Երևանի քաղաքապետարանի երկու վարչությունների և մեկ ստորաբաժանման աշխատանքները:
Այս միավորների համակարգումը, արդյունավետ իրականացումը իրենից ենթադրում է նշված միավորներին տրվող կոնկրետ հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացնում, միավորների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրություններ և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծություն, ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և աշխատանքների իրականացման համակարգում, պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ համագործակցություն:
Նույնանման գործառույթները քաղաքապետարանի գործունեության այլ ոլորտներում իրականացվում են Երևանի քաղաքապետի տվյալ ոլորտը համակարգող տեղակալների կողմից:
Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:
Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին՝ նշեց, որ հնարավոր է, որ նման սխեմա ընտրեն, սակայն չլուծված մի շարք հարցեր կան:
«Շատ երկրներում ընդհանրապես չկա գլխավոր ճարտարապետ: Իսկ Հայաստանում ևս որպեսզի չլինի՝ պետք է ամբողջապես արված լինի գլխավոր հատակագիծը, առանձին զոնավորումը և այլն, ինչը մենք չունենք:
Մինչև հագեցած գլխավոր հատակագիծ չունենանք, յուրաքանչյուր հողակտորի համար իր սահմանված չափորոշիչները չլինեն, մենք ոչ մի լավ բան չենք սպասում: Այս 30 տարվա ընթացքում մենք բան չենք արել:
Այստեղ ազատվեց ինչ-որ հողատարածք՝ էլ չեն նայում, որ հետագայում նա ինչ-որ բան ունի վերցնելու իր վրա, միանգամից վաճառվում է՝ բնակարան սարքելու համար, ու այդպես քաղաքի բոլոր հողերը: Հիմա տեսեք, հսկայական չափով բնակելի տարածքներ ունենք և շատ քիչ չափով ինֆրաստրուկտուրա, որը մարդկանց համար է լինում:
Այդ կանաչ տարածքներն ինչո՞ւ վերացան՝ հենց դրա համար: Որևէ թաշկինակի չափ տեղ, ու միանգամից բնակելի շենքեր են բարձրանում, որի անհրաժեշտությունն այդ տեղերում բոլորովին չկա»,- նկատեց ՀՀ ճարտարապետների պալատի նախագահը: