«Հանրային հեռուստաընկերությունը ոչ մեկի հոր տունը չէ, ժառանգություն չեն ստացել և իրավունք չունեն իրենց քիմքին հաճո դերաբաշխում կատարել». Սիրանույշ Մուրադյան

«Շատ մեծ խանդավառությամբ մտանք պայքարի մեջ, բայց այս պահին հիասթափությունս խորն է: Սկզբում մտածում էինք՝ միջանձնային հարաբերություններ են, այս եկվորները եկել են՝ իրենց ամբիցիաներին հագուրդ տան, բայց հետո հասկացվեց, որ դատական համակարգում էլ ճնշումներ կան, կամ այնտեղ էլ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը՝ ելնելով նաև երկրում ստեղծված քաոտիկ վիճակից: Նույն քաոսը նաև մեր գործի պարագայում է»,- «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի նախկին ավագ լրագրող Սիրանույշ Մուրադյանը՝ անդրադառնալով իր ու «Լուրեր»-ի լրագրող Լիանա Կարապետյանի հետ համատեղ ներկայացված հայցին, որը վերաբերում էր իրենց աշխատանքային խախտված իրավունքների վերականգնմանը:

Սիրանույշ Մուրադյանի ներկայացմամբ՝ պատմությունը սկսվել է հենց այն ժամանակվանից, երբ այն ժամանակվա «Լուրերի» պատասխանատու Վահագն Թևոսյանը հենց նշանակվելուց անմիջապես հետո իրեն տեղեկացրել է, որ կա կրճատվողների ցուցակ, և, որ ինքն էլ է ներառված այդ ցուցակի մեջ:

«Առանձին մի հետաքննություն էլ ունեմ: Ուզում եմ ամեն դեպքում ստանալ հետհեղափոխական Հանրայինի պատկերը՝ որպես լրագրող»,- ասաց քաղաքական լրագրողը:

10 տարի Հանրայինում աշխատած քաղաքական լրագրողը հենց այդ ժամանակ է ասել, որ ինքն անպայման բողոքարկելու է որոշումը դատական կարգով, որովհետև չի կարելի հերթական խորհրդարանական ռեպորտաժը պատրաստող լրագրողին, ով առհասարակ որևէ նկատողություն չի ունեցել աշխատանքային կենսագրության ընթացքում, ասել, որ կա որոշում, ու ինքը պետք է ազատվի աշխատանքից:

«Ես հենց ամենասկզբում ասացի, որ իմ բազմավաստակ փորձը չեմ դնի ձեր ոտքերի տակ և ասի՝ դե որոշել եք, որոշել եք: Ինձ բառացի ասացին՝ դու փորձառու լրագրող ես, կարող ես գործ գտնել, ու տարբերակներ էին առաջարկում… Գնա էլի: Տպավորություն էր, որ ծրագիր են իրագործում»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:

Նրա ներկայացմամբ՝ պատմությունն այսքանով չի ավարտվել:

«Այս պատմության երկրորդ փուլում ինձ ասացին՝ face-ը փոխելու ենք, հների, նախկինների հետ չենք աշխատելու: Այդ ժամանակ արդեն «Լուրերը» ղեկավարում էր Պետրոս Ղազարանը, ով շատ սիրալիր կրկնեց, որ ես ազատվելու եմ աշխատանքից»,- նշեց լրագրողը:

Վերջինիս խոսքով՝ նույն հրամանով թվով 5 լրագրող է ազատվել աշխատանքից, ինքն ու Լիանա Կարապետյանը միասին են դիմել դատարան, ևս երկուսը հետագայում են իրենց իրավունքների խախտումը վիճարկել դատարանում:

«Ճակատային անարդարությունը հանդուրժել դժվար է: Հանրային հեռուստաընկերությունը մասնավոր հեռուստաընկերություն չէ, ոչ մեկի հոր տունը չէ, ժառանգություն չեն ստացել, դերաբաշխումներն իրենց քիմքին համապատասխան անելու իրավունք չունեն, հաշվետու են հանրության առաջ: Դիմեցինք Վարչական դատարան: 2019թ. դեկտեմբերի 9-ին դատարանը բավարարեց մեր հայցը»,- ասաց մեր գործընկերը:

Նա տեղեկացրեց, որ հակառակ կողմը վերաքննիչ բողոքը ներկայացրել է դրա համար սահմանված ժամկետի վերջին օրը:

«Պատերազմի ամենաթեժ օրերին, մեկ նիստով Վարչական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց: Տեղյակ էլ չէինք նախապես, և մեկ էլ նիստը նախագահողը հայտարարեց, որ դատավորներից մեկը հիվանդացել է, և նրան հապճեպ փոխարինում է Վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:

Ամենաուշագրավը, սակայն, այս պատմության մեջ, ըստ լրագրողի, այն է, որ Վարչական վերաքննիչ դատարանը գործը կրկին վերադարձնում է Առաջին ատյանի վարչական դատարան՝ նորից քննության:

«Վարչական դատարանում գործը մեկ տարի քննելուց հետո Վերաքննիչը կրկին այն ուղարկում է առաջին ատյան: Վարչականը չի ընդունում վարույթ, ասում է, որ ընդդատյա չէ, և ուղարկում է քննության Քաղաքացիական դատարան»,- ասաց լրագրողը:

Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էին քննում մեկ տարի, Սիրանույշ Մուրադյանը պատասխան չուներ: Ավելին, նրա խոսքով՝ իրենց հետ աշխատանքից ազատված Հայկ Հովհաննիսյանի վեճն այս պահին քննվում է Վարչական դատարանում:

«Վարչական դատարանում այս օրերին դատական նիստ է նշանակվել Հովհաննիսյան Հայկի գործով: Ես, Հայկը և Լիանան նույն որոշմամբ ենք ազատվել աշխատանքից: Այսինքն՝ բացարձակ նույն գործն է: Ես չգիտեմ՝ սրա անունն ինչ է՝ աճպարարությո՞ւն, իրավագիտական բոբիկությո՞ւն, թե՞ դիտավորություն»,- տարակուսեց Սիրանույշ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ իրենք դիմել են նաև Վճռաբեկ դատարան, և այդ ժամանակ Հանրային հեռուստառադիոխորհուրդը որոշում է փոխհատուցում պահանջել իրենցից 1 միլիոն դրամի չափով՝ իբրև իրենց փաստաբանական ծախսերի հատուցում:

«Այսինքն՝ երկու տարի անգործ ենք, դեռ մի բան էլ մենք պիտի վճարենք: Ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում այն բարոյական կեցվածքը, որը դրսևորվում է մեր նկատմամբ: Վճռաբեկը, իհարկե, մերժեց այդ պահանջի բավարարումը»,- ասաց լրագրողը:

Սիրանույշ Մուրադյանը հիշեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այսպիսի մի ձևակերպում էր տվել՝ ««Հայլուրի» Հայաստան»:

«Ես հիմա առաջարկում եմ այդ ««Հայլուրի» Հայաստան» ասվածի ժամանակների արխիվից որևէ քաղաքական ռեպորտաժ հանել (ես քաղաքական լրագրող եմ եղել) ու մասնագետներին ու փորձագետներին առաջարկել համեմատել այսօրվա ուղիղ պրոպագանդա անող ցանկացած ռեպորտաժի հետ: Եթե սկզբում որոշել էինք, որ կվերականգնվենք, հետ կգնանք մեր աշխատանքին, այս փուլում դա բացառված է: Թող ինձ ներվի ասել, որովհետև իմ ընկերներն են աշխատում նաև Հանրայինում, բայց այս փուլում ես պատրաստ չեմ այս պրոպագանդայի մեջ մտնել: Ես 22 տարի աշխատել եմ հավասարակշռության, բազմաշերտ ինֆորմացիա տալու սկզբունքով: Նույնիսկ առանձին վեճեր եմ ունեցել նախկինում ղեկավարության հետ այդ իմաստով: Գուցե բարին սա էր: 1-2 տարում կեղտոտվել այս պրոպագանդայի մեջ, ես պատրաստ չեմ»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը:

Հանրայինի նախկին լրագրողը նշեց, որ անցնելու են արդարադատության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս