Ինչո՞ւ մինչև ներկայիս կառավարությունն այդպիսի վանդալիզմ չկար. Սերժ Սրապիոնյան

«Երևանի հուշարձանների պահպանություն» կազմակերպության ֆեյսբուքյան էջը մարտի 7-ին հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:15-ին մարզային ծառայության կողմից կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ «անհայտ անձինք «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրից առևանգել են բոլոր հուշարձանների մետաղյա պատկերները»:

«Այն, ինչ արվել է իբր թե անհայտ չարագործների ձեռքով, և կարծես թե այս ու այն կողմից ասում են, թե դա հանուն մետաղի է արվել, պետք է ասեմ, որ դա ամենևին էլ թանկարժեք մետաղ չի եղել, և այդ մետաղից վաստակած գումարը չարժեր անգամ այն աշխատանքը, որը կատարվել է կիսանդրիները հանելու և տանելու համար: Մեր երախտավորներից մեկը՝ Ֆերդինանդ Առաքելյանը, անկողնում՝ հիվանդ ժամանակ, կերտում էր այդ կիսանդրիները, ստեղծում էր արվեստի գործեր, որոնք զարդարում էին մեր քաղաքը: Կատարվածում մեծ մեղք ունի քաղաքապետարանը, սա իր հաշվեկշռում էր: Այդ ինչո՞ւ մինչև ներկայիս կառավարությունն այդպիսի վանդալիզմ չկար, ինչպե՞ս էր լինում, որ ուսանողները շաբաթօրյակի ընթացքում մաքրում էին այդ ճեմուղին և հիանում դրանով: Սա հստակ ընդգծված հակահայ քաղաքականության ուղղորդում է»,- ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի նախարարի նախկին տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ շեշտելով, որ  ժամանակին Սփյուռքի նախարարությունը հանդես եկավ այս նախաձեռնությամբ, որը վարակիչ պետք է լիներ շատ գերատեսչությունների համար:

«Մենք առաջնորդվում էինք այն մտքով, որ ազգային հիշողությունն ազգային կեցության կարևոր հենասյուներից մեկն է: «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրը, կարծում եմ՝ լավագույն նախաձեռնություններից մեկն էր: Հիմա, դժբախտաբար, որևէ միտք չես կարող ասել, որովհետև ըստ էության նախարարությունը հատուկ նպատակադրմամբ քանդվեց, փոխարենը՝ դրվեց ինչ-որ հանձնակատարի գրասենյակ՝ ոչինչ չասող կառույց, որն առ այսօր 3 տարվա ընթացքում չի կարողացել ոչ թե այս ճեմուղու նման ծրագիր մատնացույց անել, այլ գոնե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առումով մեկ քայլ անգամ չի կարող ցույց տալ»,- հավելեց գրականագետը:

Սերժ Սրապիոնյանը ևս մեկ խնդրի անդրադարձավ, այն է՝ հուշարձանները կեղտոտ են և չեն մաքրվում: «Հուշարձանները կեղտի մեջ կորած են, չեն լվացվում, և երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան այցելում էր Վազգեն Սարգսյանի հուշարձանին, միայն այդ օրը մաքրվեց: Սա արդեն ոչ թե անտարբերություն, այլ միտումնավորություն է: Եվ հիմա «Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիրի հուշարձանների պղծումը ես համարում եմ միտումնավոր: Ինձ հեքիաթներ թող չպատմեն, թե կիսանդրիները մետաղյա են, տարել են՝ իբրև մետաղի ջարդոն: Մետաղից ավելի մեծ հուշարձաններ կան: Ազգային արժեքների դեմ նման վանդալիզմը կարող է շարունակական լինել, և սրա դեմն առնել պարտավոր են: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն սա պետք է ընդունեն իբր հաղորդում հանցագործության մասին»,- հավելեց նա:

Մշակույթի գործիչ Սամվել Հարոյանը, ով նույնպես աշխատել է նախկինում Սփյուռքի նախարարությունում, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասաց, որ ճեմուղու կառուցման նպատակը հայ բարերարներին հանրահռչակելն էր:

«Երևույթը ցավալի է, որովհետև ծրագրի իրականացման համար երկար ենք չարչարվել: Բարդ էր բարերարների ընտրությունը, և սկսեցինք ուսումնասիրել նրանց արած գործերը: Չէի ցանկանա, որ լիներ մեկը, ում ձեռքը կգնար՝ իրականացնելու այդ վանդալիզմը»,-  նկատեց Սամվել Հարոյանը:

Բարերարների ճեմուղու քանդակների հեղինակ, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի այրին՝ Հասմիկ Եղիազարյանն էլ, ով ներկա էր ասուլիսին, ասաց, որ երբ քայլում էին ճեմուղիով, այն զգացողությունն է եղել, որ վերադարձրել են բարերարներին, քանի որ քանդակագործին հաջողվել էր ստանալ նրանց կերպարները:

«Չեմ ուզում այն մտքի հետ հաշտվել, որ մեր ժողովուրդը կարող է ոչնչացնել սեփական մշակութային արժեքները՝ հենց քաղաքի սրտում: Ինչպե՞ս կարելի է դա անել»,- ցավով նշեց քանդակագործի այրին:

Տեսանյութեր

Լրահոս