«5 րոպե էր մնացել, որ հասնեին իրենց պոստ՝ ԱԹՍ-ն հարվածել է»․ 19-ամյա Արմանը զոհվել է պատերազմը սկսվելուց ժամեր անց

«Իր հետ երբեք տխուր չէիր կարող լինել․․․ Դրա համար այս ուրախ նկարն ենք ընտրել, իր վերջին նկարն է եղել, Լենինականի զորամասից Արցախ՝ Արա լեռ գնալուց է նկարվել, ասել եմ՝ նկարվի, որ գոնե այդպես տեսնենք, իր ուրախ նկարն է, ոնց որ մեզ հետևի տանն իր ուրախ նկարով․․․»,- 168.am-ի հետ զրույցում որդուն՝ 19-ամյա Արման Կարապետյանին այսպես  ներկայացրեց նրա մայրը՝ Արմինե Թովմասյանը։

Արմանը 2019 թվականի դեկտեմբերին էր զորակոչվել, սկզբում ծառայել էր Գյումրիում, այնուհետև 2020 թվականի հուլիսին, արդեն որպես կրտսեր սերժանտ, ծառայությունը շարունակում էր Արցախի հրետանային զորամասերից մեկում։ Զինվորի մայրը հիշեց որդու վերջին օրերի հեռախոսազանգերը, պատերազմը դեռ չէր սկսվել, բայց ինչպես իրենք են ավելի ուշ պարզել՝ զորքը տեղեկացված է եղել պատերազմի սկսվելու մասին։

«Սեպտեմբերի 25-ին գիշերը զանգել էր շատ ուշ ժամի՝ 2-3-ի մոտերը, հարցրեցի՝ բա խի՞ ես այս ժամին զանգել, պատասխանեց՝ նստած ենք ընկերներով, ասացի՝ զանգեմ, բայց էլի խաբել էր, իրենք դրսում են եղել, իրենց արդեն ասած են եղել՝ պատրաստվեք, պատերազմ է․․․»,- հիշեց զինվորի մայրը։

Արմանը վերջին անգամ հարազատների հետ կապ էր հաստատել  սեպտեմբերի 26-ին, զինվորական երդմանը հավատարիմ մնալով՝ ոչինչ չի ասել պատերազմի վտանգի մասին։

«Արագ-արագ ասաց՝ վռազ եմ, շարք ենք կանգնում, բայց խաբել էր ինձ, չէր ասել, որ արդեն պատերազմ է սկսվում, իրենց պոստեր են ուզում տանեն։ Վերջին խոսակցությունը դա է եղել, սեպտեմբերի 27-ից էլ ինքը չի զանգել։ Շատ արագ խոսեց, ասաց՝ գիշերը նորից կզանգեմ, կխոսեմ բոլորիդ հետ․․․ Դա է եղել, վերջ, էլ դրանից հետո մենք իր հետ չենք խոսել․․․ Սեպտեմբերի 27-ին, որ լսեցինք պատերազմի մասին, զանգեցի Արմանին, ինքն արդեն անհասանելի էր․․․ Պատերազմը հենց իրենց մոտից էր սկսվել, անօդաչու սարքը հարվածել է իրենց Ուրալին, հենց ամենաառաջին օրը, բայց մեզ ասել են հունվարի 16-ին, այդքան ժամանակ ման ենք եկել, որտեղ ասեք, ինչ ասեք՝ արել ենք, բայց չէին կարող մտնել այդ տարածք․․․ Շատ ենք ման եկել իրեն, Սիսիանի առաջին զոհն է եղել՝ սեպտեմբերի 27-ի՝ն ժամը 10-ի սահմաններում․․․»,- հիշեց տիկին Արմինեն։

Նա մինչև որդու ԴՆԹ թեստի համընկնումը՝ Սիսիանի զինվորական հոսպիտալում հանդիպել էր որդու հետ նույն մեքենայում եղած և թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից հրաշքով փրկված 2 զինվորների հետ, հետաքրքրվել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․

«Պոստից պոստ են տեղափոխվել՝ Արա լեռից, 5 րոպե էր մնացել, որ հասնեն իրենց պոստ, դեպքը եղել է, 2 վիրավոր են եղել, 3 զոհ, 2-ը ճանաչելի են եղել, Արմանը՝ չէ․․․ անօդաչուն ուղիղ իր վրա է ընկած եղել․․․»։

Տանը՝ Արմանի համար առանձնացված անկյունում՝ որդու լուսանկարի կողքին, մայրը կողք կողքի դասավորել է նրա իրերը, այդ թվում՝ մկրտության խաչը։ Արմանը բանակում էր մկրտվել, մի քանի օրվա ծառայող էր․

«Սյունիքի նախկին մարզպետի տղայի հետ հիվանդ են եղել, սանչաստում պառկած են եղել, Տեր հայրը մոտեցել է, որ տեսնի՝ ոնց են, հարցրել է՝ կնքվա՞ծ եք, թե՞ չէ, Հովհաննեսն ասել է՝ ես կնքված եմ, Արմանս ասել է՝ չէ, ես կնքված չեմ, Տեր հայրն ասել է՝ կարո՞ղ է ուզես կնքվել, պատասխանել է՝ հա, խի՞ չէ․ Հովհաննեսն ինքնակամ ասել է՝ ես քավոր կկանգնեմ, կկնքվես։ Հետո ուրախ-ուրախ զանգեց՝ բա գիտե՞ս, ես այստեղ ուզում եմ կնքվել, քավոր ունեմ արդեն․․․ Մենք այնպես էինք կազմակերպել, որ իր պրիսյագի օրը ինքը կնքվեր, այն էլ հարմար չեղավ, հետո էլ կորոնան ընկավ, բայց այդ արանքում հասցրեցին, կնքվեց Արմանս։ Քավորի նվիրած խաչն է (ցույց է տալիս մկրտության խաչը), բայց չհասցրեց էլ, որ գցեր, զորամասում թույլ չէին տալիս ոսկի խաչ, ուրիշ խաչ էր գցել վզին, սա ուղարկել էր․․․»։

Արման Կարապետյանը հուղարկավորվել է Սիսիան քաղաքի զինվորական պանթեոնում։

Տեսանյութեր

Լրահոս