
ԱՄՆ-ը տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվությամբ չի բավարարվելու․ վերլուծաբան

Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի պարզ են ուրվագծվում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հարավկովկասյան քաղաքականության գլխավոր ուղղությունները։ Բացի այն, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի քանի անգամ հանգամանալից խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ առաջնայնություններից, նրանից, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ համանախագահությունը ջանքեր է ներդնելու խաղաղության կայունության համար և հակամարտության քաղաքական կարգավորման համար։
Մի խումբ կոնգրեսմեններ ևս, ինչպես օրերս հայտնեցին որոշ տարածաշրջանային աղբյուրներ, դիմել են պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ խնդրելով ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի իրականացման հարցի շուրջ:
Իսկ RT-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտը 150 հազար դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար:
Դրամաշնորհը, ըստ գործակալության, կծախսվի այն նախագծերի իրականացման վրա, որոնք կնպաստեն Վաշինգտոնի և Երևանի միջև «փոխգործակցության զարգացմանը»: Պետդեպարտամենտում կարծում են, որ դրամաշնորհներ ստացողներին հնարավոր կլինի ներգրավել Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր արժեքների առաջխաղացման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքներում. խոսքը, ի թիվս այլ բաների, Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնման մասին է:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ, եթե փորձենք ավելի պարզ ձևակերպել, ապա Ռուսաստան-Արևմուտք առճակատումը, իր ածանցյալ բոլոր քայլերով ու գործողություններով, վերադառնալու է Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, երբ նյարդն ու պայքարը ՌԴ ազդեցության գոտիներում, ՌԴ գործընկերների հետ հարաբերություններում ավելի մեծ էր։
Ըստ նրա, Թրամփի դեպքում այդ բաղադրիչը չկար, քանի որ Թրամփի համար կային ներքին և գլոբալ մի քանի խնդիրներ, իսկ հիմա այս հարցում իրավիճակը փոխվում է, և ԱՄՆ-ը սկսում է ավելի ու ավելի հաճախ նկատվել իր ծրագրերով՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե հումանիտար։
«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվությամբ չի բավարարվելու, հատկապես, երբ այդ խումբն էական հարցեր չի կարողանում լուծել, ինչպես պատերազմից հետո դիվանագիտական գործընթացը վերականգնելու հարցը։ ԱՄՆ-ը ավելի սերտ է աշխատելու Թուրքիայի հետ, գուցեև՝ ճնշումների լեզվով, փորձելով լիովին վերահսկելի դարձնել թուրքական քաղաքականությունը, որով միանգամից մի քանի խնդիրների լուծման կարող է հասնել, որոնցից գլխավորը՝ ռուսական և մերձավորարևելյան ուղղությամբ։
Այս կոնտեքստում կտեղավորվի նաև Հարավային Կովկասը, որտեղ էական դերակատարություն ունի Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից, և Թուրքիան՝ որպես Ադրբեջանի գործընկեր։
Վերահսկելով Թուրքիային, որը կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի դեմ, ակտիվանալով ԵԱՀԿ Մինսկի խմբում, ինչպես նաև տարատեսակ ծրագրերով աջակցելով հակամարտության գոտում լուրջ խնդիրների լուծմանը՝ ԱՄՆ-ը դիտարկում է իր ազդեցության ամրապնդում կամ վերականգնում, քանի որ մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես կորցրել էր այդ տարածաշրջանը։ Իր ազդեցության ամրապնդմանը զուգահեռ, ըստ հաշվարկի, նախատեսվում է, որ կնվազի Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց Մալաշենկոն։
Նրա խոսքով, սա շատ պարզ մի բան է, և դժվար չէր հասկանալ ու կանխատեսել։
Նա նշեց, որ աջակցելով Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունների հաստատմանը, որը նախկինում տարբեր ծրագրերով իրականացվել և որևէ արդյունքի չի հանգեցրել, ԱՄՆ-ը ցանկանում է հիմք ստեղծել այդ հարաբերությունների համար՝ կրկին թուլացնելու համար Հայաստանի կապը Ռուսաստանի հետ։
«Այս ամենի հաջողության հարցում կարևոր են թե ռուս-թուրքական, թե հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում Իրանը և Իրանի հետ հարաբերությունները՝ մասնավորապես, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի համար այս ամենը նորություն չէ, ինչպես և ԱՄՆ-ի համար։ Բայդենը մեծ փորձ ունի թե եվրասիական տարածաշրջանում, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Ուստի, կարծում եմ, գործընթացները որքան էլ որ կանխատեսելի են թվում մեզ, այնքան էլ բարդ են լինելու»,- ասաց Մալաշենկոն։