«Երևի գումար չկա, կամ Կառավարության հերթական սուտն է». ինչո՞ւ արցախցիներին հյուրընկալած ընտանիքները Կառավարության խոստացած փոխհատուցումը չեն ստանում

Դեռևս դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասել էր, թե այդ օրվանից մեկնարկում է աջակցության երկու ծրագիր, ըստ որոնց՝ արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին յուրաքանչյուր չափահաս անձի համար Հայաստանում կտրամադրվի 30.000 դրամ, Արցախում՝ 45.000 դրամ: Որոշումը կա, իրագործումը կաղում է:

Սեպտեմբերի 28-ից՝ Արցախյան վերջին պատերազմի 2-րդ օրվանից, իր բնակարանում և ամառանոցում արցախցիների հյուրընկալած Անդրանիկ Շահբազյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս ծրագրին դիմել են հունվարի սկզբին՝ իրենց տանը հյուրընկալված արցախցիների հորդորով, սակայն մինչև այժմ՝ մոտ երկու ամիս անց, փոխհատուցումը չեն ստացել:

«Դեկտեմբերի փոխհատուցման համար դիմումը գրել ենք, լրացրել ենք հունվարի 10-13-ն ընկած ժամանակահատվածում, որ սկսել են աշխատել, բայց մինչև հիմա չեն տվել: Հունվար-փետրվարի համար դիմում չենք էլ լրացրել, քանի որ հունվարի 15-ից մեր հյուրընկալած բոլոր արցախցիները գնացել են Արցախ, մենակ դեկտեմբերին ենք լրացրել, մինչև հիմա սպասում ենք: Մեր ամառանոցում չափահաս մարդիկ 15-20 հոգի էին, հետո կեսը գնացին Բջնի ուրիշ տեղ, մյուս կեսը մնաց մեզ մոտ, 3 չափահաս մնաց, բայց իրենք էլ երկար չմնացին, դեկտեմբերի 15-ին ճանապարհ ենք դրել Արցախ: Մյուս ընտանիքը, որ Մասիվում մեր տանն էին մնում, մոտ 10 հոգի էին, 3-ինն են հաստատել: Մնացածը փաստաթղթերը քսերոքս էին արել, թողել էին, ասացին՝ այդպես չի կարելի, քսերոքսով չի լինում, տենց 3-ինը հաստատել են, ընդունվել է, հաղորդագրությունը եկել է, բայց նույնիսկ այդ 3-ինը չեն փոխանցել: Իրենք էլ հունվարի 15-ին են գնացել Արցախ, ես անձամբ եմ տարել:  Սեպտեմբերի 28-ից էին եկել, կեսը Մարտակերտից էին, կեսը՝ Ճարտարից»,- ասաց Շահբազյանը:

168.am-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են ուշանում փոխհատուցումները: Նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ընթացիկ վճարումները փուլ առ փուլ լինում են, այսինքն՝ եթե ներառվել են այդ ամսվա ցուցակի մեջ, փուլ առ փուլ գումարները փոխանցվում են: Փոխանցումների վիճակագրությունը Մեսրոպ Առաքելյանի 100 օրվա հաշվետվության մեջ ներառել ենք, ոչ մեծ տոկոս, բայց փոխանցումներն ընթացիկ արվում են: Այս ընթացքում ընդհանրապես չենք ունեցել մի շրջան, որ գումարի փոխանցումը դադարեցված լինի»:

Անդրանիկ Շահբազյանը ևս դիմել է պատկան մարմիններին, ստացել է գրեթե նույն պատասխանը: Մեր հարցին, թե արդյոք խնդիրը համատարա՞ծ է, քաղաքացին պատասխանեց.

«Որ կողքից նայում եմ՝ ոնց որ բոլորի մոտ է էդ խնդիրը: Որ զանգում ենք, անձամբ իրենք էլ ասում են՝ դիմումները շատ են, խնդիրը բոլորի մոտ է, կփոխանցենք, կփոխանցենք: Երևի գումար չկա, կամ Կառավարության հերթական սուտն է»:

Անդրանիկ Շահբազյանը գործող իշխանության հետ հույսեր չի կապում, միայն թե չի ուզում, որ աջակցության մասին աղմուկը լինի, արդյունքը՝ ոչ:

«Ես հույս չունեմ, որ ստանալու եմ, որովհետև էս ղեկավարության հետ հույս չեմ կապում, բայց հենց արցախցիներն են ինձ միշտ զանգահարում, ասում են՝ «դուք ամեն ինչ արեցիք, մեր փոխարեն կոմունալները վճարեցիք, ոչ մի բան չթողեցիք մենք անենք, գոնե պետության կողմից մի օգուտ հասնի ձեզ»: Իրենք իրենցով չեն կարողանում, ասում են՝ գոնե պետությունը որպես շնորհակալություն փոխհատուցի: Ամեն անգամ զանգում են:

Մենք չէինք էլ ուզում դիմումը լրացնեինք, ես գիտեի՝ ինչ էր կատարվելու, բայց որ ստիպեցին, ասեցի՝ լավ, կնոջս խնդրեցի, որ լրացնի: Եթե չեք տալու, պետք չէ գովազդել, թե՝ տալիս ենք, սենց, նենց, ես դրանից եմ ջղայնացած, ինձ էդ է ջղայնացնում, թե չէ իրենց տված փողն իրենց թող մնա, մեզ պետք էլ չի: Ես սրտանց արել եմ, երբեք ակնկալիք չեմ էլ ունեցել պետությունից, ինձ համար եմ արել, իմ խղճի համար եմ արել:

Իրենց տված փողը թող իրենց պահեն, ինձ համար ուղղակի սկզբունքային է, որ եթե չեն տալիս, խնդրում եմ, թող չասեն, որ տալիս են: Մարդիկ էլ գիտեն, թե… Ուրիշ հանգամանք էլ կա՝ մեր հարկերից է գոյանում էդ փողը, հիմա դուրս չգրեն, իրենք իրենցով ցույց տան, որ տվել են, բայց տված չլինեն: Իրենցից, ճիշտն ասած, ոչ մի բան էլ չեմ սպասում»,- ասաց Շահբազյանը:

Տեսանյութեր

Լրահոս